Մատչելիության հղումներ

Կաշառառու պաշտոնյաները դատապարտվեցին ազատազրկման


Բնապահպանական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը դատարանի դահլիճում: 5-ը օգոստոսի, 2010 թ.
Բնապահպանական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը դատարանի դահլիճում: 5-ը օգոստոսի, 2010 թ.

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ուրբաթ օրը հրապարակվեց Հայաստանի բնապահպանության նախարարության նախկին աշխատակիցներ Տիգրան Գրիգորյանի եւ Արսեն Պետրոսյանի դատավճիռը:

Կաշառառության մեջ մեղադրվող Բնապահպանության տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը դատապարտվեց 7, իսկ նրա նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանը` 10 տարվա ազատազրկման:

Դատարանի վճռով կբռնագրավվի Արսեն Պետրոսյանի գույքի 1/2-ը եւ Տիգրան Գրիգորյանի գույքի 1/4-ը:

Դատարանը ապացուցված համարեց, որ Գրիգորյանը իր տեղակալի փոխանցմամբ ստացել է 5 միլիոն դրամ կաշառքի մեծ մասը` 3 միլիոն 790 հազար դրամը: Մնացած գումարը հայտնաբերվել էր Արսեն Պետրոսյանի մոտ:

Կաշառքը տվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունը` բնապահպանական վճարները նվազեցնելու համար:

Երեկվա նիստում Արսեն Պետրոսյանը ասել էր, որ Ախթալայի կոմբինատը 202 միլիոն դրամի փոխարեն պետք է վճարեր 10 միլիոն համապատասխան տեղեկանքով, որը ստորագրել է Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ուրեմն նա է պատասխանատուն: Իսկ որոշումը կայացվել է նախարարի մոտ խորհրդակցության ժամանակ:

Քրեական գործին կցված է կաշառքը վերցնելու տեսագրությունը: Ախթալային կոմբինատի խորհրդի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը, ըստ գործի նյութերի, իր օգնականին հանձնարարել էր ներկայանալ ոստիկանություն եւ հայտնել, որ Բնապահպանական տեսչությունը կաշառք է պահանջում: Ոստիկանությունը անձնագրել է կաշառք վերցնելու փաստը` քիմիական մշակման ենթարկված թղթադրամներով (դրանց վրա կա «կաշառք» գրառումը):

Դատարանի նախորդ օրվա նիստում Տիգրան Գրիգորյանը եւ Արսեն Պետրոսյանը հայտարարել էին, որ չեն ընդունում մեղադրանքը:

Արսեն Պետրոսյանի շահերը պաշտպանող փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:

«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս դատավճիռը վկայո՞ւմ է արդյոք, որ Հայաստանում պայքար կա կոռուպցիայի դեմ, արձագանքեց, թե կոռուպցիան «մի օղակով չի սահմանափակվում». - «Բոլորը գիտեն, որ երբ ցածր որեւէ օղակի տալիս են կաշառք, այդ օղակի աշխատակիցները մուծում են ավելի բարձր օղակներին եւ այդպես շղթայաձեւ հասնում է մինչեւ ամենաբարձր իշխանական կառույցները: Ցավոք, մենք չենք տեսնում, որ պատժվեն ավելի բարձր` իշխանական դիրքեր գրավող պաշտոնյաներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG