Մատչելիության հղումներ

Կաշառառության մեջ մեղադրվող պաշտոնյաները իրենց մեղավոր չեն ճանաչում


Բնապահպանական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը դատարանի դահլիճում: 5-ը օգոստոսի, 2010թ.
Բնապահպանական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը դատարանի դահլիճում: 5-ը օգոստոսի, 2010թ.

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանը, ովքեր մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ, չեն ընդունում ներկայացված մեղադրանքը:

Հինգշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Գրիգորյանը հայտարարեց. - «Ես կաշառք ոչ մեկից չեմ պահանջել եւ չեմ ստացել: Ես խորապես զղջում եմ միայն եւ ինձ մեղավոր եմ ճանաչում միայն նրա համար, որ ես այդ գումարը պարտքով վերցրել եմ` չճշտելով դրա ծագման աղբյուրը»:

Ըստ մեղադրական եզրակացության, 2009 թվականի դեկտեմբերին Արսեն Պետրոսյանը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում Արսեն Պետրոսյանի մոտ հայտնաբերել էին վերցված գումարից 1 միլիոն 210 հազար դրամը, իսկ մնացած 3 միլիոն 790 հազար դրամը Պետրոսյանը փոխանցել էր Տիգրան Գրիգորյանին:

Գրիգորյանի կինը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ գումարը ամուսնուն անհրաժեշտ է եղել հիվանդ երեխային ստուգման տանելու համար:

Մեկ այլ դրվագով, ըստ մեղադրականի, Արսեն Պետրոսյանը «Դելտա Ֆրագմենտ» ընկերությունում ստուգումներ կատարելիս տնօրեն Վարդան Ասլանյանից ստացել է 400 հազար դրամ կաշառք` գանձման ենթակա գումարի չափը պակասեցնելու պայմանով:

«Ճանապարհածախսի, ընդմիջումների փոխհատուցման առաջարկի խայծով նպատակ են ունեցել սանձել իմ պրոֆեսիոնալ գործունեությունը», - դատարանում պարզաբանեց ամբաստանյալը` շարունակելով. - : «Ես խորապես զղջում եւ ընդունում եմ իմ սխալը, որ չմերժեցի այդ չարաբաստիկ առաջարկը` չկասկածելով, փոքր գումար ակնկալելով, որ ընդամենը կկոմպենսացներ իմ կողմից կատարված ծախսերը, հայտնվեցինք այդ նույն որոգայթում»:

Հայտարարելով, որ մեղադրանքը չի ընդունում` Արսեն Պետրոսյանը ավելացրեց. - «Եթե ցմահ էլ հասնի, ես պատրաստ եմ` միայն իմ կատարած մեղքի համար դատեք»:

Իսկ մյուս ամբաստանյալը` բնապահպանական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը ասաց. - «Հարգելի դատարան, էլ պաշտպանվելու մեթոդ չգիտեմ: Ես չեմ կարողանում մինչեւ վերջ ապացուցել, որ այդ կաշառքը չեմ վերցրել… Հո ստոյկա չեմ տա, որ ապացուցեմ, որ ես կաշառք չեմ վերցրել»:

Մեղադրող կողմը պահանջում է Պետրոսյանին եւ Գրիգորյանին դատապարտել համապատասխանաբար 10 եւ 8 տարվա ազատազրկման: Դատավճիռը կհրապարակվի վաղը:

Մեղադրվում են կաշառք ստանալու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG