Մատչելիության հղումներ

Ադրբեջանը համաձայն է հինգ տարվա ընթացքում հետ ստանալ Քելբաջարի ու Լաչինի շրջանները


Էլմար Մամեդյարով
Էլմար Մամեդյարով
«Ադրբեջանը համաձայն է Հայաստանի կողմից գրավված Քելբաջարի ու Լաչինի շրջանները հինգ տարում վերադարձնելու մասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը կայացած ասուլիսում։

Ալմաթիի հանդիպման նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ, ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությունն է հայտնում, Մամեդյարովը հրապարակել է նաեւ բանակցային գործընթացի պատմության մի շարք կարեւոր դրվագներ, որոնք վերաբերում են այս երկու տարածքների վերադարձի ժամանակացույցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալված վիճաբանությանը։ «Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ առաջարկում էր Քելբաջարը եւ Լաչինը Բաքվի վերահսկողությանը հանձնել միայն տաս տարի հետո, իսկ ահա Ադրբեջանը պնդում էր, որ դրանք պետք է վերադարձվեն մեկ տարվա ընթացքում», - հիշում է Էլմար Մամեդյարովը։

«Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, բանակցային գործընթացի սկզբնական փուլում, Երեւանը կրճատեց այդ ժամկետները մինչեւ յոթ տարի, իսկ Ադրբեջանը հանդես եկավ առաջարկով` երեք տարվա ընթացքում հայկական զորքերը Քելբաջարի ու Լաչինի շրջաններից հանելու մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Մամեդյարովը Ղարաբաղյան հերթական բանակցությունների նախօրեին պնդում է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են այս երկու տարածքները վերադարձնելու հնգամյա ժամկետներ, ինչին իր համաձայնությունն է տվել Ադրբեջանը։ Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել հակամարտության լուծման համար, որոնց թվում եղել է նաեւ Քելբաջարի ու Լաչինի շրջանների վերադարձի հարցը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը հերքել է այն լուրը, որ Ալմաթիում քննարկվելու է Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձի հարցը, նշելով, որ նախարարները առաջիկա հանդիպմանը քննարկելու են միայն Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում։

«Եթե այդպիսի հանդիպում կայանա, առաջին հերթին պետք է պարզել, թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ Պետերբուրգում», - հայտարարել է Նալբանդյանը` հավելելով. - «Կարծում եմ, դա է հիմնական խնդիրը Ալմաթիի հնարավոր հանդիպման: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը արդեն պատասխան տվել էր»:

Ադրբեջանի արտգործնախարարը անցած շաբաթավերջին էր հայտարարել, թե Ալմաթիի հնարավոր հանդիպմանը քննարկվելիք գլխավոր հարցը լինելու է զորքերի դուրսբերումը Լաչինից եւ Քելբաջարից: Ի պատասխան` Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասել էր. - «Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամության չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից»:

Հինգշաբթի օրը կայացած ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին` պարզաբանելով, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովում դեռեւս որոշում էր կայացվել, համաձայն որի` խաղաղապահ ուժերը չպետք է լինեն Մինսկի խումբը համանախագահող երկրներից կամ տարածաշրջանի պետություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG