Մատչելիության հղումներ

Հուլիսի 13-ի մամուլ


Երեւանյան թերթերն այսօր անդրադարձել են «Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարին:

«Հայկական ժամանակ-ի խմբագիրը գրում է. - «Երկու տարի առաջ «Ժառանգություն»-ը իր ընդդիմադիր ասելիքի հիսուն տոկոսը նվիրում էր Սերժ Սարգսյանին, հիսուն տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին: Հիմա արդեն «Ժառանգություն»-ը 33 տոկոսով ընդդիմադիր է Ռոբերտ Քոչարյանին, 33 տոկոսով` Սերժ Սարգսյանին եւ եւս 33 տոկոսով` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հենց այս քաղաքական ուղեգիծը բարձրաձայնեց Րաֆֆի Հովհաննիսյանը իր կուսակցության` շաբաթ օրը կայացած համագումարում: Սա արդեն մաքուր գրպանային ընդդիմության գործելակերպ է, գործելակերպ, որի նպատակն ընդդիմադիր ասելիքը հնարավորինս լղոզելն է, գրպանային ընդդիմությանը վճարողների պատասխանատվությունը հնարավորինս պակասեցնելը: Այս գործելակերպն ամենեւին էլ նորություն չէ «Ժառանգության» համար, նա դրանից զերծ մնաց ընդամենը մի կարճ շրջան: Նույնիսկ անհավատալի էր, որ այս կուսակցությունը 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գնահատում է. - ««Ժառանգության» համագումարը բացահայտեց մեր քաղաքական դաշտի «հին հիվանդությունը»` կատարյալ անլրջությունը եւ պետական մտածողության իսպառ բացակայությունը: Քաղաքականությունը, ի վերջո, լուրջ գործ է, եւ չի կարելի դրանով զբաղվել սփյուռքահայ գաղթօջախի «կիրակնօրյա վարժարանի» ավարտական հանդեսի մակարդակով: Կարելի էր, չէ՞, մի քիչ էլ հարգանք դրսեւորել ՀՀ քաղաքացիների նկատմամբ ու ճոռոմաբանություններով հիմարի տեղ չդնել 3 միլիոն մարդու»: Հոդվածագիրը եզրակացնում է. - «Վերջին երկու տարիներին այդ կուսակցությունը բավականին ակտիվորեն աշխատում էր ե'ւ խորհրդարանում, ե'ւ միջազգային կառույցներում, լավից-վատից պայքարում էր հանուն ժողովրդավարական ազատությունների եւ այլն: Իսկ հիմա ակնհայտ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է կուսակցությունը դարձնել ընդամենը դեկորատիվ կառույց եւ «ազգային գետնի վրա» խուսանավել քաղաքական դաշտում: Ինչ արած, դա նույնպես ընտրություն է»:

Թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը` գրելով. - «Կամերային թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումներից մեկը կոչվում է «Ի զեն», որն այսօր էլ շարունակում է հետաքրքրել հանդիսատեսին: Սակայն, կարծում ենք, թատերախաղի հաջողությունն անհամեմատ մեծ կլիներ, եթե պիեսի ու բեմադրության հեղինակը` Արա Երնջակյանը, մտացածին կերպարների, կեղծ իրավիճակների ու այլաբանությունների փոխարեն բեմում ներկայացներ կյանքը` իրական հերոսներով: Խոսքը, բնականաբար, քաղաքական կյանքի մասին է, քանի որ դրանից բացի, մենք ուրիշ կյանք չունենք: Իսկ դրան հասնելու համար հեղինակից շատ բան չի պահանջվում. ընդամենը պետք էր, որ պիեսը գրելուց ու բեմադրությունը ստեղծելուց առաջ մեկ-երկու անգամ ներկա գտնվեր կուսակցական համագումարներին: Ավաղ։ Կամերայինի ղեկավարը շտապեց, քանզի եթե մի քիչ էլ համբերեր ու մասնակցեր շաբաթ օրը տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարին, որի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն ավարտեց «Ի զեն» կոչով, Երնջակյանին, անկասկած, կհաջողվեր անշլագային ներկայացում ստեղծել»:

«Առավոտ» թերթի լրագրողը հետեւյալ հարցն է ուղղում «Օրինակ երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին. «Մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ ՕԵԿ-ի վերջին համալրումները պայմանավորված են հանրապետության նախագահից եկող հրահանգով: Արդյո՞ք այդ հրահանգի արդյունքում ՕԵԿ-ական դարձան, օրինակ, Արայիկ Հայրապետյանը եւ Էդուարդ Մադաթյանը»: Բիշարյանը պատասխանում է. - «Որեւէ կուսակցության անդամագրվելը սկզբունքներով եւ համոզմունքներով պայմանավորված քայլ է: Կյանքում կայացած ու շատ բաների հասած մարդկանց դժվար է ստիպել կամ հրահանգել ընդունել նման լուրջ ու կարեւոր որոշում: «Օրինաց երկիր»-ը այդպիսի խնդիր չի էլ դրել իր առաջ: Արայիկ Հայրապետյանը, Էդուարդ Մադաթյանը, ինչպես նաեւ հազարավոր այլ մարդիկ անդամագրվում են «Օրինաց երկրին», քանի որ ընդունում են մեր կուսակցության մոտեցումները, մեր սկզբունքները, մեր անցած ճանապարհը եւ այն արժեքները, որոնց դավանում է կուսակցությունը: Բացի այդ, հայտնի է, որ քաղաքականությունը խոհեմ որոշում ընդունելու արվեստ է»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ղարաբաղում շարժում է սկսվել: Ոչ, այն ուղղված չէ իշխանությունների դեմ, ոչ էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում է: Այն մաքուր սոցիալական է` ընդդեմ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի, որը բարձրացրել է սակագները: Վիճակն այնքան է սրվել, որ Բակո Սահակյանը հանդիպել է Ռալֆ Յիրիկյանի հետ»:

«Ազգ»-ում կարդում ենք. - «Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է շուրջ 1300 ամուսնալուծություն: Հոգեբան Նանա Մկրտումյանն այս թիվը գնահատում է մտահոգիչ: Հայաստանի նման փոքր պետության համար 1300 ամուսնալուծությունը լուրջ ցուցանիշ է, սակայն եթե չլինեին հայկական մենթալիտետին հարիր մի շարք գաղափարներ, ամուսնալուծությունների թիվն ավելի մեծ կլիներ: Նա համոզված է, որ զույգերը չեն կարողանում միմյանց հետ ապրել, սակայն շարունակում են ընտանեկան կյանք վարել հանուն երեխաների: «Սակայն դա չի նշանակում, որ դրանից երեխաները երջանկանում են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG