Մատչելիության հղումներ

Հայաստան - Եվրամիություն բանակցությունները կարող են սկսվել տարեվերջին


Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ կարող են սկսվել ընթացիկ տարվա վերջում: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը հուլիսի 19-ին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին, ինչպես նաեւ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ:

Ջոն Կյաերը Հայաստան է ժամանել` մասնակցելու արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան - Եվրամիություն համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստին, որի արդյունքները նա հանդիպման ժամանակ դրական է գնահատել:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրամիության դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG