Մատչելիության հղումներ

Հուլիսի 6-ի մամուլ


Իբրեւ ելակետ ընդունելով այն արձանագրումը, թե Սահմանադրության ընդունման բոլոր հանրաքվեները Հայաստանում կեղծվել են` «Առավոտ»-ի խմբագիրը հարցադրում է անում. - «Արդյոք այդ ամենից բխո՞ւմ է, որ Սահմանադրությունը Հայաստանում չպետք է գործի, եւ նրա դրույթները չպիտի հարգվեն: Ինձ թվում է` ոչ, չի բխում: Որովհետեւ եթե չհարգես հիմնական ու մյուս օրենքները, ապա չես կարող խոսել իրավունքից եւ արդարությունից: Բայց եթե բոլորը կարծես թե համաձայն են, որ կեղծված Սահմանադրությունը պետք է, այնուամենայնիվ, հարգել, որովհետեւ դա կարեւոր պետական ինստիտուտ է, ապա շատ նուրբ հարց է առաջանում. իսկ չընտրված նախագահներին ու պատգամավորներին պե՞տք է արդյոք հարգել որպես ինստիտուտ, թե՞ ոչ»: Խմբագիրը եզրակացնում է. - «Գիտեմ, որ ընթերցողների մեծ մասն ինձ հետ համաձայն չի լինելու, բայց ես կարծում եմ, որ ինչպես եւ Սահմանադրության դեպքում, բոլոր նախագահներին պետք է հարգել որպես ինստիտուտ, որպես մեր պետության կարեւոր բաղադրիչներից մեկը: Կարելի է, իհարկե, բացարձակապես չընդունել նրանց քաղաքականությունը, կարելի է նաեւ արձանագրել, որ նրանք չեն ընտրվել, բայց անհարգալից վերաբերմունքը նշանակում է, որ դու չես հարգում ինքդ քեզ` որպես քաղաքացի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր: Ավելի ճիշտ` չի էլ նշվում: Պարզապես այդ օրը լինում է ոչ աշխատանքային, մարդիկ էլ, որպես կանոն, իրարից հետաքրքրվում են, թե ի՞նչն է պատճառը, ու տեղեկանալով, որ Սահմանադրության օրն է, ծպպացնում են, մի երկու քաղցր խոսք ասում հայտնի չէ, թե ում հասցեին, ու դրանով էլ «օրվա խորհուրդը» ավարտվում է: Իսկ ինչո՞ւ է այդպես: Առաջին եւ հիմնական պատճառը, իհարկե, այն է, որ Հայաստանում Սահմանադրությունը բացարձակապես չի հարգվում: Սահմանադրական նորմերը Հայաստանում խախտվում են ամեն օր, ընդ որում` խախտվում են խիստ կանոնակարգված ձեւով, հետեւողականորեն եւ հստակ նպատակով: Այսինքն, այնպես չէ, որ Հայաստանում օրենքները չեն գործում: Լավ էլ գործում են, բայց այդ օրենքները ոչ մի կապ չունեն Սահմանադրության հետ: Մեծ հաշվով, Սահմանադրությունը դեկորատիվ ինստիտուտ է, որի գոյության հիմնական իմաստն այն է, որ իշխանությունները պարբերաբար իրենց այս կամ այն քայլը «հիմնավորեն» դրանով, ձեւացնեն, թե հենց դրանով են առաջնորդվում»:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը` «Հայոց Աշխարհ»-ը նկատում է. - «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկասի երեք երկրներ կատարած կարճատեւ, բայց հագեցած այցի հետնախորքում ընկած էր բավականաչափ լավ մտածված մի քաղաքական ծրագիր, որը սկիզբ է դնում տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականության նոր ակտիվացմանը։ Ակնհայտ է, որ այս ծրագիրը իրականում գտնվում է ոչ թե Հարավային Կովկասի, այլ նրան շրջապատող երեք տերությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների տիրույթում։ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, ուր գոյություն ունեցող խնդիրների լուծումը ուղղակի ազդեցություն կունենա ԱՄՆ-ի թուրքական, ռուսական ու իրանական քաղաքականության վրա։ Եվ ուշագրավ է, որ այս բոլոր 3 ուղղությունների վրա էլ Միացյալ Նահանգները որպես իր ակտիվացման միջոց է դիտում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»։

Հիլարի Քլինթոնի այցին է անդրադառնում նաեւ «Հրապարակ»-ի խմբագրականը. - «Քլինթոնը Ուկրաինայում հանդիպել էր Յուլիա Տիմոշենկոյի հետ, Վրաստանում ցանկություն էր հայտնել հանդիպել Նինո Բուրջանաձեի հետ, իսկ Երեւանում չհանդիպեց ո'չ Կոնգրեսի, ո'չ «Ժառանգության», ո'չ էլ անգամ Դաշնակցության ներկայացուցիչներին: Գուցե խնդիրն այն է, որ մեր ընդդիմության մեջ կին լիդերներ չկա՞ն: Իսկ գուցե բանն այն է, որ մեր ընդդիմությունն է խեղճ ու թույլ, եւ ամերիկյան գործիչները նրան նույնացնում են իշխանության հետ: Իսկ գուցե Հայաստանում տիրող քաղաքական դասավորությունը ձեռնտո՞ւ է ամերիկյան իշխանություններին: Հնարավոր է, որ ընդհանրապես Հայաստանը նրանց հետաքրքրում է այնքանով, որքանով մեզանում կան չլուծված խնդիրներ, ուստի եւ լարվածության օջախ, որը ինչ-որ պահի կարող է սպառնալ ամերիկյան բարեկեցությանն ու անվրդով կյանքին: Դժվար է ասել: Նույնքան դժվար է ասել, թե ինչ տվեց Հիլարի Քլինթոնի երկօրյա այցը Հայաստան: Թերեւս միայն ազգային սնապարծության զգացումները շոյվեցին. չէ որ անձամբ ԱՄՆ-ի պետքարտուղար է ժամանել` էքս նախագահ Բիլ Քլինթոնի կինը»:

«Հայկական ժամանակ» թերթին հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով նորանշանակ համազեկուցող Գորան Լինդբլադը: Լրագրողը հարցնում է. - «ԵԽԽՎ-ի 3 բանաձեւերում արծարծվում է քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող անձանց հարցը: Մտադի՞ր եք արդյոք հետամուտ լինել այս հարցին եւ արդյո՞ք համարում եք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»: Լինդբլադը պատասխանում է. - «Որպես զեկուցող, մենք մշտական պարտավորություն ունենք` հետամուտ լինել բանաձեւերի եւ հանձնարարականների կատարմանը: Անձամբ ես, մինչեւ հակառակն ինձ չապացուցվի, համարում եմ, որ այդ մարդիկ քաղաքական բանտարկյալներ են»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG