Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը


Հայաստանի պետական դրոշը
Հայաստանի պետական դրոշը

Հայաստանը հուլիսի 5-ին նշում է Սահմանադրության օրը:

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ե'վ Սահմանադրության ընդունման, ե'ւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեները ցույց տվեցին մեր ժողովրդի հստակ դիրքորոշումը, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում կառուցել եւ ինչ արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվել: Մեր ընտրությունը խորապես գիտակցված էր. սահմանադրական հիմնարար արժեքները ոչ միայն հարիր են մեր ազգային նկարագրին, մեր ավանդույթներին, այլեւ համամարդկային են ու արդիական»:

«Անցած մեկուկես տասնամյակի ընթացքում Սահմանադրության մեջ ամրագրված բոլոր նպատակներն ու իդեալները չեն, ցավոք, որ մենք կարողացել ենք ամբողջովին կյանքի կոչել. հատկապես լիարժեք սոցիալական եւ իրավական պետություն դառնալու ճանապարհին մեզ լուրջ անելիքներ են սպասվում: Բայց ակնհայտ է ամենակարեւորը` Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքը, իրավունքի մեր ազգային համակարգի հիմքը, գործում է: Եվ գործում է արդյունավետորեն», - նշում է նախագահը իր ուղերձում:

«Սահմանադրությունը հասարակական համերաշխության մեր բանաձեւն է։ Այսօր եւ մեկընդմիշտ մեր խնդիրն է` անշեղորեն հետեւել Սահմանադրության տառին եւ ոգուն, օրենքի գերակայությունը դարձնել կենսակերպ: Այդ ճանապարհով միայն մենք կհասնենք այն նպատակներին, որոնք տասնհինգ տարի առաջ ընտրել ենք մեր եւ մեր զավակների համար», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Հայաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի հանրաքվեով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG