Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»


Հուլիսի 3-ին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպումներ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ «քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը»:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Սանկտ-Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:

Օրակարգում էր նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Հարկ է նշել, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանն այսօր չէր մասնակցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, իսկ ուրբաթ օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ բանակցություններին եւ նույն երեկոյան արդեն Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը ներկա չէր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG