Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պատգամավորը հավանական չի համարում պատերազմի վերսկսումը


ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում: 2-ը հուլիսի, 2010թ.
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում: 2-ը հուլիսի, 2010թ.

«Չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտության գոտում կվերսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Թերևս, կլինեն սադրանքներ, այդ թվում` վտանգավոր եւ մարդկային զոհերի հանգեցնող, ինչպիսին եղավ բոլորովին վերջերս, սակայն, իմ կարծիքով, Ալիեւը չի հանդգնի վտանգել ինչպես սեփական, այնպես էլ Ադրբեջանի ճակատագիրն ու պատերազմ սկսել», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր Երեւանում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊ գործերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Մյուս կողմից, այստեղ լուրջ խնդիր կա. Ամեն անգամ հնչեցնելով հերթական ռազմաշունչ հայտարարությունը, Ադրբեջանն ինքն իրեն ավելի ու ավելի է մղում փակուղի: Ադրբեջանի իշխանությունների նման վարքագծի պատճառներից մեկը թերեւս առավել ռազմատենչ շրջանակներին, այսպես ասած` տաք գլուխներին հանգստացնելու եւ իրավիճակը սեփական վերահսկողության տակ պահելու մղումն է: Սակայն դա ավելի է սրում իրավիճակը եւ Բաքվին դնում անելանելի վիճակի մեջ», - մեկնաբանելով վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների դրսեւորած քարոզչական պահվածքը` հավելեց ռուսաստանցի պատգամավորը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հաջորդ հարցին` ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Բաքու եւ Երեւան կատարելիք այցին, Կոնստանտին Զատուլինը նախ ներկայացրեց` իր պատկերացմամբ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական այն օրակարգը, որը ձեւավորվել է հայ-թուրքական մերձեցման գործընթացի ձախողումից հետո: Նրա խոսքերով, այդ գործընթացը շատ հարմարավետ էր «հայերի ցեղասպանությունը ճանաչելու խոստում տված եւ այդ խոստումը չկատարող Օբամայի համար»:

«Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանի ջանքերով հայ-թուրքական գործընթացը ձախողվեց, Ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ում նորից արդիական դարձավ եւ այնտեղ, անշուշտ, դարձյալ ճանաչման բանաձեւն անցկացնելու փորձեր կարվեն», - ասաց Զատուլինը` հավելելով. - «Պարզ է, որ Հիլարի Քլինթոնը, ջանալով օգնել իր շեֆին, գալիս է, որ փորձի հանգստացնել Ադրբեջանին, որ վերջինս դադարեցնի հնչեցնել այդ թեման: Մյուս կողմից` տեսնել, թե հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցում ինչ-որ առաջընթաց ունենալ»:

Զատուլինը նաեւ հավելեց, թե վստահ է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարն իր տարածաշրջանային այցի ընթացքում ինչ-ինչ ժեստեր կանի, որոնք գուցեեւ կապված կլինեն Հայաստանին ու Ադրբեջանին ֆինանսական օգնություն հատկացնելու հետ:

Ըստ Զատուլինի, Քլինթոնը չի շրջանցի նաեւ Իրանի հարցը, ինչը չի կարող չքննարկել «հատկապես Ադրբեջանի, իսկ գուցեեւ Հայաստանի ղեկավարության հետ»:

Հարցին, թե ինչպես կվարվի Ռուսաստանը, եթե, այնուամնեայնիվ, լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվեն, ռուսաստանցի պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասին, որին անդամակցում է Հայաստանը». - «Հայաստանի հանրապետության տարածքում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության ռազմակայան, որում ծառայում են ռուսաստանցի զինծառայողներ: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել այդ կապակցությամբ, եթե հիշյալ պայմանագրում ամրագրված են հստակ պարտավորություններ»:

Մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վերջին համատեղ հայտարարությունը` Կոնստանտին Զատուլինը շատ էական համարեց մի հանգմանք: Ըստ նրա, անկախ այն բանից, որ որոշակի տարընթեցումներ կան, կապված անգլերեն եւ ռուսերեն տարբերակների հետ, շատ կարեւոր է, որ հիշյալ հայտարարության մեջ «հստակ տարբերակում կա բուն Ղարաբաղի եւ այն շրջապատող տարածքների կարգավիճակների միջեւ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG