Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Ղարաբաղյան կարգավորման սկզբունքները անփոփոխ են մնում»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները մնում են, ինչպես կան», - ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին` Բաքվում մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը:

«Այդ սկզբունքները լուրջ հիմք են ստեղծում լուրջ գործընթացի համար», - ադրբեջանական APA լրատվական գործակալության վկայությամբ` նշել է Սեմնեբին: - «Դա կարեւոր է նաեւ այն առումով, որ երկու երկրների հասարակայնությունը իմանա` ինչի մասին է խոսքը բանակցային գործընթացում: Շատ կարեւոր է, որ համանախագահող երկրները սատարում են այդ սկզբունքները ամենաբարձր մակարդակով»:

Պատասխանելով «գրավյալ տարածքներ ադրբեջանական համայնքի հետ այցելելու» ծրագրի գոյության վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցի հարցին` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ասել է. - «Այդ ծրագիրը չիրականացավ: Բայց ես հույս ունեմ, որ կգնամ այնտեղ: Ես չեմ խոսի այն մասին, թե ով է ինձ ուղեկցելու: Այժմ գլխավորը Լեռնային Ղարաբաղում ներկայումս ապրող բնակչության հետ շփում հաստատելն է»:

«Ղարաբաղը չպետք է մնա սպիտակ բիծ Եվրոպայի եւ տարածաշրջանի քարտեզի վրա: Պետք է շփվել բոլորի հետ, ով առնչություն ունի հակամարտությանը: Առանց նման շփման հակամարտության լուծում չի լինի», - ընդգծել է Փիթեր Սեմնեբին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG