Մատչելիության հղումներ

Հունիսի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ն առաջնորդողում գրում է. - «Հաագայի միջազգային դատարանի դատախազի գրասենյակից երեկ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Գրասենյակը ընդունել ու Հաղորդումների ռեգիստրում գրանցել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» դիմումը, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել էր Հաագայի միջազգային դատարան: Այս տեղեկությունը, ըստ էության, կարելի է անակնկալ համարել, որը ժամանակի ընթացքում կարող է զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական, եւ առավելապես ներիշխանական զարգացումների համատեքստում: Հաագայի միջազգային դատարանի որոշումը, ըստ էության, նպաստավոր է թե' ընդդիմության, թե' նաեւ իշխանության համար, քանի որ սա նաեւ Սերժ Սարգսյանին եւս մի քայլով կամ գոնե մի քայլով Ռոբերտ Քոչարյանի ստվերից ձերբազատվելու քայլ է, որը միեւնույն ժամանակ, կարծես թե, վկայում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի ակտիվ քաղաքական զարգացումներից հեռու պահելու մտադրությունը Արեւմուտքում անփոփոխ է»:

lragir.am-ը գրում է. - «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հանրային ընկալումների ձեւավորման գործում իշխանությունն ու ընդդիմությունը կամ ընդդիմությունները գործում են նույն տրամաբանության շրջանակում, առաջ բերելով կամ խուճապի, կամ արխայինության տրամադրություններ: Իշխանությունն ասում է` արխային եղեք, ամեն ինչ մեր ուզածով է, իսկ ընդդիմություններն էլ ասում են, թե մի քիչ էլ` եւ արդեն ամեն ինչ կվերջանա: Բնականաբար հարց է առաջանում, թե իսկ ինչ պիտի աներ ընդդիմությունը, որ «ազնիվ» լիներ հասարակության հանդեպ ավելի, քան իշխանությունը: Նախ, ընդդիմությունը պետք է հասարակական խնդիրների լուծումը չպայմանավորեր Ղարաբաղի կամ արտաքին որեւէ այլ հարցով: Բացի այդ, ընդդիմությունը կամ ընդդիմությունները պետք է ի վերջո հասարակությանը բացատրեին, որ «Ղարաբաղի հարց» ասվածը պետք է լինի հայոց պետականության կամ պետականությունների անքակտելի մասն առաջիկա առնվազն տասնամյակների ընթացքում, եւ այդ հարցը Հայաստանի եւ Ղարաբաղի պետությունները պետք է լուծեն իրենց տարածքում, իրենց պետական որակների բարելավման միջոցով: Պետք է թերեւս հասարակությանը բացատրել, որ Ղարաբաղի հարցը միջազգային քաղաքական օրակարգում մանրածախ կամ մեծածախ առեւտրի հարց չէ, երբ մեզանից պահանջելու են հանձնել հնարավորինս ցածր գնով, իսկ մենք էլ պիտի փորձենք հնարավորինս թանկ գնով հանձնել ինչ-որ բան»:

«Հայոց Աշխարհ»-ը մեկնաբանում է. - «Կանադական Հանթսվիլ քաղաքում արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հունիսի 26-ի համատեղ հայտարարությունը առնվազն մի քանի շաբաթվա խոսելանյութ տվեց փորձագետներին ու վերլուծաբաններին։ Նկատենք, որ ի տարբերություն Հայաստանի, ադրբեջանական կողմը որոշել է «պաուզա պահել» եւ չնայած հայտարարությունից արդեն 3-4 օր է անցել, բայց Բաքվից որեւէ պաշտոնական դիրքորոշման «ձեն-ձուն» չի լսվում, ինչը ինքնին արդեն խոսուն է։ Չի բացառվում, որ «կանադական հայտարարությանը» նույնն է սպասվում, ինչ «սանկտպետերբուրգյան առաջարկներին»։ Այսինքն՝ երբ միջնորդները կամ նրանցից մեկը, ինչպես Մեդվեդեւի դեպքում էր, փորձում է քիչ թե շատ որոշակիություն հաղորդել այս կամ այն սկզբունքին, դրան հաջորդում է Ալիեւի որեւէ նոր սադրանք՝ ուժի գործադրման սպառնալիքի կամ հենց գործադրման տեսքով»։

«Առավոտ»-ի խմբագիրը, հիշեցնելով մեր սովետական անցյալը, գրում է. - «Երբ մարդիկ գիտեն, թե ինչպես է մարդը ստանում ժողովրդական արտիստի, գեներալի կոչումը կամ պատգամավորի մանդատը, այս «ուսադիրը» կրողին դա գուցե օգուտներ բերում է, բայց հասարակության աչքում այդ կոչումները որեւէ գին չունեն, դրանք հիշյալ «պագոնավորին» մի գրամ հեղինակություն չեն ավելացնում: Տիտղոսների եւ կոչումների արժեզրկում տեղի էր ունենում տասնամյակներ շարունակ: Պարզապես «սովետի» ժամանակ կատարվող այլանդակությունների համար ես, օրինակ, ինձ բացարձակապես պատասխանատու չէի զգում: Իսկ այն, ինչ տեղի է ունենում անկախ Հայաստանում, այդ ամենը մեր մեջ է, եւ մենք, ի տարբերություն «սովետի», կարող ենք ազդել գործընթացների վրա դրական կամ բացասական ձեւով: Ինչպես ազատվել կեղծ թեկնածուներից, դոկտորներից, ժողովրդական արտիստներից եւ գեներալներից` քիչ թե շատ պարզ է` երբ կա մաքուր քաշած օղին, «խուշան արաղը» պարզապես չի խմվում: Կեղծ պատգամավորների դեպքում խնդիրն ավելի բարդ է. Ազգային ժողովը կոլեկտիվ քաղաքական մարմին է, այն իր ամբողջության մեջ կա'մ լեգիտիմ է, կա'մ ոչ»:

«Կապիտալ»-ի հետ հարցազրույցում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) ասում է. - «Որքան էլ մեր կառավարությունը գովաբանի այդ 8,8% աճը, ակնհայտ է, որ այն նույնիսկ այդ թվային տեսքով հիմնված է երկու գործոնների վրա, որոնք արտաքին են։ Առաջինը հանքահումքային արդյունաբերությունն է։ Երբ մենք արտահանում ենք հումք, եւ համաշխարհային շուկայում արձանագրվում է դրանց գների աճ, դա բերում է այս ոլորտի աճին, ինչը չի խոսում առողջ եւ արդյունավետ տնտեսության մասին։ Երկրորդ գործոնը, որը բերել է աճի, համաշխարհային տնտեսությունում աշխուժացումն է, ինչը որոշակիորեն նպաստել է տրանսֆերտների ավելացմանը եւ գնագոյացման համակարգում համակարգաստեղծ ապրանքների գների աճին, որն իր հերթին շղթայական ռեակցիայով բերել է այլ ապրանքատեսակների գների աճին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG