Մատչելիության հղումներ

Ավստրիայի արտգործնախարարը առաջին անգամ այցելում է Հայաստան


Երեւան է ժամանել Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերը, ու այսօր առավոտյան ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ հարաբերությունները եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով:

Միխայել Շպինդելեգերը հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ երկկողմ ձեւաչափով սա Ավստրիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, գործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներին ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին առնչվող հարցեր: Կողմերը ընդգծել են, որ մի շարք ձեւաչափերով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն:

Առեւտրատնտեսական հարաբերությունների քննարկման ենթատեքստում երկուստեք բարձր է գնահատվել Երեւանում հայ - ավստրիական գործարար համաժողովի անցկացումը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, անդրադարձել բանակցային գործընթացի վրա ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հունիսի լույս 19-ի միջադեպի հնարավոր հետեւանքներին: Երկուստեք նշվել է, որ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG