Մատչելիության հղումներ

Հունիսի 22-ի մամուլ


«Ազգ»-ը գրում է. - «Շփման գծում կրակոցները ու զոհերը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը, սառեցված որակվող հակամարտությունների պարագայում հաճախ են ապացուցում, որ նվաճվածի ու տուժածի հոգեբանության ակնհայտ դրսեւորումներ ունեցող երկրները, դրանց սուլթան-առաջնորդների նեղացած կեցվածքը կարող են «տաքացնել» հակամարտությունները: Եվ այդ պարագայում թքած, թե միջազգային իրավունք, հրադադար ու նման անվանումներ ունեցող ուրիշ թղթեր էլ են ստորագրվել այդ նույն առաջնորդների ձեռամբ: Եվ այսպիսի իրավիճակում միջազգային հանրություն կոչվածը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահական եռյակը եւ այս շարքը համալրող ուրիշ կառույցներ ու պետություններ առավելագույնը, որ ասում են կամ կասեն, այն է, թե մարդկային կյանքն ամենաթանկն է»:

«Հայոց Աշխարհ»-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախմանը` գրելով. - «Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ադրբեջանական կողմը ներկայացնող Իլհամ Ալիեւը, ըստ էության, գնդակահարեց նույն այդ գործընթացը եւ թքեց խաղաղարար միջնորդական առաքելության վրա։ Դժվար է այլ կերպ բնորոշել այն եղելությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում ունեցած հանդիպումից ընդամենը ժամեր անց ադրբեջանական բանակի հետախուզական խմբավորումը ներխուժեց ԼՂՀ տարածք, մարտական գործողություն սադրելով Արցախի հյուսիսային հատվածում գտնվող Չայլու գյուղի մերձակայքում։ Այն, որ տեղի ունեցածը շփման գծում արձանագրված սոսկ հերթական միջադեպ չէ, այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավելյալ հիմնավորման կարիք չունի։ Նույնքան ակնհայտ է եւ այն, որ Չայլուի միջադեպը նախապես ծրագրված, Ադրբեջանի ղեկավարության հետ մանրակրկիտ համաձայնեցված ու հստակ հրահանգով կատարված հանցագործություն է։ Այդ են վկայում իրողությունները»։

«Ժամանակ» թերթը գնահատում է. - «Մենք գործ ունենք ադրբեջանական, մեծ հաշվով, աննախադեպ մարտավարության հետ, հետեւաբար լավագույն պատասխանը պետք է լինի նույնպես աննախադեպ: Իսկ այդ իմաստով Հայաստանի համար աննախադեպ կլինի այն, որ պետական քաղաքականության ծանրության կենտրոնը տեղափոխվի բացառապես երկրի ներքին կյանք, երկրի անվտանգության ներքին մակարդակի բարձրացում օրինականության եւ իրավականության, մրցակցայնության բարձրացման շնորհիվ, որը անհրաժեշտ է կենսագործունեության բոլոր ոլորտներում առանց բացառության` մշակույթից մինչեւ զինվորականություն, տնտեսությունից մինչեւ քաղաքականություն, իրավականությունից մինչեւ բարոյականություն: Ու դրա համար այլեւս իշխանություն, ընդդիմություն, քաղաքական ստատուս քվո եւ կայունություն արտահայտությունները պետք է դադարեն իշխանության համար լինել ինքնանպատակ, լինել քարոզչական քայլ սեփական հասարակության դեմ»:

Նույն թեմային է անդրադառնում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը` հետեւյալ կերպ ամփոփելով հրապարակումը. - «Ադրբեջանական դիվերսիան միայն մի շոշափելի արդյունք արձանագրեց: Եթե նախկինում կարծիք կար, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, ապա այսօր Հայաստանի քաղաքական շրջանակներում միայն մի հարց է քննարկվում. պետք է միանգամից Բաքո՞ւն գրավել, թե՞ կարելի է բավարարվել միայն Գյանջայով ու Մինգիչաուրով: Ընդ որում, մեծամասնությունը կարծես թե կողմ է առաջին տարբերակին: Այնպես որ, ինչպես եւ կանխատեսել էինք, այս զարգացումները մեզ տանում են ուղիղ դեպի պատերազմ: Մնում է միայն հուսալ, որ գոնե այս անգամ կկարողանանք ոչ միայն հաղթել, այլեւ օգտվել այդ հաղթանակից: Թե չէ նախորդ անգամ հաղթեցինք, բայց «բան չհասկացանք»: Չնայած` հաղթանակի հետ կապ չունեցողները լավ էլ հասկացան: Գուցե այս անգամ ա՞յլ կերպ լինի»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ըստ ՀՀ քաղաքացիների մեծ մասի, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Freedom House-ի, Human Rights Watch-ի եւ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների` Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մասնավորապես` խոսքի ազատության վիճակը բավական վատ է: Հիշյալ քաղաքացիները եւ կառույցները չեն կարող չնկատել, օրինակ, որ երկուսուկես տարի առաջ Հայաստանում 10 հոգի է սպանվել, բայց մարդասպաններից ոչ մեկը չի պատժվել, որ մոտ 15 հոգի ազատազրկված են իրենց քաղաքական հայացքների համար, կամ` որ հայաստանյան եթերում անսքող գրաքննություն է գործում: Սակայն հայաստանյան իրողություններին միանգամայն այլ կերպ են նայում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ մեր երկրում ԵՄ պատվիրակությունը, որոնք վերոհիշյալ ոլորտներում անընդհատ արձանագրում են ինչ-որ «առաջընթացներ» ու «բարելավումներ»: Բացառված չէ, իհարկե, որ այդ հաստատությունների ղեկավարներ Սերգեյ Կապինոսի եւ Ռաուլ դե Լյուցենբերգերի կյանքը մեր երկրում իսկապես բարելավվում է, ինչի առիթով ես սրտանց ուրախանում եմ. ավարտելով իրենց առաքելությունը` նրանք Հայաստանը կլքեն լավ տպավորություններով եւ դեռ երկար կհիշեն մեր կոնյակի եւ բաստուրմայի մասին»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրաժարականի առիթով «Հրապարակ»-ը նկատում է. - «Նախարարների պաշտոնավարելու ժամկետը կախված է ամենաանհեթեթ հանգամանքներից, բայց ոչ նրանց աշխատանքի որակից: Ասենք, ինչո՞ւ հրաժարական տվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, որի աշխատանքից ժողովուրդն առանձնապես դժգոհ չէր: Սակայն իրենց աթոռին ամուր նստած են մնում Կրթության եւ գիտության նախարարը, որի աշխատանքից այդքան դժգոհ է հասարակությունը, եւ Մշակույթի նախարարը, որի աշխատանքում բազում թերություններ է հայտնաբերել Վերահսկիչ պալատը: Իրոք որ` անիմանալի են Տիրոջ գործերը: Եվ անքննելի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG