Մատչելիության հղումներ

Հունիսի 19-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում գործնականում ձախ ուժ չկա։ Բոլորը աջ են։ Ձախ լինելը դժվար բան է ոչ միայն ձախորդ չդառնալու տեսանկյունից, այլ որովհետեւ պարզապես դա տալիս է ավելի նվազ ճկունություն, քան աջ լինելը»։

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում գործնականում ձախ ուժ չկա։ Բոլորը աջ են։ Ձախ լինելը դժվար բան է ոչ միայն ձախորդ չդառնալու տեսանկյունից, այլ որովհետեւ պարզապես դա տալիս է ավելի նվազ ճկունություն, քան աջ լինելը։ Կարող է մի քիչ անհեթեթ թվա ասածս, բայց ինձ այդուհանդերձ թվում է, որ մի երկրում, որտեղ նյութական հարստությունն ու ուժային լծակները կենտրոնացած են իշխանության ձեռքին, գործնականում ձախ լինելը գրեթե անհնար է եւ հավասարազոր է չլինելուն, որովհետեւ այդպիսի երկրում ձախերը ստիպված են իրենց լինելը ցույց տալու համար պարբերաբար ըմբոստանալ առկա իրավիճակի դեմ, պարբերաբար կազմակերպել սոցիալական բողոքի ակցիաներ։ Մինչդեռ, դրա փոխարեն ձախերը կամ հայ-թուրքական գործընթացի դեմ են պայքար սկսում, կամ էլ գնում են ու դառնում Հանրային եւ զանազան այլ իշխանակից խորհուրդների անդամներ»։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը «Հայոց աշխարհ»-ի համար մեկնաբանել է Հայ ազգային կոնգրեսի ներքին զարգացումները. - «Դեռ մեկ շաբաթ առաջ էր մեզ հայտնի, որ իշխանափոխության տենչը փողոցից տեղափոխվել է արմատականների ճամբար ու հիմա էլ ՀՀՇ-ի ներսում են փոթորկահույզ իրադարձություններ ծավալվում: Քաղաքական առաջիկա զարգացումների համար ծայրահեղականների գործողությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի որ նրանք գրեթե լիովին սպառել են հասարակական վստահությունը ու քաղաքական ազդեցություն թողնելու ներուժը: Այս ներքին կռիվը ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնի, եթե չլիներ մտավախություն, որ դրա նպատակը դարձյալ քաղաքական անկայունություն հրահրելն է: ՀՀՇ-ի նախագահի ու փոխնախագահի հրաժարականները հաստատում են, որ կուսակցության ներսում կան թեւեր, որոնցից մեկը ճիշտ է համարում, որ ՀՀՇ-ն հրաժարվի ծայրահեղականությունից եւ առանձին, իր ընտրացանկով ու քաղաքակիրթ ձեւով մասնակցի հերթական խորհրդարանական ընտրություններին»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Փաստաբան Վահե Հովսեփյանը երեկ ՀՀ վարչական դատարանին ուղղված միջնորդությամբ առաջարկել է «գազի հայցից» իր, Հրանտ Բագրատյանի եւ Վահագն Խաչատրյանի մասով վարույթն առանձնացնել եւ քննել բանավոր ընթացակարգով։ Հայտնի է, որ ՀՀ վարչական դատարանը հրաժարվել է «գազի հայցը» բանավոր քննել՝ պատճառաբանելով, թե 7 հազար 230 հայցվորների պարագայում բանավոր ընթացակարգն ապահովելն անհնար է։ Հովսեփյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե իր միջնորդությունը մերժելով, Վարչական դատարանը կապացուցի, որ իրականում խուսափում է հրապարակային դատավարությունից եւ մտադիր է խնդիրը ծածկադմփոցով լուծել»։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը «168 ժամ»-ի համար մեկնաբանել է Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած «հակաղարաբաղյան» բանաձեւը։ Նա ասում է. - «Եվրախորհրդարանը վերջերս ընդունեց բանաձեւ եւ զեկույց՝ Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին։ Այդ զեկույցը հայտնի է որպես Կիրիլովի զեկույց։ Այս արձանագրությունը պարտավորեցնող չէ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի համար. Այն ավելի շուտ պետք է ընկալել որպես խորհուրդ՝ այս Եվրոպական ինստիտուտներին։ Իսկապես, Լեռնային Ղարաբաղի մասով այդ բանաձեւը Հայաստանում քննարկման առարկա դարձավ, սակայն ես այն չէի անվանի բացասական։ Այնուամենայնիվ, եվրախորհրդարանը անկախ մարմին է։ Այն ինֆորմացիա է հավաքում լսումների, հետազոտությունների, փաստաթղթերի միջոցով, ինչպես նաեւ լոբբիների կողմից։ Կարծում եմ շատ հայաստանցիների համար պարզ դարձավ, որ շատ կարեւոր է Բրյուսելում հայկական տեսակետը արդյունավետ ներկայացնել, ինչպես անում են մյուս շահագրգիռ կողմերը»։

«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Երեւանում երեկ բացվեց հայ-իրանական մեկշաբաթյա գործարար համաժողով, որին մասնակցում են ռեկորդային թվով իրանցի գործարարներ` շուրջ 100 հոգի, որոնք ներկայացնում են 83 ընկերություն: Հայաստանն Իրանից ներկրում է առավելապես հանքարդյունաբերական արտադրանք, կենցաղային իրեր` ապակե և պլաստմասե տարաներ, իսկ արտահանում է կենդանական ծագում ունեցող ապրանքներ, կենդանի ոչխար և ոչխարի միս, ալյումին, երկաթ, պողպատ: Հավանաբար՝ Հայաստանի կառավարությունում այնքան էլ մեծ նշանակություն չեն տալիս այս համաժողովին. այլապես ինչպես բացատրել այն փաստը, որ համաժողովը բացող ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան էկոնոմիկայի փոխնախարարն էր (էկոնոմիկայի նախարարը Սանկտ Պետերբուրգում է): Զարմանալի է` ինչու վարչապետը չմասնակցեց դրա բացմանը: Ուշագրավ է, որ հայ-իրանական ապրանքաշրջանառությունում առյուծի բաժին են սկսում գրավել ոչխարները: Անցած տարի Հայաստանը ոչխարների արտահանման աննախադեպ աճ է արձանագրել։ Հայաստանից դեպի Իրան ընդհանուր $19 մլն արտահանման կառուցվածքում 1/4-ը կազմել են ոչխարները ($4,3 մլն)»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG