Մատչելիության հղումներ

Հունիսի 10-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջապես Սերժ Սարգսյանն ասաց իր ծանրակշիռ խոսքը: Բանից պարզվում է` Հայաստանում այսօր քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոց հիմնելու խնդիրը, եւ Սերժ Սարգսյանը դրան կողմ է»: Հոդվածագիրը մեկնաբանում է Սարգսյանի պարզաբանման հատկապես հետեւյալ հատվածը. - «Նման դպրոցների բացումը «հնարավորություն կտա հատկապես օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ», այդպիսի դպրոցների շնորհիվ նաեւ սփյուռքահայ երեխաները կարող են կրթություն ստանալ Հայաստանում»: Թերթն արձագանքում է. - «Երբ որպես արդարացում է բերվում այն փաստարկը, թե օտարալեզու դպրոցներ ունենալու դեպքում սփյուռքահայերը կգան Հայաստանում սովորելու, դա ուղղակի սուտ է, բացահայտ կեղծիք: Նախ` բոլորն էլ գիտեն, որ այդ դպրոցները ոչ թե սփյուռքահայության համար են բացվում, այլ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների: Երկրորդ` եթե սփյուռքահայերին Հայաստանի հետ ինչ-որ բան կապում է, դա հայոց լեզուն է: Որպես ի՞նչ պիտի, ասենք, Լոս Անջելեսում ապրող հայերը գան եւ Երեւանի անգլերեն դպրոցներում սովորեն, այնտեղ անգլերեն դպրոցների պակա՞ս կա: Եվ հետո` եթե նպատակը դա է, ի՞նչն է խանգարում օրենքում նշել, որ օտարալեզու դպրոցներում կարող են սովորել բացառապես օտարերկրյա քաղաքացիները, իսկ Հայաստանի քաղաքացիները պիտի սովորեն հայկական դպրոցներում: Ո՞ւմ է պետք այս խաբեությունը... Եվ ընդհանրապես, եթե նպատակը «միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոց հիմնելն է», ինչո՞ւ եք պարծենում, որ այդ դպրոցների թիվը սահմանափակվելու է օրենքով: Հասկանալի է, չէ՞, որ միայն վնասակար բաներն են օրենքով սահմանափակվում, իսկ լավ բաները, հակառակը, ձգտում են տարեցտարի ավելացնել»:

Նույն հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանի պարզաբանմանն է արձագանքում նաեւ «Ժամանակ»-ը` գրելով. - «Արձագանքը սպասելի էր այն պատճառով, որ կառավարությունը, չնայած հանրային դժգոհությանը, որեւէ կերպ «աչքը չթարթեց» անգամ` հաստատակամ վստահեցնելով, որ հետ չի կանգնելու իր նախաձեռնությունից: Դա թերեւս վկայում է, որ կառավարության նախաձեռնությունն ամենեւին էլ ինքնագործունեություն չէ, Կրթության ու գիտության նախարարության ինքնամտահղացումը չէ, այլ առնվազն Հայաստանի քաղաքական բարձրաստիճան իշխանության քաղաքական որոշում, ինչն էլ հաստատեց Սերժ Սարգսյանի դրական վերաբերմունքի արտահայտումը: Իսկ այստեղ արդեն կա երկու ուշագրավ հանգամանք: Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարն ասում է, որ խոսքը ոչ թե հանրակրթական դպրոցների մասին է, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մասնավոր մի քանի դպրոցի մասին, որոնց քանակը սահմանափակվելու է օրենքով: Նախ` եթե այսօր օրենքը փոխվում է, ասենք, մի քանի մասնավոր օտարալեզու դպրոց ստեղծելու համար, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը օրենք չի փոխվելու այդ դպրոցները կրկնապատկելու կամ եռապատկելու համար»: Ապա թերթն անդրադառնում է «այն հանգամանքին, որը կարծես թե հուշում է Հայաստանի նախագահականից էլ բարձր մակարդակի մասին, որտեղից միգուցե գալիս է այդ նախաձեռնությունը». - «Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը թեմայի մասին իր համառ լռությունը խախտում է այն բանից հետո, երբ ռուսաստանյան լրատվական գործակալություններից մեկի` «Ռեգնում»-ի կայքէջում հայտնվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին մի տեղեկանք, որը իբր դրվել է Ռուսաստանի իշխանության սեղանին: Այդ տեղեկանքի մեջ հայաստանյան իրավիճակը ներկայացված է բավական մուգ գույներով... Սերժ Սարգսյանը, թերեւս, իր այդ հավանության մասին բարձրաձայնելով փորձել է հավաստիացնել Ռուսաստանին, որ նյարդայնանալու կարիք չկա, քանի որ գործընթացն անմիջապես իր վերահսկողության տակ է»:

«Հայոց Աշխարհ»-ը հետեւյալ հարցն է ուղղում Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանին. - «Մեր երկրում կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների, սոցիալական բեւեռացվածության ու հասարակական անհանդուրժողականության կուտակումը կարո՞ղ է արտաքին ներգործությամբ վերածվել սոցիալական ապստամբության»։ Իսագուլյանը պատասխանում է. - «Մենք չենք էլ թաքցնում, որ կան սոցիալական ու տնտեսական, կոռուպցիոն որոշակի դժվարություններ, անարդարություն, օլիգարխիկ մենաշնորհներ, սակայն սոցիալական ապստամբություն հասունացնող նախադրյալներ չկան։ Մեր երկրում կա որոշակի սոցիալական լարվածություն, հուզումներ, սակայն հավատացած եմ, որ հասարակությունը գիտակցում է, որ ներքաղաքական իրավիճակի յուրաքանչյուր բարդացում կամ ցնցում ուղղակիորեն հարվածելու է Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը»։

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանում արտադրվող դեղերն ապահովում են ներքին շուկայի պահանջարկի 10-12%-ը: Հանրապետությունում կա 14 դեղարտադրող եւ դեղորայք ներմուծող 27 ընկերություն: Ըստ «Դեղարտադրողների եւ ներմուծողների միության» տնօրեն Սամվել Զաքարյանի, Հայաստանում դեղարտադրության ոլորտը կայացած է: ՀՀ դեղարտադրող ընկերություններն իրենց արտադրանքն արտահանում են հիմնականում ԱՊՀ երկրներ: ՀՀ դեղեր են ներմուծվում գլխավորապես Եվրամիության պետություններից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG