Մատչելիության հղումներ

Հունիսի 8-ի մամուլ


«Դաշնակցությունը կիրակի օրը ավարտել է անցյալ ուրբաթ Աղավնաձորում սկսած իր փակ ժողովը եւ որոշել է, որ պետք է իշխանափոխություն անել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը, - «Երեկ, երբ մենք փորձում էինք պարզել, թե արդյո՞ք հիմա ՀՅԴ-ն պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը, կուսակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում ասում էին, թե իրենք նման բան չեն ասում, իրենք ասում են՝ գլոբալ իշխանափոխություն: Համենայնդեպս երեկ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ քառօրյայի ժամանակ շատ մտերմիկ զրուցելով քայլում էր Սերժ Սարգսյանի եղբոր` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սաշիկ Սարգսյանի հետ եւ նրանց այդ շփումից բացարձակապես չէր երեւում, թե ՀՅԴ-ն լուրջ է իր հայտարարությունների մեջ»:

Լեզվի մասին աղմկահարույց օրինագծի կապակցությամբ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Այդ խայտառակ նախագծից Աշոտյանը պետք է հրաժարվի, բայց մեր կրթության բոլոր մեղքերը գցել Աշոտյանի վրա, կարծում եմ, արդար չէ: Ստացվում է, որ մինչ այդ բոլոր նախարարները հոյակապ էին աշխատում, իսկ կրթությունը եւ գիտությունը Հայաստանում ծաղկում էր: Եվ հանկարծ Աշոտյանը եկավ ու ամեն ինչ փչացրեց: Ներկայիս նախարարը ինչ-որ բան է առաջարկում ոլորտը աշխուժացնելու նպատակով: Ճիշտ է, նրա առաջարկածը առնվազն հիմարություն է ու ոչ մի օգուտ էլ չի բերի, բայց մի՞թե ավելի լավ է, երբ պաշտոնյաները ձեռքերը ծալած նստած են եւ միայն կաշառքի փողերն են հաշվում: Այնքան, որքան այսօր Աշոտյանի մասին են խոսում, ժամանակին խոսում էին միայն Աշոտ Բլեյանի մասին, թեեւ վերջինիս առաջարկած բարեփոխումները, որոնք, բնականաբար, թույլ չտվեցին իրականացնել, իմ կարծիքով, խորապես մտածված էին եւ կարող էին վիճակը բարելավել: Քննադատությունը, որն ուղղված էր Բլեյանի դեմ, կրում էր վառ արտահայտված ազգային-ազատագրական բնույթ»: Խմբագիրն ամփոփում է. - «Աշոտյանի նախաձեռնությունն անընդունելի է ոչ թե իր ապազգային լինելու պատճառով, այլ` որովհետեւ ուղղված է Սահմանադրության դեմ եւ նպատակ ունի բուծելու «պուզատիների» երեխաներից բաղկացած մեկ տոկոսանոց «էլիտա»` մեր պետության համար բացարձակապես անպիտան»:

Մեկնաբանելով ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` երեկ հնչեցրած այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է ձեւավորել նոր իշխանություն` «Ժամանակ»-ը գրում է. - «Իրականում այդ ամենը մի փոքր զավեշտալի է թվում, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ Դաշնակցությունն անկեղծորեն հայտարարություններ անի իշխող վարչակազմի հեռացման եւ իշխանափոխության մասին: Նույնիսկ իրենց համար ամենաարժեքային եւ ամենագաղափարական հակադրություն ներկայացնող հայ-թուրքական գործընթացի ամենակուլմինացիոն փուլում, երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձանագրությունները, եւ երբ դրանք ուղարկվում էին խորհրդարան վավերացվելու, Դաշնակցության լեզուն չէր պտտվում իշխանափոխության կոչ անել: Ըստ երեւույթին, Դաշնակցության իրավիճակն է բավականին ծանրացել: Դուրս գալով կոալիցիայից` այս կուսակցությունն այդպես էլ որեւէ մի տեղում չհայտնվեց: Փորձելով ընդդիմություն լինել թե' Հայ ազգային կոնգրեսին, թե' իշխանությանը` Դաշնակցությունը, փաստորեն, ոչ մեկին էլ ընդդիմություն չեղավ ու հայտնվեց օդում կախված վիճակում»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը կենտրոնանում է Արմեն Ռուստամյանի մեկ այլ հայտարարության վրա` գրելով. - «Արմեն Ռուստամյանը հայտարարում է, թե մարտի 1-ի համար մեղավոր էին իշխանությունները, բայց նաեւ ընդդիմությունն էր մեղավոր, որովհետեւ 10 զոհերը ընդդիմության առաջնորդներին էին պետք, ու նրանք կարող էին կանխել արյունահեղությունը, բայց չկանխեցին: Իսկ ՀՅԴ-ի մասին էլ ասում է` «մենք ոչ էս կողմից ենք եղել, ոչ էլ էն»: Այ ձեր տունը շինվի. բա ով ոչ էս կողմից եք եղել, ոչ էլ էն, ինչպե՞ս պատահեց, որ մայթերի վրա մարտի 1-ի զոհերի արյունը դեռ չչորացած, վազեցիք ու կոալիցիոն հուշագիր ստորագրեցիք Սերժ Սարգսյանի հետ: Թե՞ կարծում էիք` հնարավոր է սեփական մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդի վրա ուղիղ նշանառությամբ կրակելու հրաման տալ, հետո գնալ ու դրսում ազգային խնդիրներ լուծել: Այդպես չի լինում»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը անդրադառնալով Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին` նկատում է. - «Վերջերս եմ եղել Բաքվում, հանդիպել եմ փորձագիտական շրջանակների հետ, եւ, անկեղծ ասած, ռազմատենչ տրամադրություններ չեմ նկատել։ Իհարկե, Բաքվում մեծ ցանկություն կա լուծելու Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի, բայց պատերազմը խաղուպար չէ։ Կարելի է քաղաքական նկատառումներով տարբեր հայտարարություններ անել, ճնշում գործադրել, ստեղծել համապատասխան մթնոլորտ, բայց առաջիկա առնվազն մեկ-երկու տարիներին պատերազմի վերսկսման հեռանկար իսկապես չեմ տեսնում։ Ինչ կլինի դրանից հետո՝ Աստված գիտի, բայց մի բան պարզ է՝ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»:

Ղարաբաղյան թեմային է անդրադառնում նաեւ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում. - «Այսօր Հայաստանը վարում է ինքնուրույն եւ կույր քաղաքականություն: Թե ինչով է առաջնորդվում, ում հետ է խորհրդակցում, հայտնի չէ: Մինչդեռ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը հստակ է: Նրանց դիվանագիտական պոտենցիալը պետք չէ թերագնահատել: Այդ երկու երկրները գործում են փոխհամաձայնեցված` ի շահ իրենց պետությունների: Իսկ մենք մենակ ենք, մեզ ոչ ոք չի աջակցում, մենք պիոների նման անում ենք այն, ինչ մեզ ասում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG