Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ի մամուլ


«Ժամանակ»-ը, իր առաջնորդողում անդրադառնալով Դոնի Ռոստովում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի արած հայտարարություններին, գրում է. - «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է ներխուժել մի ոլորտ, որտեղ անելիք չունի: Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ հայտարարությունը առնվազն զարմանալի է, ընդ որում` ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառով: Բանն այն է, որ իրականում Թուրքիային տալով ներգրավվելու հիմքեր` Հայաստանը այլեւս չունի նրան դուրս հանելու լծակներ: Թուրքիան արդեն իսկ բավականաչափ ներգրավված է Ղարաբաղի հարցում, ինչի մասին վկայում է այն, որ այդ երկրի իշխանությունների հետ Ղարաբաղի հարց են քննարկում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների իշխանությունները: Այնպես որ, Սերժ Սարգսյանը բաց է թողել թռչունը, եւ այլեւս այն վանդակը դնելու բոլոր փորձերը ապարդյուն են»:

Եվրախորհրդարանի` մեծ աղմուկ հանած բանաձեւ հեղինակ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը «Առավոտ» թերթին որոշ պարզաբանումներ է ներկայացրել հիշյալ փաստաթղթի կապակցությամբ: Մասնավորապես, այն պնդումների հետ կապված, թե Կիրիլիովը նախագիծը մշակել է ադրբեջանական լոբբիի ազդեցությամբ, բուլղարացի պատգամավորը ասում է. - «Ափսոսում եմ, որ Հայաստանում եղան մի քանի անհիմն մեկնաբանություններ եւ շահարկումներ` կապված բանաձեւի առանձին դրույթների հետ, որոնք կտրվել են կոնտեքստից եւ ներկայացվել որպես ինչ-որ մեկի թաքնված օրակարգի արդյունք: Բանաձեւը կազմվել է խորհրդարանի փորձագետների օգնությամբ, դրան նաեւ իրենց արժեքավոր մասնակցություն են բերել գիտակ միջազգային փորձագետները, որոնք շատ մոտիկից ծանոթ են Հարավային Կովկասին: Հիմնական նախագիծը ներկայացվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ շուրջ 300 լրացումներ են առաջարկվել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից: Այնուհետեւ բանաձեւն ընդունվել է հանձնաժողովում` ձայների ճնշող մեծամասնությամբ [փաստացի միայն մեկ մասնակից է դեմ քվեարկել]: Բանաձեւի տեքստի շուրջ եղել է լայն համաձայնություն բոլոր քաղաքական խմբերի միջեւ, ուստի լիագումար նիստում եւս այն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ: Ես չեմ տեսել, որ որեւէ մեկը դեմ քվեարկած լինի դրան: Եվ ասել, թե որոշումը նախապատրաստվել է լոբբինգի ազդեցության տակ կամ մեկ մարդու կողմից, անլուրջ է եւ որոշակի արհարմարհական վերաբերմունքի դրսեւորում է Եվրախորհրդարանի օրինաստեղծ ընթացակարգերի նկատմամբ»:

«168 ժամ»-ը տեղեկացնում է, թե մայիսի 31-ին Սարյանի արձանի մոտ ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված եւ ձերբակալված Դավիթ Քիրամիջյանի առողջական վիճակը վատ է: Թերթի թղթակցի հետ զրույցում Դավթի մայրը` տիկին Ռութը, պատմել է, որ իրեն թույլատրել են տեսակցել որդուն: «Նա շատ վատ է, գլուխն ամբողջությամբ կարմրած է, աչքերի տակը` կապտած, մեջքը շատ ցավում էր: Նա բժշկական հետազոտության եւ օգնության կարիք ունի: Ես պատրաստվում եմ ներկայացնել նրա բնութագրերը, որ նա ուսանող է, եւ թե' ուսման մեջ, թե' ընդհանրապես շատ պարտաճանաչ տղա է: Նա չէր կարող իրեն խուլիգանական արարքներ թույլ տալ, ինչպես պնդում են Ոստիկանությունում», - թերթին ասել է Քիրամիջյանի մայրը:

«Ժամանակ»-ին հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: «ՀԱԿ-ի համար քաղբանտարկյալների ազատումը ամենագլխավոր խնդիրն է, այս ուղղությամբ հետեւողական աշխատանք է տարվում, սա հասկանալի է... Սակայն եկեք մի պահ պատկերացնենք, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել: Ո՞րն է ՀԱԿ-ի հաջորդ քայլը: Եթե իշխանափոխություն, ապա` ինչպե՞ս, ի՞նչ եղանակով եւ ե՞րբ». այս հարցին Գրիգորյանը պատասխանում է. - «Ակնհայտ է, որ իշխանափոխություն իրականացնելու համար ՀԱԿ-ը պետք է կրկին փորձի հասնել ժողովրդի առավելագույն մոբիլիզացիային: Բայց նախ այդ մոբիլիզացիայի ծավալները չեն կարող անկախ լինել այդ պահին առկա իրադրությունից, եւ երկրորդ` նույնիսկ հնարավոր առավելագույն մոբիլիզացիան կարող է բավարար չլինել հաջող իշխանափոխության համար: Պահը պետք է ճիշտ ընտրել, որպեսզի հաջողության հավանականությունը հնարավորինս մեծ լինի, իսկ ժողովրդի ու պետության համար ռիսկերը` նվազագույն: Երկու բան հստակ է. նախ` ընդդիմությունը պետք է վստահ լինի, որ զանգվածային ուժ կիրառելու իշխանությունների գայթակղությունը զսպող ներքին ու արտաքին արգելքներ կան, եւ երկրորդ` որ ներքաղաքական պայքարի սրումն արտաքին վտանգներ չի ստեղծի երկրի համար: Իսկ մինչ այդ ՀԱԿ-ը պետք է շարունակի ազդել երկրի քաղաքական օրակարգի վրա` տարբեր բնագավառներում իր ծրագրերը ներկայացնելով, ինչպես դա արեց սոցիալ-տնտեսական բարեփոխումների «100 քայլ» ծրագրով, եւ իշխանությունների ապօրինի գործողությունները բացահայտելով, ինչպես դա հրաշալիորեն անում է Անդրանիկ Քոչարյանը` Սեդա Սաֆարյանի հետ միասին»:

Գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրադրության ընթացիկ միտումներն ու մոտ ապագայում սպասվող զարգացումները` «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Ի դեմս Հայ ազգային կոնգրեսի իշխանությունը գործ ունի մի այնպիսի ընդդիմության հետ, որի անգամ 10 ներկայացուցիչների մուտքը Ազգային ժողով լուրջ գլխացավ կարող է առաջացնել։ Եթե այսօր խորհրդարանը «կրակն է ընկել» Զարուհի Փոստանջյանի ձեռքը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ բուռն գործունեություն կծավալի այնտեղ հհշականների փորձառու թիմը։ Նման պայմաններում, անկասկած, վճռական նշանակություն է ձեռք բերելու իշխանամետ ուժերի քաղաքական կուլտուրայի ու ինտելեկտուալ մակարդակի բարձրացման հարցը։ Ասենք, սա վերաբերում է ընդհանրապես Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին, անկախ նրանից` իշխանությա՞ն ճամբարում են, թե՞ ընդդիմության։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողություն կարող են արձանագրել այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկայում ի վիճակի կլինեն թարմացնել իրենց «կադրային բանկերը» ինտելեկտուալներով, չվարկաբեկված եւ հասարակության շրջանում հետաքրքրություն շարժող նոր դեմքերով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG