Մատչելիության հղումներ

Մայիսի 26-ի մամուլ


Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի կապակցությամբ «Ժամանակ»-ի առաջնորդող հոդվածում կարդում ենք. - «Այս այցն ուշագրավ է ոչ միայն ինքնին, այլ նաեւ իր նախապատմությամբ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը Բյուսել պետք է այցելեր ապրիլի 21-ին, ինչի մասին հայտարարվել էր նախապես: Իսկ մինչ այդ նա ապրիլի 13-ին այցելել էր Վաշինգտոն, որտեղից հետո գնացել էր անհայտ վայրում արձակուրդ անցկացնելու, որի ընթացքում էլ հանկարծ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը արձակուրդից անմիջապես մեկնելու է Մոսկվա` ապրիլի 20-ին: Եվ ահա եվրոպացիները Եվրամիությունում երեւի թե հոգնեցին Սերժ Սարգսյանին սպասելուց, եւ միգուցե մտածելով, թե նա մոռացել է իրենց մասին, ընդունեցին Եվրախորհրդարանի հայտնի 2216 բանաձեւը` ադրբեջանական հողերի «օկուպացիայի» եւ հայկական կողմի համար էլի մի քանի տհաճ եւ վտանգավոր բաների մասին հիշատակելով: Ահա հենց այդ նախապատմության ֆոնին էլ բավական ուշագրավ է դառնում, որ Եվրախորհրդարանի բանաձեւից հետո Սերժ Սարգսյանը որոշում է իրականացնել Բրյուսել իր հետաձգված այցը»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը վերջերս իրենց կողմից հրապարակված նոր` բանակի մասնակցությանն առնչվող զեկույցի կապակցությամբ ասում է. - «Եթե նկատել եք, արդեն մի շաբաթ է, որ զեկույցը հրապարակվել է, բայց արձագանքներ եւ հերքումներ չկան: Սա խոսում է փաստաթղթի որակի մասին: Այն հերքելու համար առնվազն պետք է ասել, որ այս նկարագրված փաստը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման բան չեն կարող ասել: Միայն նախկինում այս գործով զբաղված պաշտոնյաներն են փորձում ասել, թե արժանահավատ չի եղել կամ այդ փաստերն այդ ծավալով իրենց ձեռքի տակ չեն եղել: Ես ուզում եմ հիշեցնել, որ այն, ինչ որ մենք նկարագրել ենք, դրանք նույնությամբ եղել են ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում գնահատում է Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան ընտրություններին վերաբերող հայտարարությունը: Հարցին, թե արդյոք դա մտահոգվելու տեղիք է տալիս, Ռուստամյանը պատասխանում է. - «Քանի դեռ Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցությունները եզրագծին չեն հասել, բնական է, որ եռանախագահները պետք է զգուշավոր հայտարարություններ անեն։ Այս կեցվածքն ընդհանրապես նկատելի է թե՛ համանախագահների, թե՛ եռանախագահ երկրների հայտարարություններում։ Նրանք փորձում են կրկնել այն, ինչ մինչ այժմ ասել են եւ խուսափում են իրենց դիրքորոշումները կտրուկ վերանայելուց։ Մինսկի խմբի եռանախագահների Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին արձագանքող հայտարարության մեջ կարեւորը նախորդների կրկնությունը չէ, այլ այն, ինչն առաջին անգամ է ասվում։ Պատրաստի բանաձեւեր կան, որ այս անգամ էլ ուղղակի կրկնվել են։ Շատ կարեւոր է, որ համանախագահներն առաջին անգամ հաստատում են, որ ըմբռնել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հասարակական կյանքը ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպելու իշխանությունների առջեւ ծառացած անհրաժեշտությունը։ Այս կերպ հստակ ասվում է, որ թեեւ դե յուրե ճանաչված չէ, բայց դե ֆակտո կա Լեռնային Ղարաբաղում գործող իշխանություն, որին ընտրել է ժողովուրդը։ Այս հաստատումը կարեւոր է, քանի որ միջազգային ատյաններում Ադրբեջանը ջանք չի խնայում համոզելու, որ Լեռնային Ղարաբաղում իշխանություններ չկան եւ կառավարում է Հայաստանը»։

Երեւանում ջրի սակագնի փոփոխման եւ այդ տարբերությունը քաղաքապետարանի կողմից սուբսիդավորելու որոշման առնչությամբ «Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը գնահատում է. - «Սա մի հանցագործություն է, որը փորձ է արվում պետական մակարդակով թաքցնել եւ քողարկել: Սրա ամենավառ ապացույցն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է սուբսիդավորել սակագնի բարձրացված չափը: Այսինքն երեւանցիները առնվազն մեկ տարի կշարունակեն վճարել յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց 181 դրամ: Այդ նպատակով քաղաքապետարանը 2010 թվականի ընթացքում նախատեսում է հատկացնել մոտ 340 միլիոն դրամ: Սա էլ նշանակում է, որ քաղաքապետարանը որոշել է «սեփական միջոցներից», այսինքն մեր` հարկատուների փողերից ֆինանսավորել բոլոր այն հարուստներին, ովքեր շատ են ջուր օգտագործում, բայց չեն գողանում»: «Այսպիսի սուբսիդավորումն ինքնին մեծագույն հիմարություն լինելով` նաեւ օգտագործվում է էժանագին ինքնագովազդների համար: Հիմա դրանից որոշել է օգտվել Գագիկ Բեգլարյանը` դրա համար ծախսելով մեր` հարկատուներիս վճարած հարկերը»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Վերջին տարիներին Հայաստանում բավականին մեծացել է դեղերի օգտագործումը: Փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ դա բնավ էլ ազգի առողջացման երաշխիք չէ, ավելի շուտ դա վկայում է տարաբնույթ հիվանդությունների տարածվածության կամ առողջապահական հիմնարկների ոչ կոմպետենտ գործունեության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG