Մատչելիության հղումներ

Նեստերենկո. «Ղարաբաղյան կարգավորման ընթացքը կախված չէ Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»


«Մոսկվայում չեն կարծում, թե Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Մեկնաբանելով նախօրեին Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները` Նեստերենկոն ասել է. - «Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներին եւ նորմերին: Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Մեր համոզմամբ` Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման եւ Մինսկի գործընթացի շրջանակներում` բոլոր կողմերի միջեւ քաղաքական բանակցությունների արդյունքում»:

Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ, այսուհետ եւս շարունակելու է օգնություն ցուցաբերել հայերին եւ ադրբեջանցիներին` հնարավորինս արագ Ղարաբաղի հարցի փոխզիջումային հանգուցալուծում գտնելու գործում:

Ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանել են Ղարաբաղում անցած ընտրությունները:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG