Մատչելիության հղումներ

«Հայպետհիդրոմետ»-ի տնօրենի եւ բնապահպանության նախարարության պաշտոնյայի դեմ քրեական գործ է հարուցվել


Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Հայպետհիդրոմետ» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի եւ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ»-ի տնօրենը «Սեւանա լճում եւ նրա ավազանում կատարվող հիդրոօդերեւութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ ձեռք բերելու համար բնապահպանության նախարարության 2006 թվականի բյուջետային հայտում ընդգրկել է «ՌՄ-376» տեսակի նորակառույց նավի` ռուսաստանյան «Բրիգանտինա» ընկերության սահմանած գինը` 9-10 միլիոն ռուսական ռուբլի, եւ նավի մատակարարման համար Հայաստանի պետբյուջեով «Կամար» ընկերությանը վճարվել է 153,0 միլիոն դրամ (ներառյալ փոխադրման համար նախատեսված 18,0 միլիոն դրամը): Պարզվել է, սակայն, որ «Կամար» ընկերությունը ձեռք է բերել ոչ թե 9-10 միլիոն ռուբլի, այլ 46 միլիոն 923 հազար 200 դրամին համարժեք 3,2 միլիոն ռուբլի արժողության «ԲՊՄ-74 Մ-ԺԴ» տեսակի ձկնորսական նավ` ռուսաստանյան «Ախտարսկայա Սուդովերֆ» ընկերությունից:

Բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետը, չնայած ձեռք բերված նավը չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, ՊՈԱԿ-ի տնօրենի ցուցումով, առանց առարկայական եւ փաստաթղթային ուսումնասիրության, հաստատել է վերջինիս ներկայացրած եզրակացությունը, թե 153,0 միլիոն դրամ արժեքով «Կամար» ընկերության մատակարարած նավը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին: Արդյունքում` նավն ընդունվել է բնապահպանության նախարարության կողմից, որպիսի գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ «Կամար» ընկերության տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի, բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի գործողություններում կան Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ` գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով:

Գործն ուղարկվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG