Մատչելիության հղումներ

Մայիսի 22-ի մամուլ


Երեւանյան մամուլը շարունակում է արձագանքել Եվրախորհրդարանի` օրերս ընդունած բանաձեւին, որում, հիշեցնենք, հայկական ուժերից պահանջվում էր անհապաղ դուրս գալ Ղարաբաղի հարակից տարածքներից:

«168 ժամ»-ն այս կապակցությամբ գրում է. - «Բանաձեւն իսկական խուճապ է առաջացրել Հայաստանի իշխանության վերնախավում: Ավելորդ է նշել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ նման մակարդակով նման բանաձեւի ընդունումը` սկսած նրանից, որ այդպիսով Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվելու մանդատի հայտ է ներկայացնում, վերջացրած նրանով, որ դա, ըստ էության, արտահայտում է Եվրոպայի միասնական արտաքին քաղաքականության տեսակետը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Մի խոսքով` Հայաստանի իշխանություններն իսկապես խուճապի մատնվելու աթիռ ունեն»:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը, որի խմբագրականում կարդում ենք. - «2005 թվականին Ատկինսոնի հայտնի բանաձեւն է'լ ավելի խիստ էր ու կոշտ, եւ Ատկինսոնի համեմատ, այսպես ասած, Կիրիլովի բանաձեւը փառք է: Սակայն խոսքն այն մասին է, թե ինչ է անում Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, որպեսզի այդպիսի բանաձեւեր չլինեն, չկրկնվեն, միջազգային մի կառույցից մյուսը չթեւածեն: Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, բացի այդ բանաձեւի հեղինակներին ադրբեջանական կամ թուրքական լոբբինգի կամակատար հռչակելուց: Ի վերջո, եթե նույնիսկ ամբողջ Հայաստանն ու համայն հայությունն ատելությամբ լցվեն այդօրինակ բանաձեւերի հեղինակների հանդեպ, միեւնույն է` բանաձեւերը կան, դրանք ընդունվում են, որեւէ մեկը դրանք չեղյալ չի հայտարարել եւ չի հայտարարելու»:

«Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. «Նման բանաձեւերի ընդունումը եւս մեկ ապացույց է, որ 2008-ի մարտի 1-ից հետո մենք հայտնվել ենք չափազանց խոցելի վիճակում, եւ նոր իշխանությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկել այդ վիճակից դուրս գալու ուղղությամբ: Նկատի ունեմ նախեւառաջ քաղբանտարկյալների խնդիրը: Եթե կարդանք բանաձեւն ամբողջությամբ եւ ոչ թե միայն Ղարաբաղին վերաբերող մասը, ապա կտեսնենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող գնահատականներում կան միանգամայն ճիշտ, արդարացի գնահատականներ: Տպավորություն է ստեղծվում, որ մեր հակառակորդները առավելագույնս օգտագործում են մեր ներքին խնդիրները իրենց նպատակների համար: Այդ բանաձեւը, կարճ ասած, չէր ընդունվի, եթե մենք չունենայինք քաղբանտարկյալներ, եթե պատժվեին մարտի 1-ի մարդասպանները, եթե «Ա1+»-ը եթերում լիներ: Բայց մեր իշխանությունը, ինչպես արդեն ասացի, այդ խնդիրները չի լուծում: Ահա եւ հետեւանքներից մեկը»:

Թեմայի շրջանակում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Լավ, ենթադրենք` բանաձեւի հեղինակն ադրբեջանամետ է, կաշառված է եւ այլն, բայց ինչպե՞ս է բանաձեւը ձայների մեծամասնությամբ ընդունվում: Գուցե պատճառներն ավելի խո՞րն են: Կամ ի՞նչ է նշանակում «այդ բանաձեւը կատարման համար պարտադիր չէ»: Դա ի՞նչ մխիթարվելու բան է: Երբ մարդու երեսին թքում են, դա նույնպես առանձնապես ծանր տրավմաներ չի առաջացնում, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պետք չէ փնտրել եւ գտնել «երեւույթի» պատճառները»: Հոդվածագիրն ամփոփում է. - «Մի խոսքով, Եվրամիությունը պահանջում է «արագորեն լքել» ազատագրված տարածքները: Մենք, բնականաբար, այդ քայլին չենք գնա: Բայց գոնե կարող ենք ինքներս մեզ հարց տալ` իսկ ինչո՞ւ է Եվրամիությունը հատկապես հիմա նման պահանջ առաջ քաշում: Հենց որ այս հարցի պատասխանը գտնենք, ինչ-որ մեկն իսկապես «արագորեն կլքի» իր պաշտոնը»:

«Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց է տվել Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Լրագրողը հարցնում է. - «Ակնհայտ է, որ 2010թ. գյուղատնտեսության վնասները բավական մեծ են։ Կառավարությունը ի՞նչ է մտադիր անել գյուղացու հոգսը գոնե մի փոքր թեթեւացնելու համար»։ Նախարարը պատասխանում է. - «Կառավարությունը պարբերաբար այդ խնդիրը քննարկում է։ Բնականաբար ուղիներ փնտրվում են։ Ինչպես հայտնի է, կառավարության կողմից որոշ թիրախային՝ Շիրակի, Աշոցքի, Ամասիայի, Գեղարքունիքի, Ճամբարակի տարածաշրջաններում, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորվում է։ Եթե այդ տարածաշրջանի բնակիչը դիմում է ցանկացած բանկ, 18, 20 եւ այլ տոկոսով վարկ է վերցնում գյուղատնտեսական ծրագիր իրականացնելու համար, ապա այդ տոկոսները պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է։ Այսինքն՝ դա գյուղացու համար դառնում է անտոկոս վարկ։ Թե ինչպիսի նոր մեխանիզմներ կառաջարկվի, այժմ քննարկման փուլում է։ Հիմա չեմ կարող ասել՝ կառավարությունն ինչ որոշում կընդունի։ Ամեն դեպքում քննարկումների ընթացքում որոշակի եզրահանգումների կգանք»։

Կառավարության վերջին նիստում կայացված որոշումը, ըստ որի, հայկական կոնյակի անունը միջազգային շուկայում «Բրենդի»-ի փոխարեն պետք է ներկայացվի «Արբուն» անվամբ, տեղական հումքով արտադրվող կոնյակների վրա չի տարածվում: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի հարցմանն ի պատասխան ասել են Երեւանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից: Գործարանից հայտնել են նաեւ, որ կառավարության որոշման ընկալման հետ կապված «հանրության շրջանում թյուրընկալում է տեղի ունեցել». - «Բանն այն է, որ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը լիազորված է անվանում սահմանել միայն ներմուծված հումքով արտադրվող կոնյակի համար: Այսինքն, «Արբուն» կոչվելու են միայն ներմուծված հումքով արտադրվող կոնյակները, իսկ Հայաստանում աճեցված խաղողից ստացվող հայկական կոնյակը նախկինի պետ իր անունով է կոչվելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG