Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի բանաձեւը Հայաստանի դիվանագիտության «խայտառակ պարտությունն է»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ( ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի դիվանագիտության «խայտառակ պարտություն» որակեց Եվրախորհրդարանի՝ երեկ ընդունած բանաձեւը:

Զուրաբյանի խոսքով, առաջին անգամն է, որ Եվրամիությունը ընդունում է փաստաթուղթ, որտեղ պահանջ է ներկայացվում «Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս բերման մասին»:

«Սա խոշորագույն պարտություն է հայկական դիվանագիտության համար, եւ մենք պետք է վերլուծենք դրա պատճառները», - ասաց Զուրաբյանը՝ շարունակելով, թե այդ պատճառները շատ պարզ են. - «Միակ բանը, որ կարող էր Եվրոպայի միությանը հեռու պահել նման զեկույցի ընդունումից, դա այն էր, որ Հայաստանը ունենար առավելություն Ադրբեջանի նկատմամբ իր դեմոկրատական իմիջի առումով: Այսօր այդ տարբերությունը Հայաստանի եւ
Ադրբեջանի միջեւ վերացված է: Այսօր Հայաստանը ոչ մի հարցում չի կարող ավելի հասկանալի, ավելի համակրելի լիներ դեմոկրատական աշխարհի համար, քան Ադրբեջանը: Ուստի, բնականաբար, առաջանում է նման ռեզոլյուցիա»:

Զուրաբյանի փոխանցմամբ, երեկ ընդունված փաստաթուղթը Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է եղել մի քանի ամիս, բայց Հայաստանի իշխանությունները չեն կարողացել կանխել դրանում տեղ գտած ոչ հայանպաստ դրույթները, քանի որ Հայաստանի ձայնը «այլեւս ոչ ոք չի ուզում լսել»:

Եվրախորհրդարանի բանաձեւում, նրա պնդմամբ, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մեծ դերակատարություն է տրվում Թուրքիային:

«Զեկույցի 39-րդ կետը ուղղակի ասում է, որ Եվրոպական միությունը վերահաստատում է այն, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումները կարեւոր դեր են խաղում Հարավային Կովկասի կոնֆլիկտների կարգավորման հարցում», - նշեց Զուրաբյանը՝ սա եւս որակելով «խայտառակ արդյունք»:

Նա հիշեցրեց, որ երեկ ընդունված փաստաթուղթը, Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերից հետո, թվով երրորդ փաստաթուղթն է, որտեղ խոսվում է հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» մասին:

«Այս փաստաթղթերը անհետ չեն անցնում եւ չեն կորչում, սրանք հիմք են ծառայում հետագա հղումների համար եւ ձեւավորում են միջազգային հանրության կարծիքը Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ: Այնպես որ, սա իսկապես շատ մտահոգիչ զարգացում է», - եզրափակեց ՀԱԿ-ի համակարգողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG