Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հստակեցնում է հարավկովկասյան ռազմավարությունը


«Հայաստանում լրագրողների դեմ հարձակումները, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստ եւ լրագորղ Նիկոլ Փաշինյանի` հունիսի 18-ի համաներումից հետո էլ շարունակվող ազատազրկումը մտահոգում են եվրոպացի խորհրդարանականներին», - նշված է այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւում։

Հինգշաբթի օրը քվեարկության դրված փաստաթղթի նախագիծը, որ հստակեցնում է Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել էր դեռ ապրիլի սկզբին։ Բանաձեւի հեղինակը՝ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը նիստի ընթացքում հայտարարել է. - «Հարավային Կովկասը Եվրամիության համար զուտ սահմանակից տարածաշրջան չէ։ Միության համար այն ռազմավարական նշանակություն ունի թե' տնտեսական, թե' քաղաքական եւ թե' անվտանգության նկատառումներից ելնելով»։

Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հարավկովկասյան երեք պետությունների ղեկավարներին զգուշացրել է, որ համագործակցությունն առանց բարեփոխումների անհնարին է. - «Եվրամիության հետ մերձեցման պարտավորությունը, որ ստանձնել են մեր հարավկովկասյան գործընկերները, պետք է հանգեցնի քաղաքական կայունության ամրապնդմանը, ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ուղղությամբ հետագա առաջընթացին։ Մենք կոչ ենք անում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին առաջ շարժվել ժողովրդավարության, բազմակածության վրա հիմնված ժամանակակից հասարակության ստեղծման ու հարեւանների հետ խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Ընդունված փաստաթղթի հեղինակները բավական մանրամասն կերպով անդրադառնում են հարավկովկասյան սառեցված հակամարտությունների՝ նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։

«Եվրոպական խորհրդարանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների դինամիկ ընթացքը։ Դրա ապացույցներից մեկը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների թվով վեց հանդիպումներ էին, որ տեղի են ունեցել 2009 թվականին եւ ընթացել են մոսկովյան հռչակագրի ոգուն համապատասխան», - նշված է բանաձեւում։

Փաստաթղթում նաեւ կարդում ենք. - «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը։ Կողմերին նաեւ կոչ ենք անում զերծ մնալ 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումներից»:

Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտում է Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարը, ինչպես նաեւ կոչ է անում «զերծ մնալ սադրիչ քաղաքականությունից ու հրետոռաբանությունից, հրահրիչ քայլերից ու պատմության խեղաթյուրումից»։

Եվրոպական խորհրդարանը, անհանգստություն հայտնելով, որ հարյուր հարզարավոր փախստականների իրավունքները շարունակում են ոտնահարված մնալ, հայտարարել է. - «Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»։

Այս փուլում եվրոպացի խորհրդարանականները լուծումը հետեւյալ կերպ են տեսնում. - «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»։

Եվրախորհրդարանն առաջարկում է Եվրամիության գործադիր մարմիններին դիտորդական մեծաքանակ առաքելություն ուղարկել տարածաշրջան, որը պետք է նպաստի միջազգային խաղաղարար ուժերի ձեւավորամանը։

Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին. - «Եվրոպական խորհրդարանը կողմերին կոչ է անում օգտվել հարաբերությունները բարելավելու ստեղծված հնարավորությունից եւ խելամիտ ժամկետներում առանց նախապայմանների վավերացնել արձանագրությունները»։

«Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններն ու հայ-թուրքական հաշտեցումը միմյանցից տարանջատված գործընթացներ են։ Այդ երկու պրոցեսներից մեկում արձանագրված առաջընթացը, սակայն, կարող է լուրջ դրական հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար», - նշված Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG