Մատչելիության հղումներ

Ինտերնետում լեզուների բազմազանությունն ավելի մեծ տարածում է ստանում


Ինտերնետում գործարկվել են առաջին ոչ լատինատառ դոմենները, որոնք համարվում են համացանցի պատմության վերջին երեսուն տարիների ամենամեծ կառուցվածքային նորամուծությունը:

Անունների եւ համարների շնորհման ամերիկյան ինտերնետային կորպորացիան(ICANN) ոչ լատինատառ դոմենների ի հայտ գալու մասին տեղեկություններ էր տարածել դեռ 2007-ին: Երկար քննարկումներից հետո 2009-ի հոկտեմբերին տեղեկությունները վերջնականապես հաստատվեցին: Առաջին երկիրը Ռուսաստանն էր, որ ստացավ ոչ լատինատառ դոմեն` .рф անվանումով: Կիրիլիկ տառատեսակով գրվող առաջին դոմենը Россия.рф-ն էր: .рф դոմենը կարճ ժամանակում մեծ ճանաչում ձեռք բերեց, իսկ դոմեն անունների թիվը գերազանցեց 10.000-ը:

Տեսնելով ոչ լատինատառ դոմենի հաջողությունը` Անունների եւ համարների շնորհման ամերիկյան ինտերնետային կորպորացիան, որի ենթակայության տակ է գտնվում համաշխարհային տեղեկատվական ցանցում կայքէջերի անունների շնորհումը, գործարկեց եւս 3 ոչ լատինատառ դոմեն` Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ էմիրությունների եւ Եգիպտոսի համար:

ireport.am կայքի ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ լատինատառ դոմենների ստեղծումը սխալ էր, քանի որ այն շատ խնդիրներ կառաջացնի: Նրա կարծիքով` այս գործընթացի նպատակը ազգային լեզուն պահպանելն է:

Հայալեզու դոմենների առնչությամբ այսօր ինտերնետում շրջանառվում են .ամ եւ .հայ տարբերակները: - «Այդ դեպքում ավելի մեծ շփոթություններ կլինեն, ու ամեն ինչ ավելի կբարդանա», - նշեց Վարդան Պապիկյանը:

Վերջերս ինտերնետային հսկա Google-ը իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառեց նաեւ հայերենը: Սա նշանակում է, որ այսուհետեւ մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն եւ հակառակը։ Վարդանի կարծիքով սա ինտերնետում հայերենի տարածման գործում մեծ ձեռքբերում է, թեեւ, ըստ նրա, ավելի արդյունավետ տարբերակը մնում է հայերեն լեզվով կայքերի ստեղծումը:

XS
SM
MD
LG