Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժել է ուսանողների հայցը


Մայիսի 18-ին ՀՀ վարչական դատարանը քննել է «Ուսման իրավունք» նախաձեռնող խմբի անդամներ Սոս Ավետիսյանի եւ Դանիել Իոաննիսյանի հայցով գործը եւ մերժել հայցապահանջները: Խմբի անդամների` մայիսի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում հանրահավաք եւ մայիսի 20-ին ԵՊՀ-ից դեպի ՀՀ կառավարություն երթ անցկացնելու մասին իրազեկումները Երեւանի քաղաքապետարանի կողմից արգելվել էին, որի դեմ էլ ուսանողները դիմել էին դատարան:

Հանրահավաքի անցկացումն արգելվել է` հիմնվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի վրա` համաձայն որի մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով:

Իսկ երթի անցկացումն արգելվել է` հիմնվելով այն բանի վրա, որ դրա տեւողությունն այնքան մեծ է, որ կխաթարի փողոցներում երթեւեկության բնականոն ընթացքը, թեեւ իրազեկման մեջ նշված է եղել, որ երթն ընթանալու է մայթերով:

«Ուսման իրավունք» ուսանողական նախաձեռնող խմբի անդամները հայտարարություն են տարածել այն մասին, որ «խիստ մտահոգված են ՀՀ պետական մարմինների ուսանողական նախաձեռնություններին սվիններով դիմավորելու փաստով, որը հաճախ զուգորդվում է ՀՀ օրենսդրության կիպիտ ոտնահարումներով»:
XS
SM
MD
LG