Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի նախարարը Երեւանում խոսում է ղարաբաղյան հարցի «ռազմական» լուծման մասին


Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմատ Աբասով
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմատ Աբասով
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմատ Աբասովը, ով Երեւանում մասնակցում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։

«Ինչպես ձեր, այնպես էլ մեր ղեկավարները ցանկանում են, որ այդ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, որպեսզի արյուն չթափվի, սակայն եթե խաղաղ ճանապարհով այդ հարցը չլուծվի, ցավոք սրտի, Ադրբեջանը կսկսի փնտրել այլընտրանքային տարբերակներ, եւ չի բացառվի նաեւ ռազմական տարբերակը», - հայտարարեց Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը։

Լրագրողների հարցերի մի մասին Իսմատ Աբասովը պատասխանեց ռուսերեն, իսկ մի մասին՝ հայերեն։

«Ալավերդյան փողոցում եմ ծնվել, դպրոցը ավարտել եմ Երեւանում, հետո ինստիտուտ եմ ընդունվել Բաքվում։ Հայերեն խոսում եմ, բայց վաղուց չեմ խոսել, ռուսերեն որ պատասխանեմ, ավելի լավ կլինի», - պարզաբանեց Աբասովը ու խոսքը շարունակեց ռուսերենով. - «Ասեմ, որ Երեւանը ինձ համար հարազատ քաղաք է. այստեղ ծնվել, մեծացել եմ։ Շատ հաճելի է, որ հնարավորություն եմ ստացել այստեղ գալ։ Ադրբեջանական եւ հայկական կողմերի համաձայնությամբ հնարավորություն եմ ունեցել այցելել ինձ համար հարազատ վայրեր՝ այն տունը, ուր մեծացել եմ, գյուղերը, որտեղ հանգստացել եմ ամռանը»։

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով խոսել է նաեւ Հայաստանի քաղաքացիների հետ։

«Մարդիկ ուզում են, որ այս անախորժությունները արագ վերջանան։ Օրինակ Սոթքում գյուղացիները, որ ինձ տեսան՝ շատ զարմացան։ Ովքեր որ Ադրբեջանից էին տեղափոխվել, ասում էին՝ տեսնես կգա՞ այն օրը, որ մենք էլ գնանք մեր հողերը տեսնենք», - պատմեց Իսմատ Աբասովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG