Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դեռեւս հույս ունի վերակենդանացնել հայ-թուրքական կարգավորման գործընթացը


-ի նախագահ Բարաք Օբամայի ջանքերի շնորհիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ձախից) եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (աջից) հանդիպեցին Վաշինգտոնում
-ի նախագահ Բարաք Օբամայի ջանքերի շնորհիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ձախից) եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (աջից) հանդիպեցին Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների վերջին կոչը՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ջանքերը շարունակելու վերաբերյալ, որը այս անգամ բարձրաձայնեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հնչում է կարգավորման գործընթացի համար բարդ ժամանակաշրջանում։

Երկու երկրներում էլ ընդդիմադիրները աճող ջանադրությամբ են ընդդիմանում անցած հոկտեմբերին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրություններին։

Ավելին՝ Թուրքիայի կառավարությանը մեծ մարտահրավեր է սպասվում հաջորդ տարի նախատեսվող խորհրդարանական ընտրությունների տեսքով։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ժողովրդականությունը նվազում է, եւ որեւէ հստակություն չկա այն հարցում, թե արդյո՞ք այս կուսակցությունը կկարողանա պահպանել խորհրդարանական մեծամասնությունը ընտրություններից հետո։

Ավելին, նախանշանները հակառակն են վկայում։ Մայիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ քվեարկությունը, մասնավորապես, գնահատվեց որպես Էրդողանի խոշորագույն պարտություններից մեկը։ Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, կուսակցության որոշ անդամներ չեն հնազանդվել կուսակցական կարգապահությանը եւ դեմ են քվեարկել Էրդողանի կողմից առաջարկվող կարեւորագույն սահմանադրական փոփոխությանը՝ ապացուցելով, որ ազգայնական խնդիրների հարցում վարչապետը լուրջ դիմադրության է հանդիպում նույնիսկ սեփական կուսակցության շարքերում։

Այս փաստը գիտակցում է նաեւ էրդողանը, ով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո, մասնավորապես, կարծիք էր հայտնել, որ եթե հայ-թուրքական արձանագրությունները քվեարկության դրվեն՝ խորհրդարանը կհրաժարվի վավերացնել դրանք։

Քարքարոտ ճանապարհ

Հոկտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկն ազդարարող արձանագրությունների ստորագրումից հետո գործընթացը երկու երկրներում էլ մեծ բարդությունների հանդիպեց։

Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Եվրամիությունը ողջունեցին ձեռք բերված համաձայնությունը՝ պատմական որակելով այն, սակայն ոգեւորությունը երկար չտեւեց։

Երկու կողմերում աճող լարվածությանը զուգընթաց աճեց անվստահությունը գործընթացի նկատմամբ, ընդգծելով այն իրականությունը, որ դարավոր թշնամանքը հնարավոր չէ մոռանալ ամիսների, եւ նույնիսկ տարիների ընթացքում։

Այնուհետեւ, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերի 95-րդ տարելիցին ընդառաջ, հայկական Սփյուռքը Միացյալ Նահանգներում եւ այլուր, նոր ջանքերով լծվեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման գործին։

Թուրքիան խիստ բացասաբար արձագանքեց Միացյալ Նահանգներում (Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում) եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունմանը՝ հետ կանչելով այդ երկրներում իր դեսպաններին։ Էրդողանը հանդես եկավ ցասումնալից ելույթով՝ ակնարկելով հազարավոր «անօրինական հայ աշխատողներին» վտարելու հնարավորության մասին։

Թուրքիայի զայրույթը մեկ այլ պատճառ եւս ուներ։ Շատ է խոսվել այն մասին, որ Թուրքիայի մերձավորագույն տարածաշրջանային դաշնակիցը՝ Ադրբեջանը, ընդդիմանում էր հայ–թուրքական արձանագրություններին այն պահից, ինչ հայտնի դարձավ կարգավորման գործընթացի մասին։ Պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ բացելով Հայաստանի հետ սահմանը՝ Թուրքիան կորցնում է այն լծակները, որոնք կստիպեին Երեւանին զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հարցում։

Եվ իսկապես, Թուրքիայի առաջնորդները բազմիցս շեշտեցին, որ Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա։ Ի պատասխան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը։

Հաջողության հույսով

Նախագահության մեկնարկի առաջին իսկ օրերից Բարաք Օբաման շեշտեց, որ մեր տարածաշրջանում իր վարչախմբի առաջնային նպատակն է՝ օգնել Հայաստանին եւ Թուրքիային նորմալացնել երկկողմ հարաբերությունները։ ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը աննախադեպ լիցք հաղորդեց կարգավորման դիվանագիտական ջանքերին, եւ շարունակում է մշտական կապ պահպանել Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների հետ

Նախքան արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը Օբաման եւ Քլինթոնը երկար բանակցություններ վարեցին հայ եւ թուրք պաշտոնյաների հետ։ Նրանք, իհարկե, տեղեկացված էին, որ Հայաստանի նախագահը պատրաստ է կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, բայց նաեւ վստահ էին, որ արձանագրությունները փոփոխության չեն ենթարկվի։

«Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն` մինչ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու», – այս առթիվ տարածված հաղորդագրության մեջ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

Դեսպան Յովանովիչը նույնօրինակ լավատեսություն արտահայտեց «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում՝ ընդգծելով, որ Թուրքիայում հայազգի զոհերի հիշատակի օրը ոչ թե մեկ, այլ երեք հիշատակի միջոցառում անցկացվեց։

Ամերիկյան պաշտոնյաները նաեւ նշում են, որ հաշտեցման գործընթացը արմատներ է ձգել երկու երկրների քաղաքացիական հասարակություններում։

Անցած ամիս հայ գործարարների խոշորագույն միությունը եւ քաղաքացիական հասարակության երեք կազմակերպություններ հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ՝ որի նպատակ է խորացնել հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությունը։

Յովանովիչը հարցազրույցոււմ նշեց, որ 21-րդ դարի Եվրոպայում փակ սահմանները «չեն կարող շարունակել գոյություն ունենալ»։

Հարցն այն է, թե ի՞նչ է մեզ սպասում առաջիկայում։ Արդյո՞ք Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները կվերսկսեն բանակցային գործընթացը Թուրքիայում անցկացվելիք ընտրություններից հետո։ Եվ ինչպիսի՞ ընթացք կստանան այդ բանակցությունները՝ կրկին կանցնեն Շվեյցարիայի լուռ դիվանագիտական միջնորդությա՞մբ։

«Ես բախտագուշակ չեմ եւ չեմ կարող ասել, թե կոնկրետ ի՞նչ կբերի մեզ ապագան։ Բայց ես կարծում եմ, որ ի վերջո երկու կողմերը իրենք պետք է որոշեն, թե ինչպես են ուզում շարժվել առաջ եւ ինչ հանգրվանի են ուզում հասնել», – նշեց Յովանովիչը։

Շատ բան պարզ չէ, բայց ակնհայտ է, որ Օբամայի վարչախումբը նորմալացման գործընթացից հրաժարվելու որեւէ մտադրություն չունի, եւ ամենայն հավանականությամբ ամերիկյան պաշտոնյաների ակտիվ ներգրավվածությունը գործընթացում դեռեւս կշարունակվի։

Հրայր Թամրազյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենն է։ Այս մեկնաբանությունում հնչող տեսակետները կարող են չհամընկնել «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական դիրքորոշման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG