Մատչելիության հղումներ

Ապրիլի 30-ի մամուլ


«Առավոտ»-ը գրում է. - «Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ընտրեց խափանման միջոց կալանքը ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել ոստիկանության բաժին տարված Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Ի դեպ, այդ հոդվածը նախատեսում է 10 տարվա ազատազրկում, իսկ քաղաքացուն «ինքնասպանության հասցնելը»` 3: Առայժմ «սուտ մատնության» հոդվածով մեղադրանք չի առաջադրվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ, որը դեպքի հաջորդ օրը ասուլիսում հայտնեց, որ Խալաֆյանի նկատմամբ բռնություն չի եղել, մարմնին հետքեր չկան, եւ ըստ էության փորձ արեց քննությունն ուղղորդել «սխալ հետքի» վրա»:

Նույն թերթում ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Արտակ Զաքարյանը՝ փորձելով հակադարձել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը քննադատող հայտարարությանը: Զաքարյանը, մասնավորապես, նշում է. - «Տարակուսանք է արթնացնում այս հայտարարությունը այն առումով, որ նախկին արտգործնախարարը ոչինչ չանելը համարում է իրավիճակից դուրս գալու տարբերակ: Այդ պարագայում հասկանալի է դառնում, թե ինչու այնպիսի երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է Օսկանյանի՝ արտգործնախարար լինելու տարիներին Հայաստանի հետ համագործակցության շատ սահմանափակ մակարդակի վրա էր. իր պաշտոնավարության ընթացքում նա այդպես էլ որեւէ նախագահական այց ԱՄՆ եւ հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ չկարողացավ կազմակերպել, էլ իմաստ չունի խոսելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի՝ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին: Կարելի հպարտանալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակից թե' այն ժամանակ եւ թե' հիմա, չնայած նախկին արտգործնախարարը գեթ մեկ պաշտոնական այց իր տասը տարիների ընթացքում չկարողացավ իրականացնել Ֆրանսիա: Ավելին, եթե հիշենք նախկին նախարարի պաշտոնավարման տարիները, ապա կարող ենք նկատել, որ որեւէ միջազգային կառույց գրեթե չէր մնացել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար բացասական հայտարարություն արած չլիներ»:

«Ո՞վ եւ ինչո՞ւ է խաղարկում Նախիջեւանի հարցը» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Վերջին մի քանի օրերին Թուրքիայի պետական գործիչների եւ լրատվամիջոցների կողմից համառորեն շրջանառության մեջ դրվող Նախիջեւանի հանդեպ հայկական սպառնալիքի մասին առասպելը լուսարձակում է մեր տարածաշրջանում առկա «հետցեղասպանական իրողություններից» եւս մեկը։ Ներկայումս իբր Ադրբեջանի մասը համարվող Նախիջեւանի նախկին խորհրդային ինքնավարությունը փաստորեն վերահսկվում է Թուրքիայի կողմից, քանի որ անգամ նախագահ Իլհամ Ալիեւը իր այցերը համաձայնեցնում է թուրքական կողմի հետ։ Բանն այն է, որ Նախիջեւանը Ադրբեջանի հետ ոչ միայն ցամաքային, այլեւ իրավական հստակ կապ չունի։ Մինչ օրս դե յուրե Նախիջեւանը չի էլ անջատվել Հայաստանից, քանի որ հանդիսացել է Հայաստանի Առաջին Հանրապետության բաղկացուցիչ մասը, օկուպացվել է թուրքական զորքերի կողմից, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով (Լենին-Աթաթուրք անօրինական գործարքով) հանձնվել է Ադրբեջանին որպես ինքնավար կազմավորում»:

«Հայկական ժամանակ»-ը շարունակում է հրապարակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Աֆրիկայում կատարած որսի տեսարանները պատկերող լուսանկարներ: Սպանված առյուծի հետ նախկին նախագահի լուսանկարը մեկնաբանելով՝ թերթը նշում է, որ նման որսն արժե հարյուր հազարավոր դոլարներ եւ հարցադրում է անում. - «Որտեղի՞ց Ռոբերտ Քոչարյանին այդքան փող»:

Ստրիպտիզի մասին վերջին օրերին շրջանառվող օրինագծի կապակցությամբ «Իրավունքը de facto» թերթի մեկնաբանը նկատում է. - «Դա ոչ այնքան պար է առանձին վերցրած «երկաթի» շուրջ, որքան այդ հաստատություններն իրական թրաֆիկի բներ են: Այնտեղ աղջիկներ են ներմուծվում Բելառուսին, Ուկրաինայից, Մոլդովայից՝ 14-20 տարեկան... ոչ միայն պարելու համար: «Հեստապարային» ակումբի հաջորդ հմայքը, անշուշտ, նարկոտիկային «շրջապտույտն» է՝ տարբեր դրսեւորումներով: Մեծ խելք ունենալ պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչ «օֆշորային» գոտիներ են դրանք մեծ փողեր լվալ-մաքրելու համար»:

«Կապիտալ» թերթին հարցազրույց է տվել Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը: Հարցին, թե կարելի՞ է ասել, որ վարկավորման գործընթացն ամբողջովին վերականգնվել է` հասնելով նախաճգնաժամային մակարդակին, Ղուկասյանը պատասխանում է. - «Բազմիցս ասել եմ եւ նորից պատրաստ եմ կրկնել, որ բանկերի կողմից վարկավորման ընթացքը երբեք չի դադարեցվել, այլ որոշակի ժամանակահատվածում բանկերը պարզապես ավելի խիստ մոտեցում սկսեցին ցուցաբերել վարկավորման նկատմամբ, որն արդարացված էր: Այդ դանդաղեցման գործընթացը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էր: Այսօր խոսել այն մասին, որ վերադարձել ենք վարկավորման նախաճգնաժամային ակտիվությանը, սխալ կլինի, բայց նախադրյալներ կան, այդ ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվում: Այսօր ե՛ւ բանկերը, ե՛ւ հաճախորդներն ավելի ակտիվ են, քան անցյալ ժամանակահատվածում»: Բանկերի միության նախագահը նաեւ ամփոփում է բանկային համակարգի եռամսյակային արդյունքները. - «Բանկերի կողմից հրապարակված հաշվետվությունները ցույց են տալիս, որ համեմատած անցած տարվա դեկտեմբերի հետ` բոլոր հիմնական ցուցանիշներով գրանցված է աճ: Ակտիվների մասով` 5.3%, վարկեր եւ փոխառություններ` 7.4%, ընդհանուր պարտավորություններ` 5.9%, այդ թվում` հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մասով` 7.4%»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG