Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ի մամուլ


Կարեւոր համարելով ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված` սփյուռքի հայկական կառույցների ջանքերը, «Առավոտ»-ի խմբագիրը, այդուամենայնիվ, նկատում է. - «Աշխարհի առաջ բազմաչարչար եւ կոտորված երեւալու ժամանակը այսօր հաստատ անցել է: Իմ կարծիքով, դա երբեւէ պետք չէր անել, բայց այդպես էր վարվում, մասնավորապես, Խորհրդային Հայաստանի քարոզչությունը` ըստ երեւույթին, ոչ առանց հատուկ միտումի: Աշխարհը արցունքներին չի հավատում: Թուրքիան` առավել եւս: Թուրքերի հասցեին մեր անեծքների ազդեցության տակ մեր հարեւանները չեն փոխվի: Հետեւաբար մե'նք ներսում պիտի փոխվենք: Այսօր դրա նախադրյալները կան. մենք ունենք պետություն եւ բանակ, որը հաղթանակներ է տարել: Ունենք մշակույթ, որի հարստությունը եւ բազմազանությունը «կհերիքեր» մի քանի ազգի: Ցեղասպանությամբ հպարտանալ հնարավոր չէ, կարելի է հպարտանալ մեր այն հայրենակիցներով, որոնք այդ տարիներին փորձել են դիմադրել հրոսակներին, պաշտպանել իրենց տներն ու գյուղերը: Կարելի է, անշուշտ, նաեւ դասեր քաղել այդ աղետից. թեեւ կանխել թուրքական կառավարության ծրագիրը հայերը, հավանաբար, չէին կարող, բայց արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպել ի վիճակի էին»:

«Հրապարակ»-ը արձանագրում է. - «Հայոց ցեղասպանությունը մի ողբերգություն է, որը չի մնում անցյալում: Եթե մի օր, մոտ կամ հեռու ապագայում, ոչ միայն թուրք հասարակական-մշակութային գործիչները, այլեւ թուրքական իշխանություններն էլ Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեն, Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջեւ խոնարհվեն, նույնիսկ իրենց աստծո առջեւ երդվեն, որ աշխարհի որեւէ ծագում թույլ չեն տա նման ողբերգության կրկնություն, հայերը չեն դադարի ցեղասպանությունը հիշելուց»: «Ինչո՞ւ», - հարց է տալիս հոդվածագիրն ու ինքն էլ պատասխանում. - «Որովհետեւ հայրենիքի կորսված կամ գտնված լինելուց, այնտեղ վերադառնալուց կամ չվերադառնալուց հիշողություն չի փոխվում: Նույնիսկ այն ժողովուրդները, որոնց պատմությունը ոչ թե էթնոսի, այլ տարածքի պատմություն է, իրենց ազգային ինքնագիտակցության համար այլ խարիսխ ու հենք չունեն, քան սեփական պատմության ելեւէջները, թռիչքներն ու անկումները»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը պատմության մեջ է մտնելու որպես բեկումնային պահ 20-րդ դարի սկզբներին իրականացված աննախադեպ ոճրագործության միջազգային ճանաչման գործընթացում։ Ներկա ապրիլ 24-ին գնալով ավելի ու ավելի ամրապնդվող նման համոզմունքը հիմնվում է ոչ միայն վերջին շրջանում միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արտահայտվողների թվի կտրուկ մեծացման, այլեւ միջազգային հանրության տեսակետների խորքային փոփոխության փաստի վրա»։

«Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է քննել Սերժ Սարգսյանի ուղերձը` բխեցնելով. - «Որքան էլ տարօրինակ է, բայց հայ - թուրքական գործընթացի կասեցումն ամենաշատը ուրախացրել է Թուրքիայի իշխանություններին: Նրանք, ի դեպ, դա չեն էլ թաքցնում. պարզապես այդ մասին հայտարարում են ոչ թե պաշտոնական մակարդակով, այլ զանազան փորձագետների եւ վերլուծաբանների շուրթերով: Ասվածի հիմնական իմաստն էլ այն է, որ Թուրքիան այլեւս միջազգային հանրության առջեւ արդարանալու պատճառ չունի, որովհետեւ Հայաստանն առաջինն է պաշտոնապես կասեցրել գործընթացը: Այլ կերպ ասած, իր այդ քայլով Սերժ Սարգսյանը շատ մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային (մանավանդ որ ստորագրությունը ետ չի վերցրել)»:

«Ժամանակ»-ի խմբագրականը անդրադառնում է այն հաղորդումներին, համաձայն որոնց` Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, խոսելով Թուրքիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կազմ ներառելու խնդրի, ինչպես նաեւ արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու Իրանի առաջարկի մասին, ասել էր. - «Համապատասխան գնահատականներ տալու համար մեզ անհրաժեշտ է շփումներ ունենալ բոլորի հետ, ովքեր մասնակցում են բանակցություններին, եւ պարզել նրանց վերաբերմունքը տվյալ հարցերին: Հենց դրանով էլ մենք այժմ զբաղված ենք»: Թերթը մեկնաբանում է. - «Սա բավական ուշագրավ հայտարարություն է, մասնավորապես այն պատճառով, որ կարծես թե առաջին անգամ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի ԱԳՆ-ի պաշտոնյայի մակարդակով հայտարարվում է, որ Մինսկի խումբ Թուրքիայի ներգրավելու հարցը պետք է քննարկվի: Խնդիրն այն չէ, որ այդ հարցի քննարկումը ամենայն հավանականությամբ որեւէ հեռանկար չի էլ ունենալու, քանի որ բանակցությունների մասնակիցներից, թերեւս, միայն Ադրբեջանը կտա Թուրքիայի ներգրավման համաձայնություն: Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի մակարդակով հայտարարվում է այդ հարցը դիտարկելու, քննարկելու մասին: Մյուս ուշագրավ հանգամանքն էլ այն է, որ այդ երկիրը, որը խոսում է Թուրքիայի ներգրավման հարցը ուսումնասիրելու մասին, ոչ այլ ոք է, քան մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG