Մատչելիության հղումներ

Հանրային խորհուրդը հեռարձակող լրատվամիջոցների էթիկայի սկզբունքներ է մշակել


Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված Հանրային խորհուրդը մշակել է հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքներ։ Ապրիլի 21-ին փաստաթուղթը ստորագրելու են հայաստանյան 16 հեռուստաընկերությունների ղեկավարներ։

Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել հայաստանյան 4 տասնյակից ավելի լրատվամիջոցների կողմից ընդունված «Զանգվածային լրատվամիջոցների վարքականոնը», միջազգային փորձը։ Հանրային խորհրդի մշակած փաստաթղթի համար նաեւ հիմք է ծառայել վերջերս աղմուկ հանած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշման նախագիծը՝ «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին»:

Հանրային խորհրդի մշակած էթիկական սկզբունքների Խարտիան ստորագրող հեռուստառադիոհեռարձակողները, ինչպես գրված է փաստաթղթում՝ «պարտավորվում են ընդունել մասնագիտական գործունեությունը կարգավորող վարքականոնների մասին սույն խարտիան, պարտավորվում են մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամավոր կերպով եւ անշեղորեն հետեւել սահմանված նորմերին ու վարքականոններին»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին զարմացնում է այն, որ Հանրային խորհուրդը հետեւողականորեն փորձում է մտնել լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող դաշտ։

«Ինձ թվում է՝ սա ավելի շատ Հանրային խորհրդի համար փնտրտուք է ինչ-որ տեղ զբաղեցնել, իր համար ինչ-որ գործառույթներ գտնել», - երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Նավասարդյանը. - «Բայց ինձ թվում է, որ ոլորտը ճիշտ չի ընտրված, քանի որ լրատվամիջոցները օրենքներով եւ պետական կարգավորմամբ պետք է ղեկավարվեն, կամ ինքնակարգավորման մեխանիզմներով, որտեղ իրենք՝ լրատվամիջոցները, կամավոր կերպով պետք է ձեւավորեն իրենց գործունեությունը կարգավորող մարմիններ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, ներկայացված փաստաթղթից երեւում է, որ՝ «մարդիկ ավելի շատ քաղաքական բնույթ են տվել այս փաստաթղթին, քան պրոֆեսիոնալ, չնայած հեղինակները հղումներ են կատարում Բելգիայի, Հոլանդիայի, նույնիսկ Շվեդիայի օրինակներին»։

Եթե լրագրողական կազմակերպությունների նախաձեռնությամբ դեռ 2007 թվականին ընդունված ԶԼՄ-ների վարքականոնը չէին ստորագրել Հայաստանում գործող որոշ հեռուստաընկերություններ, ապա, Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ «այս պարագայում հեռարձակողների մեծամասնությունը գնալու են եւ ստորագրեն, որովհետեւ սա արդեն առաջարկում է իշխանությունը, կամ իշխանությանը սպասարկող Հանրային խորհուրդը»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները նշում էին, որ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, չի աշխատի։

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի կարծիքով, պատճառներից մեկն այն է, որ՝ «ընդհանրապես այդ ինքնակարգավորումը պետք է հենց լրատվամիջոցներից լինի»։
XS
SM
MD
LG