Մատչելիության հղումներ

Ապրիլի 17-ի մամուլ


«Ժամանակ» թերթը գրում է. - «Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելու մասին տեղեկատվությունը կարելի էր սովորական համարել, եթե այն չհաջորդեր Վաշինգտոն կատարած այցելությանը եւ դրանից հետո Սերժ Սարգսյանի արձակուրդին։ Փաստորեն ըստ էության ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնից գնում է արձակուրդ եւ արձակուրդից վերադառնում է Մոսկվա։ Սա նախ վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի արձակուրդն իրականում բավական աշխատանքային բնույթի է, իսկ թե հատկապես ի՞նչ բովանդակությամբ՝ դա, թերեւս, կերեւա առաջիկայում։ Սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը կարող էին նախագահների հանդիպում պլանավորել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթնաժողովի ընթացքում։ Այն, որ նրանք չարեցին այդ բանը եւ հիմա պատրաստվում են հանդիպել Մոսկվայում ապրիլի 20-ին՝ հիմք է տալիս ենթադրել, որ հանդիպման անհրաժեշտությունը առաջացել է Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցելությունից հետո։ Օրինակ՝ չպետք է բացառել, որ Մոսկվային բավական հետաքրքրել է այն ջերմությունը, որով Վիլսընի շիրիմի մոտ Սերժ Սարգսյանն արտահայտվում էր ԱՄՆ հասցեին։ Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանին կանչում են Մոսկվա նրա հավատարմությունը ստուգելու։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանում էլ Սերժ Սարգսյանը պետք է համարժեք մի բան արտահայտի»։

«Հայոց աշխարհ»-ը Ղրղըզստանում տեղի ունեցած իշխանափոխության առիթով գրում է. - «Վերջին օրերին բարի նախանձով լցված հայ հեղափոխականները անթաքույց հիացմունքով են արտահայտվում ղըրղզական հերթական արյունոտ հեղաշրջման կազմակերպիչների մասին»։Թերթը նշում է՝ հայ հեղափոխականները զարմացած են, թե ինչպե՞ս ղրղըզ գործընկերներին հաջողվեց 1 օրում երկիրը գլխիվայր շուրջ տալինչն իրենց չի հաջողվում ամբողջ 12 տարի։ - «Մեկը մյուսին հերթ չտալով, նույնիսկ թվարկում են այն ընդհանրությունները, որ իբր կան Ղրղըզստանի ու Հայաստանի իշխանությունների, սոցիալ-տնտեսական առումով երկու երկրներում տիրող «ծանր», «պայթունավտանգ» իրավիճակների միջեւ։ Ամեն ինչ կարծես թե նույնն է, բայց ինչու մեզանում 10 մարդուց ավելի չի զոհվում եւ, որ ամենակարեւորն է, չեն կարողանում մի քանի ժամում բռնապետական ռեժիմը տապալել, ահա հենց այս գլխավոր հարցն է, որ տանջում է հեղափոխականներին»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախօրեին պարզվել է, որ հայ-թուրքական սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալում գողություն է տեղի ունեցել։ Գողացել են ուղեկալը հենակետի հետ կապող հեռախոսակապի մալուխի 200 մետրանոց հատվածը»։ Թերթը մեկնաբանում է. - «Այ հիմա իսկապես կարելի է վստահ լինել, որ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, եւ դարավոր ոսոխը չի համարձակվի ոտնձգություններ կատարել մեր բիբլիական հայրենիքի նկատմամբ։ Չէ, իսկապես, ինչպե՞ս պիտի ռուս սահմանապահները պահպանեն սահմանը, եթե նույնիսկ իրենց ուղեկալի հեռախոսակապի կաբելը չեն կարողանում պահպանել։ Այնպես որ, հայ-թուրքական սահմանում վիճակը համեմատաբար լավ է։ Համենայն դեպք, սահմանապահներին չեն գողացել, միայն կաբելն են տարել»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ, գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Ընտրություն» կոչվող ֆիլմի խոստացված պրեմիերան, որը երեկ կայանալու էր Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի փոքր թատրոնի դահլիճում, արգելվել էր ԿԳ նախարարության կողմից։ Թերթը շարունակում է. - «Նախարարության պաշտոնյա Արման Այվազյանը, ինչպես տեղեկանում ենք կատարվածի առնչությամբ Պասկեւիչյանի տարածած հայտարարությունից, նրան է տրամադրել համապատասխան իրավական ակտը եւ, որպես ֆիլմ արգելելու հիմնավորում, մատնացույց արել ակտում տեղ գտած ձեւակերպումը, թե ուսումնական հաստատություններում չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը։ Պասկեւիչյանն այս արգելքը ապօրինի համարելով՝ նշում է, որ հեղինակի եւ հրավիրված հանդիսատեսի նկատմամբ խախտվել է Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը։ Նա նաեւ դիմում է Մշակույթի նախարարին՝ կինոթատրոններից որեւէ մեկում նշված հոդվածի խախտումը վերացնելու պահանջով»։

«Հրապարակ»-ը անդրադարձել է Ոստիկանության օրվան նվիրված տոնակատարություններին։ Թերթը գրում է. - «Ալիկ Սարգսյանը իր առաջ նպատակ է դրել բարձրացնել ոստիկանության հեղինակությունը, ցույց տալ, որ ոստիկանն էլ մարդ է եւ հարգանքի արժանի է, ու դա փորձում է անել այս եղանակով Բայց արդյո՞ք հարգանքը ստիպողաբար, համոզելով կամ տոնական շքերթների միջոցով է հաստատվում։ Ո՞վ կհարգի այն ոստիկանին, որն արգելում է քաղաքացիներին ազատ տեղաշարժվել իր հարազատ քաղաքում, ազատ արտահայտվել եւ բողոքի ակցիաներ անել։ Ո՞վ կհարգի այն ոստիկանին, որը մարդուն տանում է ոստիկանություն, փորձում գլխին կոտրել որեւէ հանցանք եւ դրա համար բռնություն է գործադրում ու ինքնախոստովանական ցուցմունքներ կորզում։ Ինչպե՞ս կարելի է հագել այն համակարգը, որտեղ հանցագործության ականատեսին վկա են կանչում եւ այնքան ծեծում, որ նա պատուհանից իրեն դուրս է նետում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG