Մատչելիության հղումներ

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի մի շարք երթուղիներ առավոտյան պարապուրդի էին մատնվել


Լցակայաններում գազի գնի հերթական թանկացմամբ պայմանավորված՝ երկուշաբթի օրը Երեւանի ներքաղաքային մի շարք երթուղիներ, մասնավորապես՝ Էրեբունի եւ Նորքի զանգվածները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները դադարեցրել էին աշխատանքը։

Ապրիլի 1-ից ավտոգազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը 180-ից դարձավ 200 դրամ։ Լցակայաններում թանկացումները պայմանավորեցին «ՀայՌուսգազարդ»-ի կողմից մատակարարվող գազի գնի թանկացմամբ. խոշոր սպառողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը ապրիլի 1-ից սահմանվել է 243 դոլար՝ նախկին 215-ի փոխարեն։ Հիմնականում գազով աշխատող հասարակական տրանսպորտի վարորդները կարծես թե հաշտվել էին այս թանկացումների հետ, սակայն նախօրեին լցակայաններում գազի գինը կրկին 20 դրամով բարձրացել է։

«14 հազար դրամ օրվա պլանն է, 9 հազար դրամ՝ գազի ծախսը, մնացած մեքենայի հետ կապված մանր-մունր ծախսերն էլ են մեր վրա, տակը ոչ մի բան չի մնում, առանց կոպեկ գնում ենք տուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց դժգոհությունները ներկայացրեց միկրոավտոբուսի մի վարորդ։ Մեկ այլ վարորդ հավելեց. - «Մենակ մեր գծով չէ, ահագին գծեր կան կանգնած գազի թանկացման պատճառով»։

Վարորդները ասում էին, թե այսպիսի պայմաններով նպատակահարմար չեն գտնում աշխատելը։ Նրանց հիմնական պահանջն է՝ նվազեցնել գազի սակագինը, թեեւ ոմանք նաեւ ասացին, թե ժամանակն է թանկացնել ուղեվարձը։

«Սնունդը թանկացել է, գազը թանկացել է, ամեն ինչը թանկացել է։ Բացի ուղեվարձից ամեն ինչը թանկացել է», - նշում էին նրանք։

Կեսօրին մոտ լուր ստացվեց, որ երեւանյան լցակայաններում գազի նոր թանկացումը չեղյալ է հայտարարվել եւ 1 խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով։ Վարորդներից շատերը որոշեցին վերադառնալ երթուղի, թեեւ ոմանք շարունակում էին դժգոհել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG