Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կկայանան Սերժ Սարգսյանի հանդիպումները Բարաք Օբամայի եւ Ռեջեփ Էրդողանի հետ


Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, հանդիպումը նախատեսված է օրվա առաջին կեսին՝ տեղական ժամանակով ժամը 12-ին։

Անդրադառնալով այդ հանդիպմանը` ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել էր, թե Վաշինգտոնը շատ է կարեւորում պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունները։

«Միացյալ Նահանգները շատ կարեւոր երկկողմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ», - հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերը եւ անդրադառնալով հայ - թուրքական արձանագրություններին` ընդգծել, թե Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է խթանել հաշտեցման գործընթացը։

Մինչ Բարաք Օբամայի հետ բանակցությունները, ակնկալվում է, որ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Անկարայում հուսով են, որ այդ բանակցությունները կվերակենդանացնեն հայ - թուրքական հաշտեցման` փակուղի մտած ջանքերը», - նախօրեին նշել էր Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարել էր, թե պաշտոնական Երեւանը գրեթե կայացրել է իր որոշումը գործընթացի վերաբերյալ, որը, սակայն, կհրապարակի վաշինգտոնյան բանակցություններից հետո։

Առաջիկա հանդիպման վերաբերյալ կիրակի օրը` Վաշինգտոն մեկնելուց առաջ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս նշել է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շարունակում է պաշտպանել այն դիրքորոշումը, որն ինքը արտահայտել էր 2005 թվականին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած նամակում։

«Մեր համոզմամբ, 1915 թվականի իրադարձություններին վերաբերող հարցերը պետք է լուծվեն պատմական հանձնաժողովների, ոչ թե օրենսդիր մարմինների կողմից», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը։

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում մեկնարկող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան նաեւ Միացյալ Նահանգների նախագահն ու Թուրքիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG