Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կկայանան Հայաստանի նախագահի հանդիպումները ԱՄՆ-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հետ


Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, հանդիպումը նախատեսված է օրվա առաջին կեսին՝ տեղական ժամանակով ժամը 12-ին։ԼՐԱՑՎԱԾ

Անդրադառնալով այդ հանդիպմանը` ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել էր, թե Վաշինգտոնը շատ է կարեւորում պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունները։

«Միացյալ Նահանգները շատ կարեւոր երկկողմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ», - հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերը եւ անդրադառնալով հայ - թուրքական արձանագրություններին` ընդգծել, թե Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է խթանել հաշտեցման գործընթացը։

Մինչ Բարաք Օբամայի հետ բանակցությունները, ակնկալվում է, որ Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Անկարայում հուսով են, որ այդ բանակցությունները կվերակենդանացնեն հայ - թուրքական հաշտեցման` փակուղի մտած ջանքերը», - նախօրեին նշել էր Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, Վաշինգտոն մեկնելուց առաջ հայտարարել էր, թե պաշտոնական Երեւանը գրեթե կայացրել է իր որոշումը գործընթացի վերաբերյալ, որը, սակայն, կհրապարակի վաշինգտոնյան բանակցություններից հետո։

«Ամենակարեւորը` մենք արդեն մեր որոշումը համարյա թե ունենք: Բայց հիմա ճիշտ չէ այդ որոշման մասին խոսել. մենք մեր որոշումը կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ որ ամբողջովին համոզվենք մեր որոշման ճիշտ լինելու մեջ», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Առաջիկա հանդիպման վերաբերյալ կիրակի օրը` Վաշինգտոն մեկնելուց առաջ, հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս նշել է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան շարունակում է պաշտպանել այն դիրքորոշումը, որն ինքը արտահայտել էր 2005 թվականին` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած նամակում։

«Մեր համոզմամբ, 1915 թվականի իրադարձություններին վերաբերող հարցերը պետք է լուծվեն պատմական հանձնաժողովների, ոչ թե օրենսդիր մարմինների կողմից», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեին` Էրդողանն ասել է. - «Այդօրինակ փաստաթղթերը մեզ չեն պարտավորեցնում, եւ Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների հարցում հստակ է եւ հայտնի»։

Թուրքիայի վարչապետը միաժամանակ նշել է, թե այդ բանաձեւի ընդունումից հետո թուրք - ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը այժմ թուլացել է` ամերիկյան կողմից վերջին շրջանում հնչող հավաստիացումների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ Թուրքիայի արտգործնախարարի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի շնորհիվ։

Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` կիրակի օրը Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին եւ ընդգծել, որ Թուրքիան կարեւորում է առաջընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերում:

«Մինսկի եռյակը պետք է լինի շատ ավելի ակտիվ, պետք է գործադրի ջանքեր, որոնք արդյունք տային», - հայտարարել է Էրդողանը, նշելով, որ այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հետ. ավելի վաղ` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, իսկ վերջերս Փարիզ կատարած այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում մեկնարկող Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում կունենան նաեւ Միացյալ Նահանգների նախագահն ու Թուրքիայի վարչապետը։

Նախնական տվյալների համաձայն` Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի վաշինգտոնյան բանակցությունները կմեկնարկեն երկուշաբթի օրը Երեւանի ժամանակով ժամը 18:30: Օբամա - Սարգսյան հանդիպումը կմեկնարկի հայ - թուրքական բանակցությունների ավարտից հետո` Վաշինգտոնի Համաժողովների կենտրոնում, որտեղ ընթանում են Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի աշխատանքները:

Երկու նախագահների հանդիպմանը, ըստ Վաշինգտոնից ստացված տեղեկությունների, մասնակցելու է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Վաշինգտոնյան գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը թուրք - ամերիկյան բանակցությունների ճակատագիրն էր: Անցած շաբաթ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը լրագրողներին ասել էր, թե Վաշինգտոնում Օբամայի եւ Էրդողանի միջեւ առանձին հանդիպում նախատեսված չէ: Իսկ շաբաթավերջին Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Hurriyet-ի թղթակցին փոխանցել էր, թե Թուրքիայի վարչապետը եւ Սպիտակ տան ղեկավարը «զրուցելու հնարավորություն կունենան, քանի որ կայանալիք միջոցառումներից մեկի ժամանակ նստած են լինելու կողք-կողքի»:

Կիրակի օրը, սակայն, Ստամբուլի միջազգային օդանավակայանում` ԱՄՆ մեկնելուց առաջ, Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Բարաք Օբամայի հետ առանձին հանդիպում, այնուամենայնիվ, կայանալու է: Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը երկուշաբթի օրը հաստատել է այդ տեղեկությունը, նշելով. - «Օբաման խտացրել է իր հանդիպումների ժամանակացույցը` Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու նպատակով: Մեծ էր մեր ցանկությունը` օգտագործել այս հնարավորությունը վարչապետ Էրդողանի հետ խորհրդակցելու համար»: Ռոդսը հավելել է, թե թուրք - ամերիկյան բանակցությունների առանցքային թեմաներն են լինելու` Իրանը եւ Հայաստանը:

Վաշինգտոնյան բանակցությունների շեմին ամերիկահայ ավելի քան մեկեւկես տասնյակ կազմակերպություններ դիմել են Հայաստանի նախագահին` կոչ անելով Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Հայոց ցեղասպանութան ճանաչման հարցը:

«Հարգարժան նախագահ, կոչ ենք անում ձեզ սատարել ամերիկահայության գործադրած ջանքերին` հրապարակային գնահատականի արժանացնելով թիվ 252 բանաձեւի ընդունումը, ինչպես նաեւ այն կոնգրեսականներին, որոնք աջակցեցին այդ բանաձեւի նախագծին: Այսպիսով դուք ողջ աշխարհին հստակ ուղերձ հղած կլինեք` ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի միջազգայնացման կարեւորությունը», - նշում են նամակի տակ ստորագրած հայկական կազմակերպությունները:

Ամերիկահայերը նաեւ գրում են. - «Հայ - թուրքական երկխոսությունն ու արձանագրությունների ստորագրումը չպետք է որպես պատրվակ օգտագործվեն` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խափանելու համար: Հույս ունենք, որ Հայաստանի նախագահը կդիմի նախագահ Օբամային եւ ողջ համաշխարհային հանրությանը` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպնությունը»:

Ուղերձի վերջում ամերիկահայերը Սերժ Սարգսյանին կոչ են անում դուրս գալ հայ - թուրքական հաշտեցման գործընթացից:

«Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, որ Թուրքիայի հետզհետե կոշտացող դիրքորոշմանն ի պատասխան` դուք Վաշինգտոնում կհայտարարեք, որ այլեւս հնարավոր չէ շարունակել արձանագրությունների ստորագրմամբ սկիզբ առած գործընթացը: Նման քայլի պատճառը Թուրքիայի ցուցաբերած ապակառուցողական եւ թշնամական դիրքորոշումն է», - գրում են ամերիկահայ առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ապրիլի 9-ով թվագրված այս նամակի տակ ստորագրել են ամերիկահայ 16 կազմակերպություններ, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության` ԱՄՆ-ի տարածքում գործող երկու թեմերը, Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցությունների կառույցները, Ամերիկայի Հայկական խորհուրդը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG