Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունը ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա ճնշումների աճ է արձանագրում


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյակային զեկույց է ներկայացնում, 08-ը ապրիլի, 2010թ.
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյակային զեկույց է ներկայացնում, 08-ը ապրիլի, 2010թ.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս տարվա հունվար-մարտ ամիսներին արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 5, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների՝ 4, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 6 դեպք: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Այն գործելակերպը, որը որդեգրել են իրավապահ մարմինները ինֆորմացիոն ոլորտի կոնֆլիկտների առումով, ոչ մի հավատ չի ներշնչում, որ մեղավորները ի հայտ կգան եւ կստանան իրենց պատիժները», - հայտարարեց լրատվական կազմակերպության ղեկավարը։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի ավելի շատ լինելը պայմանավորված է հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններով: Եռամսյակի հիմնական խախտումները արձանագրվել են հենց այդ օրը»,- նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը՝ հավելելով - «Բոլոր դեպքերում մեղավորները ի հայտ չեն եկել եւ որեւէ մեկը չի պատժվել»։

Կոմիտեի եռամսյակային զեկույցում ընդգրկվել են նաեւ խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենքներում կատարվող փոփոխությունները այս տարվա առաջին եռամսյակում:

Օրենսդրական դաշտում Կոմիտեն դրական միտում է արձանագրել. մարտի 17-ին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածում՝ խստացնելով լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար նախատեսվող պատժաչափը:

Կոմիտեն բացասական միտում է արձանագրում կոալիցիոն ուժերի նախաձեռնած նոր օրենսդրական փաթեթում, որով նախատեսվում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը, եւ որը առաջին ընթերցմամբ ԱԺ-ում արդեն ընդունվել է:

«Ներկա ձեւակերպմամբ փաստաթուղթը շատ մեծ վտանգներ է պարունակում խոսքի ազատության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների գործունեության համար», - նշեց Մեսրոպ Հարությունյանը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ տնտեսական միջավայրի եւ պայմանների ազդեցությանը ԶԼՄ-ների գործունեության վրա։ Այս եռամսյակում արձանագրվել է նման մեկ դեպք, երբ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գովազդատու 26 կազմակերպություններ հեռուստաընկերության եթերից հանել են իրենց գովազդները, ինչը լրագրողական կազմակերպության կողմից գնահատվել է որպես տնտեսական ճնշման փորձ։
XS
SM
MD
LG