Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ռեջեփ Էրդողանի առաջարկը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու` վերջինիս առաջարկը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահի հետ հանդիպում էր հայցել իր հատուկ բանագնաց` Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջոցով, որին Սերժ Սարգսյանը ընդունել էր չորեքշաբթի օրը:

Հայաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում մասնակցելու են ապրիլի 12-13-ը կայանալիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Սարգսյան - Էրդողան հանդիպման ստույգ օրը առայժմ հայտնի չէ:

Սա Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ առաջին հանդիպումն է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման պաշտոնական մեկնարկից հետո, երբ անցած տարվա ապրիլի 22-ին երկու երկրների, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտգործնախարարությունները համապատասխան հայտարարություն ստորագրեցին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG