Մատչելիության հղումներ

Ապրիլի 8-ի մամուլ


«Ժամանակ»-ն իր առաջնորդողում գրում է. - «Թուրքիան կամ ծաղրում է Հայաստանին, կամ Միացյալ Նահանգները շատ խիստ է դրել հարցը Թուրքիայի իշխանության համար: Այլապես շատ դժվար է հասկանալ այն երկկողմ հանդիպման հայցումը, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի բանագնացը ներկայացնում է Հայաստանի իշխանությանը: Ստացվում է, որ եթե Հայաստանի իշխանությունը համաձայնի, ապա երկկողմ հանդիպումը կլինի, իսկ եթե ոչ՝ ապա Էրդողանը կմնա ձեռնունայն: Իսկ այդ հանդիպումը, ենթադրաբար, Էրդողանին թերեւս պետք է, այլապես նա ինչու պիտի խնդրեր հայկական կողմին: Հանդիպում են, թող հանդիպեն, իսկ եթե ոչ, ուրեմն թող Միացյալ Նահանգները մտածի, որ բերել հասցրել է Վաշինգտոն, բայց չի կարողացել հանդիպում կազմակերպել»:

«168 ժամ»-ը, հղում անելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը, հայտնում է. - «Պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկներ: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Մանուչեհր Մոթաքին: «Հույս ունենք, որ կողմերը կձեռնարկեն դրական քայլեր հակամարտության կարգավորման առնչությամբ», - Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Մկրտիչ Մինասյանը (ՀՀԿ) ասում է. - «Լեգիտիմության պակասի պատճառով անհարկի զիջումների մասին խոսելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ երեւույթին, նկատի ունի 1996-97 թվականների ոչ լեգիտիմ իշխանություններին։ Այս դեպքում ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ հանրապետության նախագահը ընտրվել են ձայների գերակշիռ մեծամասնությամբ, այնպես որ դա ընդամենը քարոզչական հնարք է՝ քաղաքական խոհանոցից վերցրած հին, մաշված գործիք, որ Տեր-Պետրոսյանը փորձում է օգտագործել։ Ինչ վերաբերում է նրան, թե հայկական կողմի «երբեմնի ուժեղ» դիրքերը թուլացել են, սրանից եւս ճշմարտության հոտ չի գալիս։ Եթե 1997թ. ինքը հանդես եկավ «ծրագրային» հոդվածով՝ հանրությանը նախապատրաստելով զիջումների, ոչ թե փոխզիջման, որովհետեւ ի՞նչ էր առաջարկում՝ հանձնել ազատագրված տարածքները, սպասելով, որ ինչ-որ ժամանակ այդ խնդիրը ինչ-որ ձեւով պիտի լուծվի, հիմա նման խնդիր չի դրվում։ Անլուրջ է զբաղվել նման բառախաղերով՝ փորձելով պատրանք ստեղծել, թե մեր դիրքերը թուլացել են, դրա համար էլ գնում ենք զիջումների»։

«Առավոտ»-ը գրում է. - «Երեւանում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամները թե' համաժողովի ժամանակ եւ թե' հանրահավաքում իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ: Եվ ահա հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանը որոշեց արժանի հակահարված հասցնել իրավապաշտպաններին՝ հատկապես առանձնացնելով նրանց, ովքեր մաշկի սեւ գույն ունեն: Պատգամավորի հակափաստարկը հետեւյալն է. «Ակամայից հիշեցի պատմության որոշ դրվագներ, երբ նույն սեւամորթ իրավապաշտպանի պապերի օրոք 1915 թվականին ցեղասպանություն տեղի ունեցավ, եւ նրանց պապերը ներողամտորեն ժպտում էին եւ ինչ-որ տեղ հավանություն էին տալիս»: Հիշեցնենք, որ Երեւան ժամանած իրավապաշտպանները ներկայացնում են, մասնավորապես, Չադը, Սենեգալը եւ Նիգերիան: Հասկանալու համար, թե ինչով էին զբաղված նրանց պապերը 1915 թվականին, պետք է հաշվի առնել, որ 20-րդ դարի սկզբին այդ երկրները Ֆրանսիայի եւ Բրիտանիայի գաղութներն էին: Շատ հավանական է, հետեւաբար, որ վերոհիշյալ իրավապաշպանների պապերը խնդրո առարկա ժամանակահատվածում ստրուկ էին եւ առավոտից մինչ երեկո աշխատում էին սուրճի կամ, ասենք, մանդարինի պլանտացիաներում: Տրամաբանական կլինի ենթադրել, որ այդ վիճակում գտնվելով՝ նրանք որեւէ տրամադրություն չունեին ներողամտորեն ժպտալու, եւ առավել քան հնարավոր է, որ այդ պապերը ընդհանրապես չգիտեին, թե ինչ է կատարվում այլ մայրցամաքում գտնվող Օսմանյան կայսրությունում»:

«Կապիտալ»-ի թղթակիցը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանին հարցնում է. - «Վերջին մեկ ամսվա ընթացքում արտարժութային շուկայում փոխարժեքի էական տատանումներ են տեղի ունենում։ Ըստ Ձեզ` դրանք սպեկուլյատի՞վ են, թե՞ ոչ»։ Մինասյանը պատասխանում է. - «Ակնհայտ է մեկ բան` քանի դեռ արտարժութային քաղաքականությունը հիմնված չէ տնտեսության ֆունդամենտալների վրա, այն միշտ ունենալու է նման տատանողական բնույթ։ Այդ տատանումները զսպելու ԿԲ-ի որեւէ ցանկություն ունենալու է կարճաժամկետ բնույթ։ Եթե դու չունես երկարաժամկետ տեսություն, ապա կարճաժամկետ գործողությունները բերելու են ավելի բացասական սպասումների։ Այլ կերպ ասած` երբ կառավարությունը եւ ԿԲ-ն պնդում են, որ չպետք է տարբեր հայտարարություններով խուճապային իրավիճակ ստեղծել, իրենք իրենց վարքագծով են այդպիսի իրավիճակ ստեղծում։ Քաղաքացիներին, լրագրողներին, քաղաքական ուժերին մեղադրելու փոխարեն անհրաժեշտ է, որ նրանք իրենց քաղաքականության մեջ ճշգրտումներ կատարեն եւ վերադառնան ֆունդամենտալներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG