Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ընդհարման հետեւանքով կան զոհեր


Առնվազն 5 մարդ է զոհվել այսօր Բիշքեկում` Ղրղըզստանի նախագահի նստավայրի մոտ հակակառավարական ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ ընդհարման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության ֆոտոթղթակիցը հաստատել է ականատեսների վկայությունները, որ բախումներից հետո նախագահական նստավայրի մոտ` կենտրոնական հրապարակում 5 անկենդան մարմիններ կան: «Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է 4 զոհվածների մասին: Տեղի հիվանդանոցներից հաղորդել են առնվազն 6 վիրավորների ընդունելու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների փոխանցմամբ, կրակոցները հնչել են, երբ հազարավոր ցուցարարներ շրջապատել էին նախագահական նստավայրը եւ պահանջում էին երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականը:

Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները ականատես են եղել ցուցարարների կողմից իրավապահների քարկոծմանը, ինչից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ այլ հատուկ միջոցներ էր կիրառել ցույցը ցրելու համար, ապա օգնության էին հասել զինվորականները:

Դատախազությունը այսօր «լուրջ հանցագործությունների» մեղադրանք է առաջադրել ընդդիմության առաջնորդներ` նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւին եւ «Աթա-Մեթեն» կուսակցության ղեկավար Օմուրբեկ Թեքեբաեւին, որոնք ձերբակալվել են նախօրեին: Ընդդիմության առաջնորդներից առայժմ ձերբակալված չէ Ռոզա Օթունբաեւան, որը անցել է ընդհատակ:

Բողոքի բազմամարդ ցույցեր են տեղի ունենում նաեւ երկրի Օշ քաղաքում, Թալաս եւ այլ բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG