Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը մեկնաբանում է «Ժառանգության»` «Կլոր սեղանի» առաջարկը. - «Կարծում եմ, առաջարկության հեղինակներն էլ նախապես համոզված էին, որ քաղաքական նոր ձեւաչափ հնարելու ոչ միայն անհրաժեշտություն, այլեւ պահանջարկ չկա: Պարզապես չկա քաղաքական որեւէ հարց, որը «Ժառանգության» նշած կուսակցությունները չեն կարող քննարկել մեր երկրի գլխավոր քաղաքական ներկայացուցչական մարմնում` Ազգային ժողովում: Իսկ եթե այդ առաջարկության միակ նպատակն այն է, որ քաղաքական քննարկումներին մասնակցի նաեւ արտախորհրդարանական ՀԱԿ-ը, ապա վաղուց նման ձեւաչափ հանրապետության նախագահը ոչ միայն առաջարկել է, այլեւ արդյունավետորեն գործադրել է: «Ժառանգությունը» փաստորեն ոչ մի նոր առաջարկ էլ չի արել, այլ ուղղակի եւ անհաջող կրկնօրինակել է ներքաղաքական, ազգային ու պետական կարեւորագույն հարցերը միասնաբար քննարկելու նախագահ Սերժ Սարգսյանի ներմուծած վաղեմի քաղաքական բանաձեւը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է Քոչարյան - Բրադկե հանդիպումը. - «Ռոբերտ Քոչարյանն այսօր Հայաստանի քաղաքական կյանքում «դե յուրե» որեւէ կարգավիճակ չունի: Նա, կարելի է ասել, բացարձակապես ոչինչ է: Որպես Հայաստանի նախկին նախագահ` նա, իհարկե, ինչ-որ «պատվավոր» կարգավիճակ ունի, կարող է իր համար ինչ-որ արտոնություններ պահանջել եւ ստանալ, բայց սրանք բոլորը «բարոյական հարթության» հարցեր են, իսկ ռեալ կարգավիճակի առումով Ռոբերտ Քոչարյանն ընդամենը շարքային գործազուրկ է, որը նունիսկ սեփական կուսակցություն չունի (որովհետեւ ժամանակին հարմար էր համարել առաջնորդվել «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կատարելապես ախմախ կարգախոսով): Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, այսօր բոլորովին այլ կարգավիճակ ունի եւ հասարակությանը ներկայանում է որպես ոչ թե ՀՀ նախկին նախագահ, այլ որպես քաղաքական շատ կոնկրետ ուժի (Հայ ազգային կոնգրեսի) առաջնորդ: Այսինքն, եթե նույն Մինսկի խմբի համանախագահները հանդիպեին Տեր-Պետրոսյանի հետ, դրանում տարօրինակ ոչինչ չէր լինի»:

«Հայկական ժամանակ»-ը Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանին հարցնում է. - «ՀՀ եւ ԼՂ կատարած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցի ժամանակ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկված փաստաթղթի 4 կետերի շուրջ անհամաձայնություն ունի: Բայց արդեն Երեւանում նա կտրուկ հայտարարեց, որ նման բան չի ասել: ՀՀ ԱԳՆ-ն էլ որեւէ պարզաբանում չտվեց այս կապակցությամբ: Ի՞նչ է սա նշանակում»: Պատասխան. - «Ես շատ մտահոգիչ եմ համարում այդ հանգամանքը: Նախ, Մերզլյակովը Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից լսում է 4 առարկությունների մասին եւ, ամենայն հավանականությամբ, ԼՂ նախագահը դա ներկայացնում է որպես հայկական կողմի առարկություններ: Գալով Երեւան, Մերզլյակովը երեւի այլ մեկնաբանություն է լսում: Այսինքն, այդ առարկությունները կարծես թե Երեւանում չկան այլեւս, կամ դրանք զգալիորեն մեղմվել են: Հետեւաբար Մերզլյակովը պետք է նոր իրողություն հաստատեր: Հնարավոր է, որ հերթական անգամ մենք գրանցում ենք անհարկի զիջողականություն, ինչը եւ ստիպեց Մերզլյակովին հրաժարվել իր սկզբում ասածից, քանի որ իրավիճակ է փոփոխվել, քանի որ այն, ինչ եղել է Ստեփանակերտում, այլեւս ուժի մեջ չէ Երեւանում»:

«Ժամանակ»-ը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցնում է. - «Տարածքների վերադարձը ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ»: Պատասխան. - «Բազմիցս ասել եմ, որ տարածքների վերադարձը կբերի պատերազմի վերսկսման: Տարածքների վերադարձը կտրուկ փոխում է ռազմաքաղաքական իրավիճակը` ի վնաս Հայաստանի եւ Ղարաբաղի: Դա կբերի հավասարակշռության խախտման. կփոխվի այն ռազմաքաղաքական բալանսը, որ այժմ փաստացի կա: Այսինքն` պատերազմի ընթացքում որոշումների ընդունումը ինքնանպատակ չի եղել. ուղղակի տարածք վերցնենք կամ ազատագրենք: Դա նպատակային, հեռահար քայլ էր` Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից, որպեսզի ծանր զինատեսակները չկարողանան հասնել բնակելի տարածքներին»:

«Իրավունք»-ի հետ զրույցում «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ասում է. - «Գազիֆիկացիան մենք արդեն ավարտել ենք: Հանրապետության 94 տոկոսը կա'մ արդեն օգտվում է բնական գազից, կա'մ այդ գազը, պատկերավոր ասած, հասել է նրան դուռը, եւ միայն նրա ցանկությունն է` օգտվե՞լ, թե՞ ոչ: Ճի՞շտ ենք արել, թե՞ ոչ. Կարծում եմ` այո: Բայց այդ ներդրումների հաշվին 600 հազար բաժանորդի, ընտանիքի հնարավորություն ենք տվել ընտրել` օգտվել գազի՞ց, թե՞ այլ ծառայությունից: Այդ ընտրությունը մարդը կարող է կատարել, բնականաբար, ելնելով իր ֆինանսական հնարավորություններից: Իսկ այս վերջին թանկացման հետ կապված` հաճախ է հնչում նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ սահմանին մոտ 17 տոկոս գազի թանկացման պարագայում այն բնակչության համար թանկացավ 37 տոկոսով: Վերջապես, եթե նույնիսկ գազը սահմանին չթանկանար, ապա միայն [դոլարի] փոխարժեքի աճի պատճառով ներքին շուկայում պե՞տք է այն թանկացնեինք: Զարմանալին այն է, որ նույնիսկ հայտնի տնտեսագետներ են այդ իրավիճակում հարցնում, թե ինչպե՞ս եղավ, որ սահմանին 17 տոկոս թանկացման պարագայում ներքին շուկայում թանկացումը կազմեց 37 տոկոս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG