Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Յան Գիլանին եւ Ջոն Դիին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ Deep Purple ռոք խմբի անդամ Յան Գիլանին եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին:

«Բնականաբար, ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք», - ասել է նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին, ով հայ ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու Հայաստանին:

«Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ», - ասել են Գիլանը եւ Դին: Յան Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա 20 տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:

Անդրադառնալով երեւանյան համերգին` Յան Գիլանը ու Ջոն Դին իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարողական արվեստից:

Հանդիպման մասնակիցները խոսել են նաեւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքի մասին:

«Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG