Մատչելիության հղումներ

Մարտի 26-ի մամուլ


«Հայոց ԱշԽարհ»-ը գրում է. - «Կարելի է համաձայնել Ռոբերտ Քոչարյանի տեսակետների հետ, կարելի է չհամաձայնել։ Ոլորտին շատ թե քիչ ծանոթ լինելու, համապատասխան գիտելիքներ եւ փորձ ունենալու դեպքում կարելի է նույնիսկ քննադատել, բանավիճել, վիճարկել հարցազրույցում տեղ գտած այս կամ այն դրույթը։ Բայց որ հանրապետության երկրորդ նախագահը չէր կարող, ավելին՝ իրավունք չուներ մի կողմ քաշվել, չարձագանքել տնտեսությանը սպառնացող մարտահրավերներին եւ դրանցից բխող արտաքին սպառնալիքներին՝ երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ իրականում երկրորդ նախագահի շուրջ ծավալված այս ամբողջ աղմուկ-աղաղակն ընդամենը մի նպատակ է հետապնդում։ Այն է՝ խնդիրներ ստեղծել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, ճիշտ այնպես, ինչպես երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին, երբ անընդմեջ «ներիշխանական ճգնաժամի» տարբեր (մեկը մեկից անհավանական) սցենարներ էին մոգոնում եւ «տաք-տաք» մատուցում սուր զգացողությունների սիրահարներին, մուտիլովկաներ սարքում եւ փորձում պղտոր ջրում ձուկ որսալ՝ ջանալով սեպ խրել նախագահի եւ վարչապետի, վարչապետի միջեւ»։

«Իրավունք»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռոբերտ Թովմասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Շարունակելո՞ւ է արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ը պնդել, որ պաշտոնանկ արվի Էկոնոմիկայի նախարարը»: Պատգամավորը պատասխանում է. - «ԲՀԿ-ն ուղղակի հայտնել է իր կարծիքը, բայց չի պնդել, որ այս պաշտոնից ինչ-որ մեկին ազատեն: Կուսակցությունը կարող է գնահատական տալ մարդու կատարած աշխատանքի համար՝ դա լինի նախագահ թե սովորական մարդ: Եվ քանի որ դա կոալիցիայի որոշումն էր, թե որ պաշտոնը պիտի զբաղեցնի որ կուսակցության անդամը, բնականաբար, այդ կուսակցությունն է որոշում, թե ով լինի նախարար եւ ով չլինի: Մենք ուղղակի կարող ենք գնահատական տալ՝ մեր դուրը գալիս է նրա աշխատանքը, թե ոչ»: Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում երկրորդ նախագահի վերադարձին, Թովմասյանը արձագանքում է. - «Բոլոր ժամանակներում, պետություններում մեծ դեր են խաղացել անհատները: Ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը լավ դիվանագետ է, փորձառու մարդ, որը այս ճգնաժամի պայմաններում լրացուցիչ ուժ է, որը կարողանում է լոկոմոտիվի դեր տանել միջազգային ասպարեզում: Եվ քանի որ նա երկար տարիներ եղել է երկրի նախագահ, քաջածանոթ մեր տնտեսությանը, եւ նրա վերադարձը, համենայնդեպս, վնաս չէր տա»:

«Ժամանակ»-ին տված հարցազրույցում Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է իր պատկերացումները Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ: Նա ասում է. - «Լուծումը անվտանգության տեսանկյունից այն է, ինչ ունենք: Մինչեւ 94 թվականը մենք անընդհատ ռազմական գործողությունների մեջ ենք եղել, անընդհատ ձեւավորում էինք տարբեր ստորաբաժանումներ՝ կոնկրետ ռազմական խնդիրներ լուծելու համար: Արցախի պատպանության բանակը կարողացավ այդ խնդիրը լուծել: Այդ համակարգը շատ զգայուն է, որեւէ անզգույշ փոփոխություն կարող է բերել շատ լուրջ հետեւանքների: Բանակցային գործընթացը դրա համար էլ շատ կարեւոր է, որպեսզի այս հարցի շուրջ իրենց տեսակետը ասեն Արցախի իշխանությունները: Վերջին հաշվով, այդ տարածքները, որոնք ազատագրվել են, այսօր իրավական առումով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ են: Հայաստանը, Հայաստանի քաղաքական համակարգը չի կարող այդ տարածքների արժեքը այնպես պատկերացնել, ինչպես Ղարաբաղի ժողովուրդը եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները»:

«Հայկական ժամանակ»-ը զրույցել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասսենի հետ: Լրագրողը հարցնում է. - «Կարելի՞ է տեղեկանալ, թե ինչու է համաժողովի օրակարգից հանվել Սերժ Սարգսյանի բացման խոսքը եւ ինչ հանգամանքներով է այդ փաստը պայմանավորված»: Բելասսենը պատասխանում է. - «Ֆեդերացիայի ավանդույթի համաձայն համաժողովի բացման արարողությանը միշտ խոսք է տրվում տվյալ երկրի իշխանություններին, քանի որ մեր նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության գործը առաջ տանել կառուցողական ձեւով: Ֆեդերացիան, հետեւելով այդ ավանդույթին, հրավիրել է Սերժ Սարգսյանին: Սկզբում մենք դրական պատասխան ստացանք, սակայն վերջին օրերին տեղեկացանք, որ նա այլեւս չի ցանկանում մասնակցել: Մերժման պատճառները մեզ չեն հայտնվել»: Սուեր Բելասսենը նաեւ ասում է. - «Հայկական իշխանությունները մեզ ոչ մի ֆինանսական աջակցություն ցույց չեն տվել, բայց ակնհայտ է, որ առանց նրանց համաձայնության եւ լոգիստիկ օգնության, հատկապես՝ վիզաների հարցով, շատ դժվար կազմակերպել եւ անցկացնել այս համաժողովը»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինձ թվում է, որ մեր իրավապաշտպանները չափից դուրս սեւեռված են քաղաքական հնչեղություն ունեցող գործերի վրա, որոնց միջոցով, անշուշտ, ավելի հեշտ է ճանաչում եւ փառք ձեռք բերել: Իհարկե, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ մինչեւ նրանք ազատություն չստանան, մենք չենք կարողանա լուծել ոչ մի խնդիր՝ սկսած տնտեսականից, վերջացրած Ղարաբաղով: Ինձ թվում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որքան հեռու լինի քաղաքականությունից, այնքան լավ: Միայն այդ ձեւով է հնարավոր փառքի փոխարեն ձեռք բերել իրական վստահություն: Վերջապես, իրավապաշտպանները, իմ կարծիքով, պետք է լինեն մի քիչ «ապազգային»… «Դու ծախված ես իշխանությանը», «դու՝ ընդդիմությանը»՝ լրատվամիջոցներում այս խոսակցությունները սովորական են: Բայց իրավապաշտպանությունը, իմ կարծիքով, ավելի բարձր ոլորտ է, եւ այստեղ չպիտի լինեն շուկայական մրցակցություն հիշեցնող երեւույթներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG