Մատչելիության հղումներ

Մարտի 16-ի մամուլ


«Առավոտ»-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Հայաստանի նախագահին Վաշինգտոն կանչելու փաստին, չի բացառել, որ այդ հրավերը կապ ունի նաեւ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի հետ: «Փարիզում Սարկոզին հայտարարեց, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ձգձգմամբ: Իսկ ո՞վ է ձգձգողը, եթե Ադրբեջանն ասում է, որ ինքը միջնորդների ներկայացրած «մադրիդյան» նորացված փաստաթուղթն ընդունելի է համարում: Բնականաբար` ձգձգողը Հայաստանն է, ուստիեւ` դժգոհությունը Հայաստանին է ուղղված: Կարծում եմ` ԱՄՆ-ը նույն կերպ հարցը շատ հստակ է դնելու, առավել եւս, որ Հայաստանը ի վիճակի չէ, երես չունի իրեն միջազգային ատյաններում արժանավայել պահելու», - ասել է Կարապետյանը:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ոզնուն էլ հասկանալի է, որ ՕԵԿ-ը չէր համարձակվի սեփական նախաձեռնությամբ նախարարներ փոխել: Կոալիցիոն համաձայնագիրը ի վերջո ընդամենը թղթի կտոր է, մինչդեռ նախարարները, որպես կանոն, կոնկրետ լծակներ են ունենում եւ աշխատում են անմիջապես նախագահի հետ: Այսինքն՝ այս փոփոխությունները կարող էին տեղի ունենալ միայն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Երկրորդ. ենթադրենք՝ ՕԵԿ-ը իսկապես էլ որոշել է նախապատրաստվել առաջիկա (ենթադրաբար՝ արտահերթ) ընտրություններին: Բայց այդ դեպքում ի՞նչ կարիք կար նախարարական պորտֆելները վերցնել հին Օեկ-ականներից եւ հանձնել նորերին: Այդ ի՞նչ կուսակցական աշխատանք պիտի կատարեն Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը, որ կուսակցությանը ավելի շատ «նաղդ» օգուտ բերի, քան կազմակերպչական գործունեությունը: Երրորդ. ՕԵԿ-ի ընտրություններին պատրաստվե՞լս որն է... Իշխանությունները կորոշե՞ն, որ ՕԵԿ-ը մասնակցելու է ընտրություններին՝ նրանք սուսուփուս կմասնակցեն: Չեն որոշի՝ սուսուփուս մի կողմ կքաշվեն: Այլ հարց է, որ իշխանությունները իրենք կարող են ՕԵԿ-ին նախապատրաստել ընտրությունների համար, բայց դա արդեն բոլորովին այլ խնդիր է: Մի խոսքով, ակնհայտ է դառնում, որ իրականում Սերժ Սարգսյանը պարզապես ՕԵԿ-ի ձեռքից վերցրել է նախարարական երկու պորտֆելները»:

Ներկոալիցիոն զարգացումների թեման շարունակում է lragir.am-ը. - «Ըստ երեւույթին, Էկոնոմիկայի նախարարին ուղղված քննադատությամբ Գագիկ Ծառուկյանը ցույց է տալիս, թե որտեղ պետք է ուղղված լինի նախարարների փոփոխության թիրախը: Այլ կերպ ասած, կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի առաջնորդը մատնանշում է, որ պետք է փոխել այն նախարարներին, որոնց ոլորտներում խնդիր կա: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա պաշտպանում է «Օրինաց երկրի» պաշտոնանկ նախարարների պատիվը, պաշտպանում է նախարարափոխության թիրախ դարձած ՕԵԿ-ին: Թերեւս զգալով, որ հաջորդը կարող է լինել Բարգավաճ Հայաստանը, ինչքան որ մոտենա խորհրդարանի ընտրությունը, Գագիկ Ծառուկյանը փորձում է «ատամ ցույց տալ» եւ մատնանշել Հանրապետականների կողմը, հայտարարելով, որ նրանց նոր կուսակից Ներսես Երիցյանը չի տիրապետում իրավիճակին: Այլ կերպ ասած, ՕԵԿ-ի օրինակից դաս քաղելով, «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը փորձում է կանխարգելիչ հարված հասցնել, քանի դեռ իշխանությունը հարված չի հասցրել «Բարգավաճ Հայաստան»-ին»:

«Ժամանակ»-ը արտատպել է վաղամեռիկ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի՝ 1995 թվականին գրած հոդվածը՝ համարելով այն այսօրվա համար էլ արդիական: «Այսօր հանրապետության ստեղծագործական միտքն իջել է տեղայնացման եւ գավառականացման այնպիսի ցածր աստիճանի, որ համաշխարհային հետազոտական, տեղեկատվական եւ մշակութային դաշտից անդառնալիորեն դուրս մնալու իրական վտանգ է առաջացել: Ի հակադրություն համաշխարհային առաջատար միտքն առաջնորդող «գլոբալ մտածողություն, լոկալ գործունեություն» փորձված սկզբունքի, որդեգրվել է «լոկալ մտածողություն, գլոբալ գործունեություն» սկզբունքը: Սա չէ՞, արդյոք, պատճառը, որ ներազգային առանձին խնդիրների հանգուցալուծման մեթոդաբանության ընտրության մեջ պարբերաբար տրվում ենք ծայրահեղությունների՝ ժամանակակից աշխարհում խիստ դատապարտելի երեւույթները մեծ աղմուկով նույնացնելով մեր երկրին եւ մեր ժողովրդին, դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով ոչ միայն մեր այսօրը, այլեւ ապագան»:

«Առավոտ»-ի խմբագիր գրում է. - «Երբ խոսք է գնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, պաշտոնական քարոզչությունը այդ դատողությունները սովորաբար մեկնաբանում է այսպես՝ «ՀՀՇ-ականները սարսափում են այդ հեռանկարից»: Ընդդիմադիրներն էլ դրան հակադարձում են՝ «ոչ մի բանից էլ չենք վախենում»: Ցավոք, այդպես է դասավորվել, որ մեր քաղաքական ուժերը կա'մ առաջին, կա'մ երկրորդ, կա'մ երրորդ նախագահների թիմերից են: Եթե օբյեկտիվ լինենք, ապա կարելի է արձանագրել, որ այդ թիմերին ավելի շատ բան է միացնում, քան տարանջատում. ավտորիտար հակումները, ընտրությունների կեղծումը, կոռուպցիան: Այնուամենայնիվ, կան որոշ անհատական յուրահատկություններ, եւ դրանցով, անշուշտ՝ բացասական իմաստով, առանձնանում է երկրորդ նախագահը: Եվ քանի որ ես քաղաքական գործիչ չեմ եւ հերոսանալու խնդիր չունեմ, ուստի կարող եմ ինձ թույլ տալ խոստովանել՝ այո, ես վախենում եմ»:

«Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը ենթադրում է, թե ինչ կասի Բարաք Օբաման Սերժ Սարգսյանի՝ ապրիլին նախատեսված այցի ժամանակ. - «Օբաման Սերժ Սարգսյանին կբացատրի, թե ինչու հերթական անգամ չի արտասանի «ցեղասպանություն» բառը, այլ կբավարարվի հայերեն «Մեծ եղեռնով»: «Ի՞նչ կարիք կա մեզ ու ձեզ հակադրվել էդ թուրքերի հետ», - կասի Օբաման: Իսկ ամենակարեւորը՝ այն, ինչ անհրաժեշտ է «ռեգիոնալ իդիլիայի» հասնելու համար, ապա դա Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակին համաձայնելն է («Դե, զուտ ձեւական», - կասի Օբաման), եւ համաձայնելը փախստականների վերադարձին («Մարդու իրավունքներ», - կասի Օբաման): Ու նաեւ Ադրբեջանին 6 շրջան զիջելը («Չէ որ այնտեղ հայեր չեն ապրել», - ժպտալով կասի Օբաման): Ու նաեւ նա, ամենայն հավանականությամբ, կասի այն մասին, որ «Հազարամյակի մարտարհրավեր»-ի շրջանակում ԱՄՆ-ը պատրաստ է նոր վարկեր տրամադրել Հայաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG