Մատչելիության հղումներ

Մարտի 10-ի մամուլ


«Հրապարակ»-ը «Քաղաքական ապաստան մարտի 1-ի պատրվակով» խորագրի ներքո գրում է. - «Մարտի 1-ը լայն հորիզոնների է բացել հասարակության այն անդամների համար, որոնք պատրվակներ են փնտրում բարեկեցիկ Եվրոպաներում քաղաքական ապաստան աղերսելու համար: Մեր տեղեկություններով, վերջերս ոստիկանության շարքերից հեռացված որոշ անձինք մեկնում են եվրոպական երկրներ եւ այնտեղ ներկայանում որպես Հայաստանում հաստատված ռեժիմի զոհեր: Նրանք իրենց բացատրություններում գրում են, որ Հայաստանի իշխանությունը մարտի 1-ին իրականացրել է խաղաղ ցուցարարների սպանդ, որ այդ օրն իրենց հրամայել են կրակել ժողովրդի վրա, բայց իրենք չեն համաձայնել, այդ պատճառով էլ իրենց հեռացրել են աշխատանքից, հալածել իրենց ու իրենց ընտանիքների անդամներին: Հորինվածքն ապացուցելու նպատակով նրանցից շատերը ընդդիմության հանրահավաքները լուսաբանող լրագրողներին, լուսանկարիչներին ու ծանոթ ընդդիմադիրներին, որոնք անգամ հեռախոսով են լուսանկարել հանրահավաքները, խնդրում են իրենց արխիվներում գտնել որեւէ կադր, որտեղ կան նաեւ իրենք, որ հետները տանեն արտասահման ու ցույց տան այդ երկրների իշխանություններին, թե` տեսեք, ես եմ, ինձ հալածում են, եւ ես չեմ ուզում այս տեսակ երկրում ապրել»:

«Առավոտ»-ի խմբագիրը մեկնաբանում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ Հայաստանին վերաբերող զեկույցի այն գնահատականը, թե մարտի 1-ից հետո տեղի ունեցած դատավարությունները բացահայտեցին Հայաստանի դատական համակարգի թերությունները: Հոդվածագիրը նկատում է. - «Թերություն է, երբ դատավորը՝ պրոֆեսիոնալիզմի եւ թեկուզ անաչառության պակասի պատճառով, սխալ որոշում է ընդունում: Նման թերություններ թե' Ամերիկայի եւ թե' Եվրոպայի դատական համակարգերում լիքն են: Բայց երբ դատավորը ակնհայտորեն չի պատրաստվում լսել կողմերի փաստարկները, որեւէ հնարավորություն եւ մտադրություն չունի դրանք ծանրութեթեւ անելու ու դատարան է գալիս արդեն պատրաստի ու «վերեւների» հետ համաձայնեցված վճռով՝ դա թերություն չէ: Դա, թույլ տվեք ասել, համակարգի իսպառ բացակայություն է: Հանուն արդարության նշեմ, որ Հայաստանի երեք հանրապետություններում նման համակարգ չկար, եւ խիստ կասկածում եմ, որ այն գոյություն ուներ, ասենք, Տիգրան Մեծի կամ Արշակ Երկրորդի ժամանակ: Վերջին 20 տարում մեզ հնարավորություն էր տրված դատական եւ ժամանակակից քաղաքակրթությանը համահունչ այլ համակարգեր ստեղծելու, սակայն այդ հնարավորությունը մենք չափազանց անտաղանդ ձեւով բաց թողեցինք»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Համաշխարհային մասշտաբի մշակույթի գործիչների այցերը Հայաստան վերջին շրջանում հազվադեպ երեւույթ համարել չի կարելի: Այնպիսի մեծությունների համերգները, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Ալ Ջերոն, Սթենլի Ջորդանը, Յան Գիլանը, հիշարժան իրադարձություններ են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի ցանկացած երկրում»: Թերթն այնուհետեւ այսպիսի մեկնաբանություն է ներկայացնում. - «Ի՞նչ գործոններ են նպաստել նման աշխուժության ձեւավորմանը: Ինչպես կարելի է կռահել, այստեղ էլ խնդիրը դուրս է մշակույթի սահմաններից, եւ իրականում գործ ունենք քաղաքական պրոցեսի հետ: Հայաստանի իշխանությունները, որ այդպես էլ չեն կարողանում հաղթահարել լեգիտիմության դեֆիցիտը, նկատելիորեն միջազգային եւ ներհայաստանյան PR պլան են իրագործում, որի իմաստը հնչեղ անունների արծարծմամբ միջազգային եւ ներքին լեգիտիմության ձեռք բերումն է: Ակնհայտ է, որ մշակութային մեծությունների այցելությունները կոմերցիոն օգուտներ չեն բերում կազմակերպիչներին, մանավանդ որ վճարունակ երկրպագուներն ինքնաբուխ կերպով մեկ համերգի տոմսեր հազիվ սպառեն: Փոխարենը որոշակի իշխանական շրջանակներ սեփական արժեքը բարձրացնելու միջոց են ձեռք բերում»:

«Քաղաքականությունն ու շոու բիզնեսը» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը պատկերավորում է. - «Ժամանակակից քաղաքականությունը նույնպես շոու բիզնես է։ Ավելի կամ պակաս չափով։ «Գազի համաժողովրդական դատական հայց» անվանումով ՀԱԿ-ի նախաձեռնությունը շոու բիզնեսի ժանրում բավական ներդաշնակ է դիտվում։ Հենց թեկուզ այն պատճառով, որ շուկայի օրենքների դեմ բողոքում են իրենց մոլի ազատականներ հռչակած անձինք»։

«Հայք»-ն արձագանքել է Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած եռօրյա այցին. - «Ի՞նչ հարաբերություններ կարող է ունենալ հզոր Ֆրանսիան Հայաստանի նման ցածրակարգ պետության հետ: Ղարաբաղի խնդիրը հաստատ կքննարկեն: Ավելի կոնկրետ, Ֆրանսիան շատ հստակ կներկայացնի, թե այս հարցում ինչ է ակնկալում Սերժ Սարգսյանից: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերին, ապա դժվար չէ կռահել, որ Ֆրանսիայի համար շատ ավելի լավ կլինի, եթե հայ-թուրքական սահմանը շարունակի փակ մնալ: Այսպես շատ ավելի հեշտ կլինի կանխել Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Իսկ եթե ոմանք զարմանում են, որ ժողովրդավար Ֆրանսիայի ղեկավարն ընդունում է «մարտի 1» իրականացրած պետության առաջնորդին, ապա նշենք, որ Ֆրանսիան մեծ փորձ ունի Ելիսեյան պալատում ընդունելու տարատեսակ բռնապետությունների առաջնորդների»: «Վերջին հաշվով, չմոռանանք, որ մարտի 1-ին ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան Ֆրանսիայի դեսպանության մատույցներում», - ամփոփում է խմբագրականը:

«Հրապարակ»-ի խմբագրականը պատմում է մի հեռախոսազանգի մասին: Թերթի խմբագրություն զանգահարած տարեց մի մարդ բողոքել է դպրոցներում տիրող վիճակից եւ ասել, որ իր թոռնիկի դպրոցում զանազան հանգանակություններով ուղղակի թալանում են ծնողներին: Հոդվածագիրը շարունակում է. - «Նոր էինք ավարտել հեռախոսային խոսակցությունը, երբ հաղորդագրություն ստացվեց Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումից, որի ժամանակ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հպարտությամբ զեկուցել էր, թե իր պաշտոնավարման օրոք դպրոցներում գումարի հանգանակությունը նվազել է: Իրեն զեկուցել են, որ նախարարության «թեժ գծով» այս տարի մի քանի անգամ պակաս ահազանգեր են ստացել, քան նախորդ տարիներին: Չի կարելի գլուխը ավազի մեջ մտցնել ու չտեսնելու տալ իրականությունը: Ինչո՞ւ պետք է նվազեր հանգանակությունը: Ուսուցիչների կենսամակարդա՞կն է բարձրացել, պատժե՞լ են որոշ ագահների, մարդիկ դարձել են ավելի բարոյական ու ազնի՞վ, թե՞ ցուցամոլությունն ու քաղքենիների հիվանդագին մրցակցությունն է մեզանում պակասել: Գուցե մարդիկ ուղղակի հոգնե՞լ են անպտուղ բողոքելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG