Մատչելիության հղումներ

«Հայոց ցեղասպանության վկայությունը»


Հեղինակը գրում է, թե Միացյալ Նահանգները փորձում է ժխտել այն, որ 1915-ին 1, 5 միլիոն հայերի սպանդը ցեղասպանություն է եղել, բայց դրա վկայությունը կա. դա Բեյրութի մոտակայքում բարձունքի վրա ծվարած մի մանկատուն է։ Այստեղ կա մի փոքրիկ գերեզման՝ բետոնե քառանկյուն եզրաքարերով։ Այստեղ ամփոփված են խոլերայից եւ սովից մահացած 300 հայ որբերի աճյունները։

Թուրքերը Բեյրութում` Լազարյանների Անտուրայի կաթոլիկ վարժարանում ապաստանած այդ մանուկներին փորձել են «թրքացնել»։ Գեղեցիկ հանրակացարանում բնակվող 3-15 տարեկան հայ երեխաներից շուրջ 1200-ը ողջ էին մնացել։ Նախկինում գրեթե չհիշատակված այդ պատմությունը ապացուցում է, որ թուրքերը 1915 թվականին իսկապես իրագործել են հայերի ցեղասպանությունը։

«Նախագահ Բարաք Օբաման եւ նրա ճկուն պետքարտուղարը` Հիլարի Քլինթոնը, ովքեր այժմ ձեռնարկում են Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայության ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի Կոնգրեսում կանխելու խղճուկ փորձեր, պետք է գան այստեղ` լիբանանյան այս բարձունք, տեսնեն եւ ամոթից գլուխները կախեն։ Որովհետեւ սա Առաջին աշխարհամարտի ամենաթեժ ժամանակաշրջանում թուրքական ուժերի ձեռամբ ծնողներից արդեն զրկված պստիկ եւ անպաշտպան մանուկների հանդեպ նողկալի վայրագության փաստը հաստատող պատմություն է», - գրում է Ֆիսքը՝ հավելելով. - «Ահաբեկության այս մանկատան աշխատանքը կարգավորել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության «ճարտարապետներից» Ջեմալ Փաշան եւ` ի՜նչ ամոթ` Թուրքիայի կանանց իրավունքների առաջին պաշտպան Հալիդե Էդիպ Ադիվարը»։

Այստեղ ամեն ինչ արվել է երեխաների հայկական ինքնությունն արմատախիլ անելու համար։ Նրանց դաժանաբար ծեծել են հայերեն խոսելու համար։ Ստիպել են խոսել թուրքերեն, տվել են թուրքական անուններ։ Կաթոլիկ մանկատան դաստիարակներն արձանագրել են, որ Ջեմալ Փաշան իր գերմանացի թիկնապահի ուղեկցությամբ գալիս էր վարժարան նամազ անելու այն բանից հետո, երբ զանգակատնից հեռացրել են Մարիամ Աստվածածնի արձանը։

Առ այսօր Հայոց ցեղասպանության շուրջ վեճի հիմքում այս հարցն է` «արդյո՞ք սպանդը միտումնավոր էր»։ ՄԱԿ-ի 1951 թվականի «Ցեղասպանություն հանցագործության կանխման» կոնվենցիայի երկրոդ հոդվածում միանշանակ ասվում է, որ «գենոցիդը` ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբավորումը ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելն է», դա ընդգրկում է նաեւ «երեխաներին մեկ խմբից մեկ այլ խումբ ստիպողաբար փոխադրելը»։ «Սա հենց այն է, ինչ թուրքերն արել են Լիբանանում», - եզրակացնում է հոդվածագիրը։

1989 թվականին մահացած Գառնիկ Պանյանը 6 տարեկան էր, երբ 1916 թվականին հայտնվել էր Անտուրայի վարժարանում։ Այստեղ նրան զրկել են անունից եւ փոխարենը տվել են անձը հաստատող «551» թիվը։

«Ամեն օր մայրամուտին, երբ իջեցվում էր Թուրքիայի դրոշը, մենք պարտավոր էինք վանկարկել «Կեցցե՜ գեներալ Փաշան», - ասել է Պանյանը։

«Դա միայն ծեսի առաջին մասն էր։ Դրան հաջորդում էր զանցանքների համար պատժելու ժամը։ Մեղավորներին ձախկում էին՝ ձողերով հարվածելով կրունկներին։ Ամենածանր հանցանքը հայերեն խոսելն էր», - պատմել է Գառնիկ Պանյանը։ Նրա խոսքով, մեծ թվով երեխաներ չեն դիմացել դաժան պատիժներին ու մահացել են։ Նրանց թաղում էին վարժարանի հին մատուռի մոտ։

«Գիշերները չախկալներն ու վայրի շները փորում, դուրս էին հանում եւ խժռում էին դիակները։ Գիշերները երեխաները վազում էին մոտակա անտառ` որեւէ միրգ կամ պտուղ բերելու։ Նրանք հաճախ էին գտնում մահացած երեխաների ոսկորներ, դրանք գաղտնի բերում էին սենյակներ, փշրում եւ ապուր սարքում, որովհետեւ մանկատանը սնունդը քիչ էր։ Նրանք ուտում էին իրենց ընկերների ոսկորները», - ասել է Գառնիկ Պանյանը։

Լազարյանների Անտուրայի ավագ քահանա, հայր Էմիլ Ժուպպինը` մանկատան արխիվները ուսումնասիրելուց հետո 1947 թվականին վարժարանի հանդեսում գրել է, որ հայ որբերին իսլամացրել են, թլպատել են եւ տվել են արաբական ու թուրքական անուններ։ Այդպես Հարություն Նաջարյանը դարձել է Համեդ Նազիհ, Պողոս Մերդանյանը` Բեքիր Մոհամեդ, Սարգիս Սաֆարյանը` Սաֆուադ Սուլեյման։

Լիբանանահայ ճարտարագետ Միսակ Քելեչյանը, ով նաեւ հայոց պատմության այդ էջն է ուսումնասիրել, հայտնաբերել է 1918 թվականին Ամերիկյան Կարմիր խաչի սպա, մայոր Սթիվեն Թրոուբրիջի տպագիր զեկույցը։ Մայորը Անտուարի վարժարան է այցելել այն բանից հետո, երբ վարժարանն ազատագրել են բրիտանական ու ֆրանսիական ուժերը։ Նա զրուցել է ողջ մնացած որբերի հետ։ Նրա զեկույցն ապացուցում է այն, ինչ հանդեսում գրել է հայր Ժուպպինը։

«Ամեն բան արվել է հայ կամ քուրդ երեխայի հոգուց իր ծագման մասին վկայող ամենաանշան հետքը, հուշը դուրս հանելու համար։ Երեխաներին տրվեն են թուրքական անուններ, նրանց պարտադրել են մասնակցել մահմեդական ծեսերին, հայերեն կամ քրդերեն ցանկացած խոսք խստորեն արգելվել է։ Դաստիարակներն ու ուսուցիչները ամեն ինչ արել են թուրքական ավանդույթները եւ գաղափարները երեխաներին փոխանցելու, թուրք ցեղի պատիվը, ազգի գերակայության գաղափարը սերմանելու համար», - ասվում է Թրոուբրիջի զեկույցում։

Վերստին Միսակ Քելեչյանն է, ով հայտնաբերել է Ադիվարի հուշերն ու դրանք 1926-ին հրապարակել Նյու Յորքում։ Հալիդե Ադիվարը Ջեմալ Փաշային ասել է. - «Դուք շատ բարի եք հայերի նկատմամբ, այնքան, որքան հնարավոր է այս դժվար ժամանակներում, բայց ինչո՞ւ եք թույլատրում, որ հայերին տրվեն մահմեդական անուններ։ Դա նշանակում է նրանց դարձնել մահմեդակա՞ն, պատմությունը մի օր վրեժ կլուծի թուրքերի գալիք սերունդներից»։

Ջեմալ Փաշան արձագանքել է. - «Դու իդեալիստ ես, Հալիդե, եւ ինչպես բոլոր իդեալիստները, իրականությունը չես զգում։ Սա մահմեդական որբանոց է, ուրեմն՝ միայն մահմեդական են որբերը»։

Ըստ Հալիդե Ադիվարի հուշերի, մեկ այլ առիթով էլ Ջեմալ Փաշան ասել է, որ «չի կարող տեսնել, թե ինչպես են այդ երեխաները մահանում փողոցներում» եւ խոստացել է անել ամեն ինչ, որ «պարերազմի ավարտից հետո նրանք վերադառնան իրենց ժողովրդին»։

Ադիվարը Ջեմալ Փաշային ասել է, թե չի ցանկանում որեւէ գործ ունենալ այդ մանկատան հետ, ինչին գեներալը պատասխանել է. - «Կարծիքդ կփոխես, երբ տեսնես, թե ինչպես են տառապում այդ երեխաները»։

Թրոուբրիջի զեկույցում ասվում է նաեւ, թե «Հալիդեն եւ Ջեմալը երբեմն հաճույքով լուսանկարվում էին մանկատան աստիճաններին՝ երեւի այդպես ցուցադրելով իրենց օսմանյան մոդերնիզմը։ Գիտակցո՞ւմ էին նրանք, թե ի՞նչ է դրսի աշխարհը մտածելու այդ լուսանկարների մասին»։

Ըստ զեկույցի, այդ մանկատանը ողջ է մնացել ընդամենը 669 երեխա, նրանցից 456-ը հայ, 184-ը՝ քուրդ, 29-ը՝ սիրիացի։

Հալիդե Ադիվարը մի առիթով հայերի թեման արծարծել է նաեւ Թալեաթ Փաշայի հետ։ 20-րդ դարի առաջին հոլոքոսթի հեղինակին զայրացել է «տեղահանություն» բառը։

«Տես, Հալիդե, ես էլ քո պես բարի սիրտ ունեմ, ես էլ երբ մտածում եմ մարդկանց տառապանքների մասին, գիշերները չեմ քնում։ Բայց դա անձնական հարց է, իմ առաքելությունն է այստեղ մտածել իմ ժողովրդի, այլ ոչ թե իմ զգացմունքների մասին։ 1912 թվականի բալկանյան պատերազմում նույնքան թուրք եւ մահմեդական է զոհվել, սակայն աշխարհը հանցավոր լռությամբ է արձագանքել։ Ես համոզված եմ՝ երբ ազգը առավելագույնն է անում իր շահի, իր հաջողության համար, աշխարհը դա ընդունում եւ բարոյական է համարում։ Ես պատրաստ եմ զոհվել իմ արածի համար։ Ես գիտեմ, որ պետք է զոհվեմ դրա համար», - ասել է Թալեաթ Փաշան Հալիդե Էդիպ Ադիվարին։

Ռոբերտ Ֆիսքը The Independent-ում լույս տեսած հոդվածում գրում է, որ Թալեաթ Փաշան իսկապես պատժվել է իր գործած մեղքերի համար. 1922 թվականին մի հայ (Սողոմոն Թեյլերյանը) Բեռլինում սպանել է նրան։ Ջեմալ Փաշան էլ Թիֆլիսում է սպանվել։

Հալիդե Էդիպ Ադիվարը մինչեւ 1939 թվականը ապրել է Անգլիայում, ապա վերադարձել է Թուրքիա, որտեղ դարձել է անգլիական գրականության պրոֆեսոր, ընտրվել է թուրքական խորհրդարանի պատգամավոր, մահացել է 1964-ին 80 տարեկանում։

Անտուրայի մանկատան սաների աճյունները հայտնաբերել են միայն 1993-ին, երբ քահանաները հիմք էին փորում նոր լսարանների համար։ Այն, ինչ մնացել էր, քահանաները թաղել են փոքրիկ գերեզմանոցում, որտեղ չկա տապանաքար եւ գրված չէ ոչ մի անուն...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG