Մատչելիության հղումներ

Միխայիլ Գորբաչով. «Ես առաջարկում էի Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ»


ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչով
ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչով

«Այնպիսի հակամարտություններում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն էր, հաղթողներ չեն լինում, պետք էր պայմանավորվել եւ այն ժամանակ, 80-ականների վերջին մենք կարող էինք ինչ-որ ձեւով լուծել Ղարաբաղի հարցը», - Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչովը։

«Օրինակ, ես առաջարկում էին Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ։ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը՝ Վեզիրովն էր, կարծեմ, ուզում էր համաձայնվել, բայց հետո չստացվեց։ Այն ժամանակ, գուցե, հնարավոր լիներ խնդիրը կարգավորել, իսկ հիմա արդեն հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում», - հավելեց ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդը՝ ընդգծելով. - «Հիմա նորից պատերազմական կոչեր են հնչում, եւ պետք չէ թույլ տալ, որ Ղարաբաղում նորից պատերազմ սկսվի, պետք է բանակցել։ Ուրիշ ելք չկա։ Պատերազմը պետք է բացառել, հակառակ դեպքում՝ դրանում ներգրավված կլինեն նաեւ մեծ տերությունները»։

80-ականներին Գորբաչովի նախաձեռնած նոր քաղաքականության՝ «Պերեստրոյկայի» մեկնարկի 25-ամյակի կապակցությամբ վերջինիս ղեկավարած հիմնադրամի հրապարակած զեկույցում ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների շարքում նշված է նաեւ ղարաբաղյան շարժումը։ Ընդ որում, զեկույցը փաստում է, որ ղարաբաղյան հարցը սովետական պետության կայացման տարիներին թույլ տրված սխալ քաղաքականության հետեւանքն էր։

Զեկույցի ներկայացումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Գորբաչովը որոշ մանրամասներ է վերհիշել ղարաբաղյան հարցի լուծման իր ջանքերի մասին։

«Իրականում 80-ականներին Ղարաբաղը տխուր վիճակում էր. Իշխանություններն ուշադրություն չէին դարձնում Ղարաբաղին։ Նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երեւանի հետ։ Ղարաբաղը չէին ֆինանսավորում», - նշեց ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդը։

«Ինձ թվում է պետք էր աջակցել Լեռնային Ղարաբաղին, կարգավիճակ տալ։ Պետք էր աջակցել նաեւ տնտեսապես, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երեւանի հետ։ Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ», - նշեց Գորբաչովը։ - «Այն ժամանակ ինձ ասում էին, որ ես սիրում եմ հայերեն, եւ չեմ սիրում ադրբեջանցիներին։ Ինչպիսի հիմարություն», - եզրափակեց ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Միխայիլ Գորբաչովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG