Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հանրահավաքով նշեցին մարտիմեկյան իրադարձությունների տարելիցը


Երկու տարի առաջ այս օրը իշխանությունը գողացավ Ազատության հրապարակը, ընդդիմության երկուշաբթի մեկնարկած հանրահավաքին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։

2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ստորաբաժանումները ուժի գործադրմամբ ցրեցին Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակա հրապարակում հավաքված ընդդիմադիրների անժամկետ հանրահավաքը՝ սկիզբ դնելով նույն օրը երեկոյան 10 մարդու մահվանը հանգեցրած ողբերգական բախումների մայրաքաղաքի փողոցներում ընդդիմության աջակիցների եւ ոստիկանական զորքերի միջեւ։

«Գողացող աղվեսի նման մոտեցան գաղտագողի, եւ գողացան այն, ինչ կարող էին գողանալ։ Ժամանակը դեռ կպարզի ճշմարտությունը։ Այդ օրը դարձավ ազատության, ազատության համար նահատակվածների օր», - իր ելույթում ընդգծեց Մանուկյանը։
Ելույթով հանդես եկավ ոստիկանության կիրառած «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը։ Նա հայտարարեց, որ պայքարելու են այնքան, մինչեւ բացահայտվեն մարտի 1-ի սպանությունների բոլոր մեղավորները։

«Մեր որդիները ձեզ հետ միասին դուրս էին եկել փողոց իրենց ձայներին տեր կանգնելու, ազատ եւ իրավական երկիր ստեղծելու համար։ Համոզված եմ, որ մի օր կկատարվի մեր բոլորի երազանքը», - հայտարարեց զոհվածի մայրը։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ հանրահավաքի կապակցությամբ ոստիկանության ուժերի ձեռնարկած անվտանգության միջոցառումներին՝ ասելով. - «Ճանապարհային եւ տրանսպորտային շրջափակումը, որը այսօր իրականացվեց հանրահավաքի դեմ, ռեժիմի սարսափի ամենացցուն վկայությունն է»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգողը հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրությունների «ահագնացող անհրաժեշտությունը» պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ձախողմամբ, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում Հայաստանի մեկուսացմամբ, երկրում սոցիալական եւ տնտեսական ճգնաժամի խորացմամբ։

Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի պահանջները. անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել մարտի 1-ի սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող մարմինը միջազգային դիտորդների մասնակցությամբ, մինչեւ մայիսի վերջ բարեփոխել ընտրական օրենսգիրքը, հունիսից-սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում անցկացնել արտահերթ ընտրություններ։

«Հենց իշխանական ճամբարում են այսօր մտահոգված, անհանգստացած, որ Սերժ Սարգսյանն արդեն ի վիճակի չէ ապահովել իրենց կերակրատաշտի անվտանգությունը, եւ հենց իշխանության ճամբարում են մտածում նրա փոխարինման մասին», - հայտարարեց ՀԱԿ-ի համակարգողը։

Վերջում ելույթով հանդես եկավ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նախ խիստ քննադատության ենթարկեց մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անցած տարի հրապարակած զեկույցը։

Նշելով, որ խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մի զգալի մասը «նվիրված է ապացուցելու, որ մարտի 1-ի ողբերգությունն արդյունք էր երկրում կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների, օրենսդրության անկատարության եւ մանավանդ ընդդիմության կողմից ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտի», Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Այսինքն, երկար-բարակ խոսվում է ամեն ինչի մասին, բացի բուն պատճառից, այն է՝ ընտրությունների կեղծման իրողությունից։ Հանձնաժողովի մտքով անգամ չի անցել պարզելու, թե ինչն էր հարյուրհազարավոր մարդկանց ստիպում տաս օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գիտակցությունը։ Ոչ մի հոգեխանգարմունք կամ նեյրոլինգվիստիկա չէր օգնի, եւ ընդդիմությունը, որքան էլ ճարտար, որեւէ այլ փաստարկով չէր կարող ժողովրդին ոտքի հանել»։

Ըստ ՀԱԿ-ի առաջնորդի, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանությունները մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա. - «Ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավազակապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության»։

«Մարտի 1-ի էջը չի փակվել»
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG