Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը Կոնգրեսում չի ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին` դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Մարկ Քըրքը հիշեցրել է Հիլարի Քլինթոնի աջակցությունը Սենատում շրջանառված` Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերին: Անդրադառնալով ներկայիս թիվ 252 բանաձեւին, որը շուտով քննարկվելու է Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Քըրքը հայտարարել է. - «Հուսով եմ, մենք դա կանենք, եւ հուսով եմ, Ներկայացուցիչների պալատը կանի դա, եւ դուք թույլ կտաք, որ դա տեղի ունենա»:

Ի պատասխան` պետքարտուղարը նշել է հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը եւ դրանց վավերացմանը նպաստելու` Միացյալ Նահանգների ջանքերը, սակայն չի խոսել բանաձեւի նախագծի մասին:

Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ վերջին տարիներին նախորդ վարչակազմերը` ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, ցանկացած առիթ օգտագործել են նման բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում նույնպես Հիլարի Քլինթոնը իր աջակցությունն էր հայտնել հայ - թուրքական գործընթացին, սակայն չէր ընդդիմացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թիվ 252 բանաձեւի քվեարկության օր է նշանակված մարտի 4-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG