Մատչելիության հղումներ

Փետրվարի 26-ի մամուլ


Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, Կիեւում, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելության ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծիքներ է փոխանակել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: «Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը, - զրուցակցին ասել է նախագահ Սարգսյանը, - պետք է առաջին քայլը սկսի իրենից եւ վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն եւ տրանսպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրությունները, ապա որեւէ բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչեւ արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջեւ»:

«Իրավունքը de facto»-ի հետ զրույցում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ասել է. - «Թուրքիան պարբերաբար հաստատում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու իր ցանկությունը, Հայաստանը եւս հարեւանի հետ նորմալ հարաբերությունների հաստատման կողմնակից է, ինչը քանիցս ասվել է տարբեր ատյաններում ու մակարդակներով: Պարզապես հայերի, թուրքերի, ադրբեջանցիների միջեւ կա մի շատ կարեւոր տարբերություն, որը շատերը չեն նկատում. մենք ինչ ասում ենք, այն էլ անում ենք, նրանք անում են, բայց զուգընթաց հնչեցնում են իրարամերժ հայտարարություններ: Ադրբեջանը բանակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով, զուգահեռ` պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է հնչեցնում, Թուրքիան ստորագրում է արձանագրությունները, զուգահեռ տարբեր մակարդակներով իրարամերժ մեկնաբանություններ ու գնահատականներ է տալիս: Քաղաքական գործիչների համար հասկանալի է, որ հայտարարություններն ունեն ներքին սպառման եւ արտաքին սպառման ուղղություններ, բայց, իհարկե, ավելի լավ է, որ ե'ւ գործողությունները, ե'ւ խոսքերը քաղաքական հանգուցային խնդիրներում միմյանցից անջրպետված չլինեն անհաղթահարելի հակասություններով»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունը ի վիճակի չի եղել դիմակայել երկրի տնտեսության առաջ առկա մարտահրավերներին, դա չի նշանակում, թե նրա գոյությունը ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին: Մարտիմեկյան սպանդով Բաղրամյան 26-ում հայտնված անձին հենց այսպիսի կառավարություն է հարկավոր: Տիգրան Սարգսյանը որեւէ ազդեցություն չունի խորհրդարանական մեծամասնության վրա, ինչը նշանակում է` բացարձակապես անվտանգ է Սերժ Սարգսյանի համար: Վարչապետի պաշտոնում պատկերացրեք որեւէ ուրիշ անձի` ասենք Ռոբերտ Քոչարյանին, նույն Հովիկ Աբրահամյանին, կամ Գագիկ Ծառուկյանին. նրանք շատ արագ խորհրդարանում մի այնպիսի մեծամասնություն կձեւավորեն, որը միանգամայն կառավարելի կլինի իրենց համար: Այս պայմաններում Սերժ Սարգսյանը առաջին դեմքից ավտոմատ կհայտնվի անգլիական թագուհու կարգավիճակում, որովհետեւ` Սահմանադրության համաձայն, նախագահը վարչապետին կարող է պաշտոնանկ անել միայն Ազգային ժողովի միջոցով: Իսկ եթե վարչապետը ԱԺ-ում պինդ հենարան ունենա, կարող է գրողի ծոցը ուղարկել երկրի թիվ մեկ դեմքին, եթե, իհարկե, երկրի թիվ մեկ դեմքը ոչ լեգիտիմ է, կոռումպացված, եւ բռնազավթել է իշխանությունը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է` «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները մտադիր են որոշ ժամանակով դադարեցնել իրենց ակցիաները, որովհետեւ կարծում են, որ վերջերս իրենց գործադուլը սկսել է շահարկվել քաղաքական նպատակներով: Ավելի կոնկրետ` նրանք հայտարարում են, թե իրենք մարտի 1-ի (այլ կերպ ասած, Հայ ազգային կոնգրեսի գլխավորած շարժման) հետ կապ չունեն, ու հիմա մտադիր են սպասել, որ մարտի 1-ը անցնի, որպեսզի հետո շարունակեն իրենց ակցիան: Լավ, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում, բայց ինչո՞ւ է առեւտրականներին թվում, թե այդ հանրահավաքի հաջողությունն իրենց մասնակցել-չմասնակցելուց է կախված: Եվ ընդհանրապես, այդ ի՞նչ սկզբունքայնություն է. հարկերը մեղմեք, թե չէ ընդդիմադիր կդառնանք, բայց առայժմ, որպես «բարի կամքի արտահայտություն», չենք ցանկանում, որ մեր շարժումն ընդդիմության կողմից շահարկվի»: «Դե գնացեք ու այդպես «չշահարկված» էլ մնացեք», - մաղթում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երկու օր առաջ Հայ ազգային կոնգրեսը մի ուշագրավ փաստաթուղթ դրեց շրջանառության մեջ, որտեղ ըստ էության երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր տեսլականն էր ներկայացված: «100 քայլ» կոչվող այդ աշխատությունում բավականին ուշագրավ առաջարկներ ու դիտարկումներ կան, որոնք մի կողմից ՀԱԿ-ի ծրագիր-առաջարկն են, այսպես կոչված, իշխանության գալու պլատֆորմը, որը ընտրությունների բուն փուլից դեռ շատ առաջ ներկայացնում են հանրությանը` ի տես այն բանի, որ իրենք կարող են երկրում վճռորոշ փոփոխություններ իրականացնել: Մյուս կողմից` կարելի է ասել, որ փաստաթուղթը յուրօրինակ «շպարգալկա» է գործող իշխանությունների համար, որոնք կարող են անվճար օգտվել եւ փոփոխություններ իրականացնել երկրում: Այդ փաստաթղթի հրապարակումից հետո, թվում է, պետք է երկրում բուռն բանավեճ սկսվեր: Բանավեճի իսպառ բացակայությունը մեր հասարակական-քաղաքական կյանքից վկայում է այն մասին, որ այսօր տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց հետաքրքրում է ոչ թե այս երկրի ներկան ու ապագան, ոչ թե տնտեսության զարգացումն ու պետության առաջընթացը, այլ իրենց գրպանը, աթոռը եւ կերակրատաշտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG