Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, եւ որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում են անվտանգության նույն համակարգում, եւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահի տարածաշրջանային այս այցը հնարավորություն կտա առավել մոտիկից եւ հանգամանորեն ծանոթանալու առկա խնդիրներին եւ ներդրում ունենալու այդ խնդիրների լուծման հարցում։

Կանատ Սաուդաբաեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ԵԱՀԿ-ի նախագահության ժամանակահատվածում Ղազախստանի առաջնահերթությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով կազմակերպելու մտադրության մասին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ղազախստանի արտգործնախարարը ասել է, որ իրենք գիտակցում են, որ կարճ ժամանակում դժվար է լուծել տարիներով ձգձգված հակամարտությունները, սակայն Ղազախստանն իր նախագահության ընթացքում կփորձի օգտակար լինել Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Կանատ Սաուդաբաեւը հավելել է, որ հակամարտության լուծման ճանապարհին կարևոր քայլ կարող է լինել դիպուկահարների հետքաշումը շփման գծում, ինչի ուղղությամբ ԵԱՀԿ-ն կգործադրի իր ողջ կարողությունները:

Այսօր ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG