Մատչելիության հղումներ

Փետրվարի 9-ի մամուլ


«Ժամանակ»-ը հարցնում է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, թե նա ինչպես է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի Մեծ Բրիտանիա այցելությունը, ի՞նչ խնդիրներ կարող է այդ այցը լուծել։ Սաֆարյանը պատասխանում է. - «Չպետք է մոռանալ, որ արդեն տեւական շրջան է, որ Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պաշտպանության ապահովման առումով բնական ընդհանուր շահ է առաջացել։ Հայաստանը շահագրգռված չէ պատերազմի վերսկսմամբ, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները նույնքան մտահոգիչ են Մեծ Բրիտանիայի համար, որքան՝ Հայաստանի։ Նկատի ունենալով տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի մեծ ներդրումները՝ հատկապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում, ինչպես նաեւ Կասպիական ավազանի նավթագազաբեր ընդերքը շահագործելու համար վերջին շրջանում ստորագրված մի շարք համաձայնագրերը, նա ոչ միայն շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, այլեւ Ղարաբաղի խնդրում առնվազն ստատուս քվոյի պահպանույան հարցում եւ մտահոգված է վերջին շրջանում տեղի ունեցողից եւ պատերազմի վտանգի մասին բարձրաձայնումներից»։

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ամալյանի հանձնաժողովը [ՀՌԱՀ-ը] «Ա1+»-ը փակելուց հետո պարապ էր մնացել. Ժամանակ առ ժամանակ «մրցույթներ» էին անցկացնում, որոնց արդյունքում «հաղթում» էին նրանք, ովքեր եւ պետք է «հաղթեին», քանի որ իրենց դրսեւորում էին որպես միանգամայն «պատասխանատու» հեռուստաընկերություններ եւ խորապես մտած էին ու մտած են իշխանությունների, մեղմ ասած, գրպանը։ Բացի «Ա1+»-ին եթե չթողնելուց՝ ամալյանականները չունեին եւ չունեն որեւէ գործառույթ։ Սակայն 8 տարի անգործ նստելն իրենց, կարծես թե, մի քիչ ձանձրացրեց, եւ նրանք որոշեցին նվիրվել ազգիս բարոյական դաստիարակության սուրբ գործին, մասնավորապես, որոշել, թե որտեղ է ավարտվում էրոտիկան եւ որտեղ սկսվում պոռնոգրաֆիան: Ի՞նչ է ավելի շատ վտանգավոր հասարակության առողջության համար: Ասենք, այս տարվա հունվարի 10-ին կայացած ընտրություններին իրական պատկերը ցույց չտալը, թե՞ պոռնոգրաֆիա ցույց տալը: Ինձ թվում է՝ առաջինը»:

«Հրապարակ»-ի խմբագիրը ուսումնասիրում է ուկրաինական ընտրությունների դասը Հայաստանի համար. - «Քանի՞ տասնամյակ պետք է անցնի, որ Հայաստանում գործող նախագահը 18 թեկնածուների մեջ զբաղեցնի 5-րդ տեղը, իսկ պայքարը գնա նախորդ ընտրություններում պարտություն կրած նախկին եւ գործող վարչապետների միջեւ: Եվ հաղթի ոչ թե գործողը, այլ նախկինը: Քանի՞ տասնամյակ է հարկավոր, որ միջազգային դիտորդները անվերապահորեն արձանագրեն, որ մեզանում ընտրությունները անցել են միջազգային չափանիշների խիստ պահպանմամբ՝ արդար, թափանցիկ եւ ազնիվ: Եթե անգամ իշխանության է գալիս ոչ այնքան դեմոկրատ եւ առաջադեմ մեկը, միեւնույն է՝ հաղթել է ժողովուրդը, հաղթել է ընտրողը, որի կամքն արձանագրվել է եւ ձայնը հասել է իր նպատակին: Ի վերջո, ընտրվել է հասարակության համակրանքն առավելապես վայելողը, եւ այդ հասարակությունը պետք է համոզվի, որ իր ընտրությունը սխալ է: Իսկ համոզվելու պարագայում առավել արժանի անձի ընտրելը ընդամենը ժամանակի հարց է»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ընդդիմադիր դաշտի նկարագիրն է տվել պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը (ՀՀԿ). - «Ընդհանրապես ՀԱԿ-ի ակտիվանալու հեռանկարը ինչ-որ նոր իմպուլսի հետեւանք է։ Նրանց գործողություններում ես որեւէ կառուցողական տարր, նպատակ չեմ տեսնում։ Դարձյալ կրկնվում են երկամյա վաղեմության կոչերը, սադրիչ ու անհանդուրժողական դրսեւորումները։ Մեր երկրում, բարեբախտաբար, միայն ՀԱԿ-ը չէ ընդդիմություն։ Դաշնակցության քննադատությունն ու պահանջները մեզ հասկանալի են, քանի որ պետության առաջընթացին նպաստող կառուցողական դրսեւորումներ են ունենում։ Եթե իշխանությունները չունեն իրենց յուրաքանչյուր քայլը քննադատող, բայցեւ նոր ու այլընտրանքային լուծումներ առաջարկող ընդդիմություն, շատ կարեւոր հարցեր լուծելու ժամանակ, ինչպիսիք են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները բնականոնացնելը կամ Արցախի հիմնախնդիրը կարգավորելը, սխալներից խուսափելն ավելի դժվար կլինի։ Դաշնակցության ձեռնարկած ակտիվ ընդդիմադիր գործողությունները նման շահարկումների առիթ չեն տալիս, իսկ ահա ՀԱԿ-ի յուրաքանչյուր ձեռնարկ անմիջականորեն Թուրքիայի միջոցով արձագանք է գտնում միջազգային կազմակերպություններում»։

lragir.am-ը գրում է. - «Հայաստանի քաղաքական դաշտում շրջանառվում է պառակտման հերթական պատմությունը` ՀՅԴ-Ժառանգություն «բաժանումը»: Եթե որեւէ կուսակցության կամ քաղաքական միավորման մոտ առաջանում է որեւէ խնդիր, ապա անմիջապես հրապարակ է նետվում պառակտելու փորձի մասին վարկածը, այդպիսով պատասխանատվությունը սեփական ուսերից դնելով իշխանության, կամ որոշ դեպքերում էլ Հայ ազգային կոնգրեսի վրա: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը չի կարողանում իր ներքին հարցերը լուծել, մի կողմը հրապարակ է նետում իշխանության, մյուս կողմը Հայ ազգային կոնգրեսի «պառակտիչ» գործողությունների վարկածը: Հնչակյանները չեն կարողանում իրենց հարցերը լուծել, կրկին, մի կողմը պաշտպանվում կամ արդարանում է իշխանության, մյուս կողմը Հայ ազգային կոնգրեսի «պառակտիչ» գործողությունների վարկածով: Հիմա էլ Դաշնակցության ու «Ժառանգության» գործակցության մասով է նույն խնդիրը: Իշխանությունն իհարկե հրեշտակ չէ, Հայ ազգային կոնգրեսն էլ բնականաբար ունի իր քաղաքական շահն ու նախընտրությունը այս կամ այն քաղաքական ուժի պարագայում, եւ բնականաբար, թե իշխանությունը, թե Հայ ազգային կոնգրեսը կանեն իրավիճակից օգտվելու տարբեր փորձեր, ուղղակի կամ անուղղակի, մեկը օգտվելով իշխանական լծակներից, մյուսն իր քաղաքական մեծ ազդեցությունից: Բայց, միեւնույն է, «պառակտման» խնդրի պատասխանատուն միայն այն ուժն է կամ այն ուժերը, որոնք հանդիսանում են բուն խնդրի կրողը»:

«Ազգ»-ը, հղում անելով թուրքական «Զաման» թերթին, տեղեկացնում է, որ երեկ Բուլղարիայի խորհրդարանը հավանություն չի տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին. - «ԱՏԱԿԱ կուսակցությունը խորհրդարանական հանձնաժողովում Թուրքիային առնչվող երեք առաջարկ է ներկայացրել: Կուսակցությունը Բուլղարիայի խորհրդարանին կոչ է արել Անկարայից նյութական հատուցում պահանջել Թրակիայից տեղահան արված բուլղարացիների համար, 1896-1913թթ. իրադարձությունները բուլղարական ժողովրդի հանդեպ Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանություն անվանել եւ ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը: Խորհրդարանը մերժել է բոլոր երեք առաջարկները` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թուրք-բուլղարական հարաբերությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG